seda harutynyan-2

Մինչև լույսը կբացվի

Մտքիս եկավ գրել մահվան մասին։ Շատ վատ ու մռայլ թեմա է։ Իսկ դու կարո՞ղ ես ասել, թե ինչ է մահը։ Լա՛վ, անցանք։

Ամեն օր մենք վիճում ենք, սիրահարվում, ատում, հիասթափվում, նոր շունչ առնում, և ամեն օր նոր մտքեր են ծագում հաջորդ օրվա համար։ Նոր պլաններ, նոր համարձակ քայլեր և այլն։ Իսկ դու երբևէ մտածե՞լ ես, որ կարող է առավոտյան չարթնանաս։ Գլուխս ամեն գիշեր լցված է այդ հիմար մտքերով, և նրանով, թե ինչ կլինի, եթե հաջորդ առավոտս չլինի։ Սարսափելի է։

Երբ կռվում եմ մեկի հետ, և այդ մեկը ինձ հարազատ մարդ է, գիշերը՝ քնելուց, մտածում եմ, իսկ եթե վաղը նա չլինի՞, կամ չլինեմ ե՞ս։ Եվ այդ միտքը գլխումս, որոշում եմ մի կողմ դնել հպարտություն կոչվածը, և ներողություն խնդրել հենց գիշերը, հենց այդ պահին։ Եվ կապ չունի` ես եմ մեղավոր եղել, թե դիմացինս, այդ բառը գրելուց կամ ասելուց հետո սիրտս թեթևանում է։
Հաճախ կարծում եմ, որ հաջորդ օրը արթնանալուս հույսերը ավելի մեծ են այն ժամանակ, երբ գիշերը աղոթում եմ։
Կար ժամանակ, երբ Աստծուց միայն պահանջում և խնդրում էի, իսկ հիմա ամեն գիշեր պատուհանի մոտ կանգնած նայում եմ երկնքին, և շուրթերս ինքնաբերաբար արտասանում են․շնորհակալ եմ։
Իսկ ինչի՞ համար եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ, որ արթնացա, տեսա ինձ շրջապատող հիասքանչ աշխարհը, ապրեցի և վայելեցի անգամ այսօրվա սպիտակ թերթիկիս վրայի սև բծերը։

Եկեք պատկերացնենք, որ կա մեկը, որ գրում է մանրամասնորեն մեր այդ օրվա բոլոր մտածածներն ու կատարածները։ Ու մի օր, շա՜տ տարիներ հետո, մեզ են հանձնելու այդ գիրքը։ Եկեք ապրենք այնպես, որ գիրքը կարդալու ընթացքում չամաչենք և չհիասթափվենք ինքներս մեզանից։ Իսկ եթե արդեն ինքներս մեր ձեռքով սևացրել ենք այդ էջերը, ի՞նչ ենք անելու։ Երբ գիրքը դեռ չնթերցած, այդքանը գիտակցում ենք, պետք է ուղղակի վեր կենալ, պատռել այդ գիրքը և սկսել նորից։ Այո՛, պատռել։
Շատերը վախենում են մահից, շատերը մահացածներից, իսկ ես վախենում եմ միայն հոգեվոր մահից։ Ի՞նչ է դա։ Ես չգիտեմ` դա ինչ է, բայց գիտեմ, որ այդ մահվան ժամանակ դու ապրում ես այնտեղ, որտեղ ապրել ես միշտ, միայն շուրջդ ամեն ինչ մութ է ու մռայլ։

Եկեք ապրենք մաքուր, ապրենք ազնիվ, քանի որ մենք չգիտենք` որն է լինելու մեր վերջին օրը։ Ապրենք այնպես, որ երկար, շատ երկար տարիներ մեզ հիշեն ու գովեն։ Եկեք ապրենք` կողմ դնելով հպարտություն, գոռոզություն, եսասիրություն ասվածները։ Եկեք ապրենք զգացումով, որ ապրում ենք վերջին անգամ։

Ինքս էլ ինձ չեմ հասկանում, բայց զգում եմ, որ դուք էլ խորհելու ժամանակ կունենաք և կկազմեք լավ ապրելու ձեր բանաձևը: