elizabet harutyunyan

Եղվարդում ձյուն է գալու

Ձմռան առաջին ձյունը անշուշտ կարևոր իրադարձություն է, և այդ օրը պետք է լինես տանը: Այդ օրը վարագույրները չպիտի բացես և միայն քիթդ մեկ րոպեով պատուհանից դուրս հանես, համոզվելու համար, որ ձյուն է գալիս։ Այդ օրը պետք է ծածկոցի տակից դուրս չգաս, գիշերային հագուստդ չպետք է հանես և ոչ մի դեպքում լավ տեսք չպետք է ունենաս: Թեյը միշտ կողքիդ լինի և կատուդ էլ ուշադրություն չպահանջի։ Հենց այդ օրը պետք է սոցցանցեր չմտնես, ոչ թե մտնես ձյան մասին մյուսներին տեղեկացնելու համար, նկարվելու և կարճ՝ մի քանի վայրկյան տևողությամբ վիդեոներ նկարելու համար, որտեղ ձյան փաթիլները դանդաղ (կամ էլ արագ, ո՞վ գիտի) իջնում են ներքև, և բացվում է դիմացի տեսախցիկը, որտեղ քո թարթիչներին փաթիլներ են իջել։

Ախր, ձյունը այնքան անձնական է: Ամեն մեկը ձյան փաթիլները յուրովի է ընդունում թե ոչ, չգիտեմ, գիտեի, բայց հենց գրելուս պահին կասկածեցի։ Հանրայնացնելու փոխարեն լավ է միացնես ամենասիրելի ֆիլմդ և նայես, հնարավոր է կեսից քնես։ Երազումդ պետք է տեսնես այն մեկին, ով ցանկալի է, բայց անհասանելի։ Իմ դեպքում, դա ես եմ… Իմ ներսի Էլիզաբեթը, ում չեն կարող կոչել Էլիզա, Էլիզ, Լիզ, Լիզոկ, որովհետև նա դրանցից և ոչ մեկն էլ չէ։ Այն Էլիզաբեթը ով հասկանում է, որ այս աշխարհում որտեղ մեզ մեծացրել են, այնքան շատ է գարշելին, և այնքան քիչ է խաղաղությունը։ Որտեղ երեխայիդ ապագան կախված է քո դրամապանակի հաստությունից։
Տեսա՞ր՝ ինչպես առաջին ձյան փաթիլներից հասա մինչև մարդկանց փողից կախվածությունը։
Ասում են՝ չորեքշաբթի ձյուն է գալու, ու դու սովորականի պես արթնանալու ես ու դպրոց ես գնալու, այս իմ գրածները կարդալու ես և անցնես, քեզ համար ձյունը բնության սովորական երևույթ է, իսկ ինձ համար մարդու վարդագույն ակնոցները աչքերից գցողը։