karin eranosyan

Իմ մազերն արդեն շագանակագույն են

Ես տատիս հիշում եմ: Ինձ էլ եմ հիշում՝ փոքր տարիքում: Տատս էլ մեր գյուղում չի ապրում, հիմա լրիվ ուրիշ գյուղում է: Էլ իր մշակած լոբիները չկան: Հիմա հորաքույրս է մշակում լոբիները:

Երբ դեռ մազերս լրիվ ոսկեգույն էին (հիմա մի փոքր մգացել են) միշտ տատիս հետ շուկա էի գնում, պանիր փորձելն էլ իմ սիրելի զբաղմունքն էր: Մի կտոր ինքն էր փորձում, մի կտոր էլ ինձ տալիս: Ինձ համար էլ միշտ թելիկներով պանիր էր գնում (իսկ ինձ համար մինչև հիմա էլ «փռչիկ» պանիր է):

Սիրում էի քայլել նրա հետ, ես միշտ խելոք էի, ոսկեգույն մազերս ուսերիս էին թափված, երբեք էլ չեմ սիրել պոչիկներ կապել: Լաց էի լինում, տատիկն ու պապիկն էլ մամային չէին թողնում, որ կապի:

Հետո սկսեցի գյուղ չգնալ, հիմա տարօրինակ է, որ շոգ ամռանը ես տանն եմ, բոլորի հետ բողոքում եմ շոգից, ես սովոր չէի այդ շոգին, մեր գյուղում հով է:

Հիմա դատարկ է տունը: Տատիկն ու պապիկը չկան: Պապիկը էլ չի գա, իսկ տատիկը ձմռանը կգա: Մի տեսակ սովորել եմ արդեն, պատահական չեմ հիշում ու լաց լինում բոլորից թաքուն: Կամ էլ տան սպասքն է փոխվել, էլ իրենց չի հիշեցնում, բայց «փռչիկ» պանիրը կա, համարյա միշտ կա:

Սպասում եմ տատիկը գա, որ միասին սուրճ խմենք, դպրոցից պատմեմ՝ ջղայնացած, բողոքեմ, որ նյարդայնացնում են ինձ, ինքն էլ միշտ ասի, որ պիտի բարի լինեմ, ես էլ նայեմ ծեր ձեռքերին ու ասեմ, որ ինքն իմ ամենասիրունն է:

Էլ չեմ շարունակում, աչքերս կկարմրեն, մաման կհասկանա, որ մի քիչ լաց եմ եղել: