Anna Andreasyan

Իմ ճանապարհին հանդիպող «սարսափները»

Սկսվեցին դասերը՝ իրենց հետ բերելով մի շարք դրական և բացասական երևույթներ: Այդ բացասական երևույթներից գլխավորը և ամենասարսափելին շներն են: Հիմա պարզաբանեմ:

Իմ դպրոց գնալու ճանապարհը բավական երկար է: Եվ այդ ընթացքում ես մի շարք դաժան փորձությունների միջով եմ անցնում: Ամբողջ ճանապարհին շներ են՝ մեկը մեկից մեծ ու սարսափելի: Բոլորն էլ արձակ ու առանց հսկողության: Գիտե՞ք` ինչն է զարմանալի, որ նրանք միշտ ինձ են հանդիպում, և ոչ նրանց, ովքեր նույնիսկ չեն նկատում իրենց շրջապատող հսկայական շներին: Ու հետո էլ, որ պատմում եմ՝ մի տեսակ չեն հավատում: Մտածում են` ես շներից վախենում եմ, դրա համար էլ փոքրիկ շունը գամփռ է երևում: Բայց դա այդպես չէ: Եվ չափազանց հաճելի է, երբ այդ չհավատացողներն էլ են նրանց հանդիպում ու վերջապես համաձայնում են ինձ հետ ու զարմանում են, թե ինչպես են մարդիկ նրանց կողքով անտարբեր անցնում:

Բայց ամենազարմանալին նրանց տերերի (եթե իհարկե այդպիսիները գոյություն ունեն) պահվածքն է: Նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց շների համար: Միայն մի բան են ասում.

-Չի կծում, մի վախեցի,- իհարկե, հավանական է, որ չեն կծում, բայց միայն տեսքներին նայելը հերիք է` սարսափելու համար:

Բնականաբար ձեր շունը ձեզ չի կծում, և դա միանգամայն նորմալ է, բայց դա չի նշանակում, որ այդ կանոնը բոլորի վրա է տարածվում: Մի բան էլ իրենք են զարմանում: Այնպիսի տպավորություն է, որ ես եմ նեղացրել այդ «խեղճ ու անմեղ» էակներին:

Հենց այսօր դպրոց գնալիս հանդիպեցի մի, մեղմ ասած, «հսկայի»: Փողոցում ոչ ոք չկար բացի ինձնից ու իրենից: Մենք քայլում էինք համընթաց, որոշակի հեռավորությամբ, ու նա անընդհատ ինձ էր նայում: Դե, պատկերացրեք իմ վիճակը: Նրա ամեն մի հայացքից մարմնովս դող էր անցնում: Այդ պահին ինձ թվում էր, թե երկրի երեսին էլ մարդ գոյություն չունի: Ու նրա հնարավոր հարձակման դեպքում՝ ինձ ոչ ոք օգնության հասնել չի կարող:

Վերջապես որոշ ժամանակ միասին գնալուց հետո՝ նա իր ճանապարհը շեղեց, և ես հանգիստ շունչ քաշեցի, բայց ոչ լիարժեք՝ նկատի ունենալով հնարավոր նոր շների հայտնվելու վտանգը: Մի քիչ քայլելուց հետո հանդիպեցի մարդկանց: Օ՜հ, ինչ ուրախություն՝ մարդիկ գոյություն ունեն:

Ահա այսպես է անցնում իմ ամենօրյա ճանապարհը տնից դպրոց և հակառակը:

Հ.Գ. Եվ հետաքրքիրն այն է, որ ես վախենում եմ իմ ամենասիրելի կենդանիներից: