Lusine Manukyan bazmaghbyur

Իմ համով-հոտով տատիկ

Տատիկս, իմ լուսավորը…

-Լուսինե՛, տա՛ք հագնվիր՝ դուրս գալիս չմրսես, հա՛ց կեր՝ չվատանաս, դասերդ լա՛վ սովորիր…

Տատիկս ամեն օր այսպես է ինձ դպրոց ճանապարհում: Նա միշտ ինձ լավ խորհուրդներ է տալիս։ Հաճախ նրան հարցնում եմ. «Տատիկ, թոռնիկներիցդ ո՞ւմ ես ամենաշատը սիրում», ակնկալելով, որ պետք է ասի՝ Լուսինեին, բայց նա պատասխանում է. «Բալես, ո՞ր մատդ կտրեն, որ չցավա»։ Եվ ես ճիշտ հասկանում եմ նրան ու համամիտ եմ իր հետ։ Տատիկս արմատներով խութեցի է։ Նրա պապերը այնտեղից են գաղթել։ Մեր գյուղում շատ են Խութից գաղթածների սերունդները։ Եվ, ինչպես ասում են, ամեն մի տոհմ ունի իր առանձնահատկությունները, այսինքն՝ ինչ-որ մի բան մեծերից ժառանգել են, իմ տատն էլ երևի իր տոհմի լավագույն հատկանիշներն է ժառանգել։ Տատիկիս անունը Մարուսյա է, նա շատ ավանդապաշտ կին է։

Քանի որ աշուն էր,  մարդիկ բերքահավաք էին անում։ Իսկ ես ու տատիկս գնում էինք այգի, ու այնտեղից​ ընկույզ հավաքում։ Արդեն տատիկս շարել է ընկույզները, և պատրաստվում ենք սուջուխ թաթախել։ Ես սիրում եմ այն պահը, երբ արդեն կախում են սուջուխները, որ չորանա, մեկ էլ հանկարծ՝ ճը՜թ, ընկավ վրայի շփոթը։ Ու դա ամենահամեղ պահն է։ Նա պահածոներ էլ է փակում, և ես նրան սիրով օգնում եմ։

Տատիկս արդեն 73 տարեկան է, և կարող եմ ասել, որ մեծ աշխարհ եմ անցել նրա հետ։ Նա ինձ համար միշտ ամեն ինչ արել է, ու ես շնորհակալ եմ, որ ինքը կա։ Արդեն աշնան երեկոներ են, ես ու տատիկս նստում ենք պատուհանի մոտ, տաք թեյ ենք խմում ու նայում թախծոտ աշնանը։ Ուշադիր նայում ենք, թե տերևները մեկ առ մեկ ինչպես են պար գալով ընկնում ցած, իսկ ես գիրք եմ կարդում, տատիկս ուշադիր լսում է։ Ուզում եմ, որ տատիկիս կյանքում միշտ արևոտ գարուններ լինեն, նա արժանի է դրան։ Իմ համով-հոտով տատիկը: