Ani avetisyan

Ես կարդում եմ քո նյութերը

Երբ կարդում եմ մյուս թղթակիցների նյութերն այն մասին, թե ինչ է իրենց համար 17.am-ն ու «Մանանան», չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինի ինձ հետ, եթե մի օր 17-ը չլինի: Ինչպե՞ս եմ փոխանցելու ձեզ այն, ինչ կա ներսումս:

Գիտե՞ք, երբևէ չէի պատկերացնի, որ մի օր «Մանանա» կենտրոնն ու 17-ը կդառնան, ոչ թե կյանքիս, այլ առօրյայիս մի մասը: Մինչև հիմա էլ չեմ պատկերացնում, թե ինչպես ստացվեց, որ ամեն օր, դասերից հետո սկսեցի կարդալ հասակակիցներիս նյութերը: Աստիճանաբար իմացա նաև, թե ո՞ր ժամերին են նյութերը տեղադրվում կայքում: Եվ հենց այդպես էլ՝ աստիճանաբար, սկսեցի ճանաչել հասակակիցներիս: Իմանալ, թե ի՞նչն է հուզում նրանց, թե ի՞նչ են սիրում և ի՞նչ չեն սիրում: Շատերին կճանաչեմ նաև, եթե դրսում հանդիպեմ, քանի որ նրանց դիմանկարները շատ լավն են: Ի դեպ՝ նման դեպքեր արդեն եղել են:

Իսկ հիմա, խոսքս քե՛զ եմ ուղղում, իմ ծանոթ ու անծանոթ ընկեր: Չգիտեմ՝ կարդացե՞լ ես նյութերս, գիտե՞ս ինձ, թե՞ ոչ, բայց հավատացած եղիր, որ ես քո նյութերից շատերը հաստատ կարդացել եմ: Իսկ եթե ակտիվ թղթակից ես, ուրեմն համոզված եղիր, որ եթե հանդիպելու առիթ ունենանք, ինձանից էլ կլսես 17-ի թղթակիցների ամենասիրելի տողերից մեկը.

-Դու էլ ես 17-ից, չէ՞: Նյութերդ կարդացել եմ: