sona zakaryan

Բուլիինգ` հալածա՞նք

Աշխարհում ամենաքննարկվող խնդիրներից մեկը բուլիինգն է (bullying), որը որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ։

Բուլիինգը մի քանի տեսակներ ունի։ Այդ տեսակներից են` կիբեր բուլիինգը, ֆիզիկական բուլիինգը, վերբալ բուլիինգը և հարաբերական բուլիինգը։

Այսօր շատ պետություններում բուլիինգը մեծ խնդիր է համարվում, և մի շարք միջոցներ են ձեռնարկվում այն հնարավորինս կանխելու համար։

Եթե բուլիինգը տղաների շրջանում արտահայտվում է վերբալ (ծաղրելու միջոցով) և ֆիզիկական (հարվածելու և ծեծելու միջոցով), ապա աղջիկների շրջանում այն արտահայտվում է հարաբերական (այս միջոցով անձին փորձում են մեկուսացնել շրջապատից և կանխամտածված նրան բացառում են հասարակությունից) ձևով։

Բուլիինգը ամենաշատը տարածված է դպրոցներում։

Այս երևույթի մասին շատ է խոսվում ու քննարկվում տարբեր երկրներում, հատկապես՝ զարգացած պետություններում, օրինակ՝ ԱՄՆ-ում։ Եվ բնականաբար, այն հենց ԱՄՆ-ում էլ ամենաշատն է տարածված։

Բուլիինգի մասին, իհարկե, կարելի է անվերջ խոսել և բազում քննարկումներ անել, հատկապես ուրիշ պետությունների մակարդակով։

Բայց երբևէ մտածե՞լ եք, որ Հայաստանում այս երևույթը նույնպես շատ մեծ խնդիր է։ Մենք՝ հայերս, այս խնդրին այդքան էլ մեծ կարևորություն չենք տալիս, ինչը ցավալի է և բնականաբար ցավալի հետևանքներ է ունենում։

Հայաստանի շատ դպրոցներում բուլիինգը մեծ տարածում ունի։ Թույլերին ճնշելը և ինքնահաստատվելը կարծես դարձել է վատ սովորություն, որի «դեմն առնելը» բավականին դժվար է։ Տղաների մոտ այս երևույթը ավելի շատ է նկատվում, քան աղջիկների։

Շատ տղաներ սիրում են ճնշել իրենցից ֆիզիկապես թույլ կամ տարբերվող տղաների։ Այսպես ասած՝ իրենց «լավ տղայի» տեղ են դնում ու մի բան էլ հպարտանում դրանով։

Ասեմ՝ իմանաք, որ ձեր այդ պահվածքը «լավ տղայի» պահվածք չէ, այլ ուղղակի հոգով տկար, անմիտ ու դեռ չմեծացած մեկի պահվածք է։ Ձեզ ուղղակի պետք է մի փոքր մեծանալ ու մեկ էլ ամպերից ցած իջնել, որ ձեզ չերևակայեք՝ մտածելով, թե ձեզնից լավը չկա կամ ձեզնից տարբերվողները «վատն են»։

Վերջերս բուլիինգի դեպքի ականատես եղա, որը բավականին ազդեց ինձ վրա։ Ծանոթներից մեկի երեխան, որի ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան, հաճախում է հայկական դպրոց։ Բավականին անվստահ ու ամաչկոտ երեխա է, ինչի պատճառը, կարծում եմ, գուշակեցիք՝ ինչն է։ Օրերով դպրոց չէր գնում, և ծնողները չէին կարողանում հասկանալ՝ ինչու։ Հետո պարզվեց, որ դասընկերները, իմիջիայլոց, և՛ տղաները, և՛ աղջիկները, ճնշում են տղային՝ ծաղրում են, պիտակավորում։ Մի օր էլ հայրը նկատել էր, թե ինչպես են դասընկերները տղային ծեծում, իսկ նա չի կարողանում պաշտպանվել։ Սա իրոք սարսափելի է։ Արդյունքում տղան դառնում է ագրեսիվ, չի գնահատում ինքն իրեն ու շատ անվստահ է, ինչը իհարկե շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։

Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են ֆիզիկական թերություններ ունեցող, սոցիալապես անապահով վիճակում գտնվող, բնավորության գծերով մյուսներից տարբերվող, ինչպես նաև շատ հայրենադարձ երեխաներ։

Միջնակարգ դպրոցների աշակերտներին ավելի հեշտ է ճիշտ ուղղության վրա դնելը, քան ավագ դպրոցների աշակերտներին, քանի որ միջնակարգ դպրոցից է սկսվում աշակերտի մարդ տեսակի ձևավորումը։

Ավագ դպրոցում պատկերը մի փոքր այլ է, քանի որ այստեղ բուլիինգի պատճառը հասուն չլինելն ու երևույթներին անլուրջ վերաբերվելն է։ Եվ էլի պետք է նշեմ տղաներին, որովհետև այդ ոչ հասունությունը հենց նրանց մոտ եմ նկատել։ Տեսնում ես ավագ դպրոցում սովորող տղա՝ բավականին խոշոր, մորուքով, և մտածում, թե հասուն, խելացի մարդ կլինի, բայց հենց խոսում է, ամեն ինչ պարզ է դառնում։ Այնպես որ, արտաքին տեսքով երբեք չի որոշվում մարդու հասուն լինել կամ չլինելը։

Հասուն չլինելն էլ, կարծում եմ, դաստիարակությունից է գալիս։ Շատ ցավալի է, որ մեր շատ հայ ընտանիքներում երեխաներին չեն դաստիարակում այնպես, որ հետագայում նրանք հանդուրժող և կարեկցող լինեն։ Գուցե մտածեք, որ սրանք, այսպես ասած, փոքր բաներ են, բայց բուլիինգը սկսվում է հենց այսպիսի փոքր բաներից։ Հայաստանում բուլիինգը բավականին մեծ տարածում ունի, և այն հնարավորինս կանխելու համար պետք է անպայման միջոցներ ձեռնարկել, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել։