Meri Gevorgyan tavush

Իմ հերոս համաքաղաքացին

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը ծանր աղետ էր հայ ժողովրդի համար։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություն, կիրառել էր իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ապրիլի 3-ին առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարում, ինչի հետևանքով քաջաբար և հերոսաբար զոհվեցին 321-րդ տանկի անձնակազմը՝ Բենյամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը և Վլադիմիր Ալիխանյանը։

Վլադիմիր Ալիխանյան. բնությանն այդքան մոտ երիտասարդն արագորեն կարողանում էր շրջապատող մարդկանց դեպի իրեն տրամադրել, սիրում էր աշխատել ու հաճույքով ընտանիքին օգնում էր։ Սովորել է Դիլիջանի պետական քոլեջի տնտեսագիտության բաժնում։ Եղել է պարտաճանաչ ուսանող։

Վերջերս հյուրընկալվեցի Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքին։ Երբ ներս մտա, տիկին Աննան անմիջապես ցույց տվեց իր որդու նկարները, ամեն անգամ կրկնելով «մեռնեմ ջանի՜ն»։

Հյուրասենյակում անմիջապես աչքի ընկավ տիկին Աննայի խնամքով կահավորած պատվո անկյունը։ Լուսանկարից պայծառ ժպտում էր հերոսը։ Անկյունում շարված էին մեդալները, իսկ մի փոքր հեռվում դրված էր զինվորական համազգեստը։

20200613_160226~3

Սգով համակված այս տանը՝ հարազատների շրջապատում, քեզ կոտրված, հուսահատ չես զգում։ Զարմանալի զսպվածություն, արժանապատվություն, վեհություն կա նրանց վշտի մեջ։ Իսկ երբ սկսեցինք զրուցել, տիկին Աննան անմիջապես հուզվեց.

-Վալոդիկս ծնվել է Դիլիջանում, մանկուց շատ աշխատասեր է եղել, շփվում էր իրենից մեծ, տարիքով մարդկանց հետ։ Եռանդով մեկնել է ծառայության, շատ աշխույժ, ուրախ, երբեք չի բողոքել ծառայությունից։ Ծառայության ընթացքում սկսել է մտածել զինվորականի մասնագիտություն ընտրելու ուղղությամբ, բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր որոշել։ Դեպքի մասին իմացել ենք ապրիլի 4-ին՝ լուրերով, որ «ժեշտանչիկի» թոռը զոհվել է։ Դե, մեզ համար ցավալի, ծանր լուր էր մեր հերոս որդուն կորցնելը։

Թեպետ տիկին Աննան հուզված էր, սակայն իր որդու մասին մեծ ոգևորությամբ և հպարտությամբ էր պատմում։ Կարճ զրույցից հետո տեսա նաև տիկին Աննայի մյուս որդու զավակին, որը կրում է հորեղբոր՝ Վլադիմիրի անունը։ Փոքրիկ Վլադիմիրը այնքան կենսուրախ և ժպտադեմ էր, դիմագծերով նման էի մեր հերոսին։

20200613_161010~2