Իմ հավատարիմ ընկերը

Լինում են պահեր, երբ դու ցանկանում ես առանձնանալ մարդկային շրջապատից, մի գողտրիկ անկյուն գտնել և միայնակ մնալ քո մտքերի հետ: Ես սովորաբար այդպես էի անում մինչ այն պահը, երբ իմ կյանքում շրջադարձ կատարվեց: Կատարվեց իմ ամենաբաղձալի երազանքներից մեկը, գուցե ոմանք սա կհամարեն անհեթեթ մի բան: Հայրս, որը անակնկալներ պատրաստելու մեծ վարպետ է, հենց ինքն էր այդ ամենի իրականացման հեղինակը: Մի օր նա ինձ նամակ ուղարկեց, որտեղ պարզապես մի նկար էր, իսկ նկարում մի ոսկեգույն կնճռոտ շուն: Ես էլ պարզապես մտածեցի, որ նա պատահաբար տեսել և նկարել է այդ շանը, իմանալով, որ ես շներ շատ եմ սիրում։

Մի քանի շաբաթ էր անցել, և նա պետք է արտերկրից ժամաներ Հայաստան։ Սրտատրոփ սպասում էի նրան, քանի որ շատ էի կարոտել: Ես իջա ներքև, որպեսզի օգնեմ իրերը բարձրացնել: Նա ասաց, որ մեքենայում էլի իրեր կան: Երբ ես բացեցի մեքենայի դուռը, նույն կնճռոտ շնիկը ցատկեց դուրս և սկսեց լիզել տաբատս, հետո գրկեց ինձ: Ես ուղղակի այնքան էի շփոթված, որ չգիտեի՝ այդ պահին լացել, թե ուրախանալ: Իմ կյանքում ամենասպասված պահերից մեկն էր երևի: Այդ օրվանից ես ամբողջ օրս անց եմ կացնում նրա հետ: Հա, մեկ էլ մոռացա ասել իմ հավատարիմ ընկերոջ անունը, նա Շեգգին է: Ես սկսեցի ավելի հետաքրքրվել նրա ցեղատեսակով: Նա շարփեյ ցեղատեսակի շուն է, բաց շագանակագույն մորթով, աչքերը նույնպես բաց գույնի են, ու շատ ծալքեր ունի։ Չինական ցեղատեսակի շներ են, ժամանակին եղել են որսորդական շներ: Ես ունեմ շատ խելացի շուն, չնայած նրան, որ հայրս նրան ռուսերենով էր վարժանքներ սովորեցրել, ես սկսեցի նրա հետ շփվել նաև հայերենով, չէ՞ որ նա արդեն Հայաստանում է ապրում: Նա հիմնականում ուտում և քնում է, որովհետև դեռ յոթ ամսեկան է: Բայց ես մեծ ուշադրությամբ հետևում եմ նրա ամեն մի շարժմանը: Երբ ես մոտենում եմ նրան, նա ուրախ սպասում է, թե երբ պետք է իրեն սիրեմ: Ես սիրում եմ նրա բարի հայացքը: Նա այնքան փափուկ մորթի ունի ու այնքան տաքուկ է: Մենք ամեն առավոտ և ամեն երեկո միասին գնում ենք զբոսանքի: Մեկ-մեկ նա այնքան արագ է քայլում, որ հազիվ եմ հասցնում իր հետևից։ Շեգգին շատ է սիրում փոքր երեխաներին: Մի օր տարա նրան ֆուտբոլի դաշտ, որ երեխաների հետ խաղա, և արդյունքում նույնիսկ ինքն էր գնդակի հետևից վազում ու փոխանցումներ անում:

Նա նաև սիրում է ճամփորդել: Մենք ընտանիքով ամռանը շատ ենք այցելում Հայաստանի տեսարժան վայրեր: Ամռանը մենք գնացինք նախ Սևանավանք: Շեգգին նույնպես բարձրացավ մեզ հետ այդ վանքը տեսնելու: Շատ զբոսաշրջիկներ կային այդտեղ, և բոլորը մոտենում և հարցնում էին ինձ՝ արդյոք կարելի՞ է նրա հետ նկարվել: Բնականաբար, ես մեծ հաճույքով բոլորին նկարում էի Շեգգիի հետ: Հետո գնացինք Գառնու հեթանոսական տաճար: Այստեղ նրա հետ նույնպես այնքան շատ մարդ նկարվեց, որ ես մի պահ մտածեցի՝ կարո՞ղ է Շեգգին հոլիվուդյան աստղ է: Նա իմ ամենասիրելի, անփոխարինելի ընկերներից է, որը միշտ հավատարիմ կմնա, ես նրան շատ-շատ եմ սիրում:

Ինչևէ, ես դեռ շատ բաներ կպատմեմ Շեգգիի արկածներից: