margarita ghazaryan

«Ոչ» ասելու մասին

Մարդկային մի հատկանիշ կա, որը մեզնից շատերին տրված չէ։ Դա «ոչ» ասելու կարողությունն է, և խոսքը ամենևին էլ ամենօրյա հաղորդակցման մեջ «ոչ»-եր «շարելու» մասին չէ։ Օրինակ՝ դու կարողանո՞ւմ ես ասել «ոչ» այն ուտելիքին, որը չնայած նրան, որ շատ ես սիրում, անառողջ սնունդ է և կարող է քո առողջության վրա թողնել իր բացասական ազդեցությունը։ Կկարողանա՞ս ասել «ոչ» այն հեռուստասերիալին, որը քեզ անընդհատ պահում է լարվածության մեջ, ազդում է քո հոգեկան աշխարհի վրա։ Կարո՞ղ ես։

Եկել եմ ասելու, որ քո կյանքը բավականին կփոխվի այն օրվանից, երբ կկարողանաս ասել «ոչ» այն ամենին, ինչը քեզ պետք չէ։ Հիշեք ձեր տանը գտնվող այն առարկաները, որոնք երբեք չեք օգտագործում և տան մեջ ավելորդ տեղ են զբաղեցնում, բայց միևնույնն է, երբեք դեն չեք նետում, կամ էլ այն երգերը, որոնք դուք երբեք չեք լսում, բայց հեռախոսից ջնջել ևս չեք կարողանում։ Այսպես մենք վերաբերվում ենք նաև մեր մտքերի ու սովորությունների հետ, «ծանրաբեռնում» ենք մեր կյանքը՝ մոռանալով, որ «թարմացումների» կարիք ունենք նաև մենք։

Կար ժամանակ, երբ ես հաճախ սուրճ էի խմում, չեմ կարող ասել, թե սիրում էի։ Խմում էի ուղղակի, երևի զուտ նրա համար, որ շուրջս շատերն են խմում։ Բայց մի օր հասկացա, որ այն ինձ բացարձակ դուր չի գալիս, և այդ դեպքում խմելն ի՞նչ իմաստ ունի, հատկապես, որ գիտեմ՝ սուրճը եթե ինձ չվնասի, հաստատ չի էլ օգնի։ Եվ ես դադարեցի սուրճ խմել։ Գազավորված ըմպելիքների դեմ ևս սկսեցի պայքարել, հնարավորինս նվազեցրեցի դրանց օգտագործումը։ Փոխարենը՝ սկսեցի ավելի շատ խմել ջուր։ Վստահեցնում եմ՝ այն շատ ավելի օգտակար է։

Գիտե՞ք՝ առաջ միշտ տարբեր հեռուստասերիալներ էի նայում և այնպիսի ուշադրությամբ, որ ոչ մի սերիա բաց չէի թողնում։ Բայց կամաց-կամաց հասկացա, որ դա էլ ինձ պետք չէ։ Նախ՝ հեռուստատեսություններում շատ հազվադեպ են հանդիպում որակյալ և նայելու արժանի սերիալներ կամ հաղորդումներ, բացի դրանից էլ՝ վերջիններս անասելի չափով ազդեցություն են թողնում մեզ վրա, որը շատ հազվադեպ է դրական լինում։ Մենք գիտակցաբար, թե անգիտակցաբար մեր ուղեղը «ծանրաբեռնում» ենք ոչ պետքական ինֆորմացիայով, թույլ տալով, որ մեզ «կառավարեն»։ Իհարկե, այս ամենը փոխաբերական իմաստով։ Հուսամ՝ կհասկանաք ինձ։

Եվ այսպես, ես դադարեցի նայել հեռուստացույց, իսկ երբ ինչ-որ բան նայելու ցանկություն եմ ունենում, փնտրում և դիտում եմ ֆիլմեր, որոնց վրա ո՛չ շատ ժամանակ եմ վատնում, ո՛չ էլ այդքան լարված օրեր եմ անցկացնում, պարզապես մեկ կամ մի քանի ժամ առնչվում եմ որևէ պատմության հետ, որից հաստատ ինչ-որ դրական բան վերցնում եմ, իսկ եթե այն ինձ դուր չի գալիս, երբեք մինչև վերջ չեմ նայում։

Այսպիսով, ես ասացի «ոչ» սուրճին, գազավորված ըմպելիքներին, հեռուստացույցին՝ իր նույնաբովանդակ, հոգնեցնող սերիալներով ու հաղորդումներով, և ամենակարևորը՝ այն մարդկանց, ովքեր բացասական էին ազդում իմ կյանքի, մտածելակերպի և տրամադրության վրա։ Երևի ձեր շրջապատում էլ կլինեն այնպիսի մարդիկ, որոնց հետ շփումը ձեր կյանքում ավելորդ է, բայց դուք նրանց ներկայությանը չեք կարողանում «ոչ» ասել։ Այդպիսի մարդիկ շատ ավելի բացասաբար են ազդում մեզ վրա, քան սուրճը, գազավորված ըմպելիքները, ալկոհոլը, հեռուստատեսությունը և շատ այլ ոչ օգտակար առարկա/երևույթներ միասին վերցրած։

Բայց մեզ համար երբեմն այնքա՜ն դժվար է հրաժարվել այն ամենից, ինչը դարձել է մեր առօրյայի մի մասը։ Օրինակ՝ աղջիկների մեծամասնությունը, հաճախ նույնիսկ լավ իմանալով, որ այդքան շատ դիմահարդարումը կարող է վաղաժամ ծերացման, դեմքին շուտ կնճիռներ առաջանալու պատճառ դառնալ, գրեթե ամեն օր դիմահարդարվում է։ Իսկ տղաների գերակշիռ մասը, գիտակցելով, որ ծխախոտը վնասակար է առողջության համար, միևնույնն է, շարունակում է ծխել։ Դե, կարծում եմ՝ նույնիսկ ավելորդ է խոսել ալկոհոլի մասին։

Իսկ վերջում ես չեմ ասի՝ սկսեք «ոչ» ասել ձեր ոչ պետքական սովորություններին, ուղղակի կբավարարվեմ այսքանով՝ ենթադրությունները թողնելով ձեզ։ Ժպտացե՛ք։