karen

Իմ հին գյուղի ամենաուրախ պատմությունը

Զրուցակիցս մեր հարևանուհի Ռոզա Հովհաննիսյանն է, որն իր ծննդավայրից` Զնաբերդից, ծնողների հետ գաղթել է 4 տարեկանում:

-Հիշո՞ւմ եք ձեր ծննդավայրը:

-Հիշում եմ: Ծնվել եմ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Զնաբերդ գյուղում և մինչև 4 տարեկանս ապրել եմ այնտեղ: Հետո տեղափոխվել ենք Ազիզբեկովի շրջանի Գյուլիստան գյուղ:

-Ավելի մանրամասն կարո՞ղ եք պատմել ձեր հին գյուղի մասին:

-Փոքր էի, շատ մանրամասներ չեմ հիշում, բայց կան բաներ, որ տպավորվել են հիշությանս մեջ: Մեր մանկապարտեզը, որտեղ հաճախել եմ… Հետո հիշում եմ մեր գյուղի տունը, երկու թթենիները, հիշում եմ մեր խաղողի այգին և այն խանութը, որտեղ մայրս էր աշխատում: Գյուղը շատ հարուստ բնություն ուներ, և շատ գեղեցիկ էր:

-Երբ տեղափոխվեցիք Գյուլիստան, կարոտո՞ւմ էիք ձեր հին բնակավայրը, տարբերությունը մե՞ծ էր:

-Հին ու նոր գյուղերի մեջ շատ տարբերություն կար: Հին գյուղում ծառերը շատ էին, իսկ այստեղ՝ Գյուլիստանում քիչ էին: Այնտեղ հատկապես շատ էին նշի, ընկույզի ծառերը, շատ խաղողի այգիներ կային: Հենց այդ այգիներն են տպավորվել հիշողությանս մեջ:

-Հե՞շտ հարմարվեցիք նոր պայմաններին:

-Ասացի, որ գյուղերը շատ տարբեր էին բնությամբ և կլիմայով: Ասացի նաև, որ հին գյուղում խաղողի այգիներ կային, իսկ նորում ուռենիներ են, ընկուզենիներ: Տներն ավելի փոքր էին: Ադրբեջանցիներով բնակեցված գյուղ է եղել Գյուլիստանը, հետո անվանվեց Նոր Ազնաբերդ, քանի որ բոլորս Զնաբերդից էինք եկել: Բայց այն տունը, որտեղ մենք տեղափոխվեցինք և ապրում էինք, արտաքին տեսքով շատ նման էր մեր հին տանը: Հնարավոր է, հենց դա էր պատճառը, որ հեշտ հարմարվեցինք:

-Իսկ գաղթը հիշո՞ւմ եք: Այդ մասին կպատմե՞ք: 

-1988 թվականի նոյեմբերի 22-ին ենք գաղթել Նոր Ազնաբերդ: Հիշում եմ, որ հանգիստ նստած ընթրում էինք, երբ մեր հարևանը շփոթված մտավ տուն ու զարմացած հարցրեց, թե ինչու ենք այդքան հանգիստ նստել, երբ գյուղում բոլորը գաղթում են: Սկսեցինք արագ հավաքել իրերը և մեր բարեկամի «Նիվա» մեքենայով տեղափոխվեցինք նոր գյուղ: Գիշեր էր, հավանաբար ճանապարհին քնել եմ ու շատ բան չեմ հիշում այդ օրվանից:

-Կա՞ ինչ-որ պատմություն, որը կցանկանայիք պատմել: 

-Մի պատմություն կա: Մի անգամ ծնողներս ինձ տարել էին հարսանիք, ես և մայրս շուտ վերադարձանք, հայրս մնաց այնտեղ: Մինչ մայրիկս զբաղված էր տնային գործերով, ես` ճանապարհը մի կերպ հիշելով, հետ վերադարձա հարսանքատուն: Հենց այն պահին ներս մտա, երբ հարսի պարն էր, բայց հարսը շատ տգեղ էր, ու ես` նրան տեսնելով սկսեցի ճչալ: Մայրիկս ու տատիս շատ էին անհանգստացել և ինչ որ կերպ պիտի շահեին նրանց սիրտը: Երկու ծաղկեփունջ գնեցինք ու գնացինք հյուր: Ամեն ինչ մոռացվեց: Իմ հին գյուղից մնացած ամենաուրախ պատմություններից էր սա: