Albina

Իմ Ձմեռ պապը

Ամեն տարի մեծ ուրախությամբ եմ սպասում Ամանորին, բայց այս տարի էլ ավելի մեծ ոգևորությամբ, որովհետև վերջապես կգա իմ «Ձմեռ պապիկը»: Երբ նա ինձ հետ է ապրել մի ամբողջ 15 տարի, ես չեմ հասկացել, որ իր հետ այդքան կապված եմ: Միշտ վիճում էի, ասում էի. «Երբ է գալու էն օրը, որ գնաս», բայց ընդամենը վայրկյաններ հետո զղջում էի ասածիս համար: Հիմա մի քիչ շուտ, դեկտեմբերի 27-ին, ոչ Ամանորի գիշերը, ես կտեսնեմ նրան: Իրականում այս տարի ինձ համար Ձմեռ պապ դարձավ իմ քույրիկը, ում անհամբեր սպասում եմ:

Օգոստոսի 29-ին ես մի վերջին անգամ տեսա նրան, ու նա գնաց: Այդ օրը ես Սիսիանում էի, և մասնակցում էի «Մանանայի» կազմակերպած դասընթացին: Աչքերս թաց մտա սենյակ, որտեղ հավաքվում էինք, և ինձ հարցրեցին, թե ինչ է պատահել, ինչում եմ լալիս:

-Ռուզանը՝ քույրիկը, գնաց Երևան, ուսանող է դարձել, դրա համար ա լացում,- բացատրեց Սոսեն:

Ես նրան հիշում եմ ամեն օր: Երբ գիտեմ, որ արդեն քիչ է մնացել, որ էլի պիտի սկսվեն մեր կռիվները, կարոտել եմ նույնիսկ դրանք: Կարոտել եմ մեր կռիվը համակարգչի համար.

-Ալբինա, 10:30 արդեն ֆեյսբուքում չլինես, պա՞րզ ա:

-Հա, Ռուզ, վայ ամեն օր էդ ես ասում:

-Դե նայի, ասամ` մի հատ էլ ասեմ:

Կռվում էինք, թե ով պետք է գնա ջրի:

-Երեխեք, տանը ջուր չկա,- ասում էր մայրիկս:

-Ռուզ, գնա բեր, էլի…

-Չէ, դու գնա: Էսօր քո հերթն ա:

Կարոտել եմ մեր դպրոց գնալը:

-Ալբինա, շատ պետք է սպասե՞մ:

-Արդեն կոշիկներս եմ հագնում: Քեզ ո՞վ ա է խնդրել` էսքան շուտ դուրս գաս, հլը ինձ էլ սպասես:

Ու հիմա ուրախ եմ, որ գոնե մի քանի օրով ես նորից կկռվեմ, ու ի տարբերություն իրական Ձմեռ պապիկի, իմ Ձմեռ պապը ինձ հետ կմնա ավելի շատ: