Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն էր

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի


Դաշնամուրը ինձ համար ամենակարևոր երաժշտական գործիքն էր: Երբ սովորում էի առաջին դասարանում, ստիպեցի ծնողներիս ինձ տանել երաժշտական դպրոց` դաշնամուրի դասերի: Իսկ նրանք ինձ ասում էին, որ դեռ շուտ է: Ես չէի համբերում, ուզում էի օր առաջ ոտք դնել երաժշտական դպրոց: Երկրորդ դասարանում ես ընդունվեցի երաժշտական դպրոց: Հաճախում էի մեծ հաճույքով: Երրորդ դասարանում, երբ դասերս շատացան, սկսեցի դժգոհել, որ չեմ հասցնում: Ու մեկ-մեկ էլ զղջում էի, որ երաժշտական դպրոց եմ գնում: Ծնողներս ինձ համոզում էին, որ սկսած գործը կիսատ չեն թողնում: Երաժշտական դպրոցի հինգերորդ դասարանում տնօրեն պարոն Բալոյանը կազմակերպեց մրցույթ-վիկտորինա, որին մասնակցում էին մարզի երաժշտական դպրոցների լավագույն սաները: Մասնակցեցի նաև ես: Վիկտորինային պատրաստվելու ժամանակ սկսեցի ավելի մոտիկից շփվել պարոն Բալոյանի հետ: Նա հիանալի երաժիշտ էր և շատ լավ ձայն ուներ: Երբ նա երգում էր, բոլորը հիացած նրան էին լսում: Նա նաև մեծ հումորի զգացում ուներ, և մեր պարապմունքները շատ ուրախ էին անցնում:

Մրցույթում հաղթեց մեր երաժշտական դպրոցը: Պարոն Բալոյանը հպարտ էր մեզանով: Ես էլ սկսեցի ավելի հաճույքով հաճախել երաժշտական դպրոց: Մեծ սիրով էի սովորում, նվագում էի բարդ դասեր և պարոն Բալոյանի և ուսուցիչների համաձայնությամբ հիգերորդ դասարանից անցա յոթերորդ դասարան: Իմ դասերին հաճախ էր ներկա լինում պարոն Բալոյանը, օգտակար խորհուրդներ էր տալիս, ստիպում էր, որ ես ավելի շատ աշխատեմ: Իսկ հերթական մրցութ-վիկտորինային կրկին հաղթեց մեր երաժշտական դպրոցը: Պարոն Բալոյանը ստիպում էր բոլորիս զգալ երաժշտությունը, ապրել դրանով, ոգեշնչվել…

Եկան ավարտական քննությունները: Հաջող հանձնեցի սոլֆեջիոյի և երաժշտական գրականության քննությունները: Մասնագիտական քննությանը ես նվագում էի ինքնամոռաց, զգում և ապրում էի երաժշտությունը: Հերթով նվագեցի բոլոր հինգ դասերս: Երբ ուշքի եկա, տեսա, որ բոլոր ուսուցիչները ծափահարում են: Հետո սկսեցին հերթով մոտենալ և համբուրել ինձ, շնորհավորում էին, մեծ բարձունքներ մաղթում: Երբ ուզում էի դուրս գալ դահլիճից, պարոն Բալոյանը ասաց.
-Սպասի°ր, դու այսքանով չես ավարտում երաժշտական դպրոցը:
Մի պահ վախեցա, մտածեցի, որ շատ վատ եմ նվագել: Բայց պարոն Բալոյանը շարունակեց.
-Երաժշտական դպրոցը իմ հովանավորությամբ քեզ է ընձեռում մի բացառիկ հնարավորություն` շարունակել կրթությունը երաժշտական դպրոցում անվճար, հաճախել միայն մասնագիտական դասերի:
Նա սպասում էր իմ պատասխանին. ես համաձայնվեցի:

Օգոստոս ամիսն էր: Ինձ էր զանգել պարոն Բալոյանը, հարցնում էր, թե ինչպե±ս եմ հանգստացել, արդյո±ք չեմ փոխել որոշումս: Իմ դրական պատասխանից հետո նա ասաց, որ կհանդիպենք երաժշտական դպրոցում սեպտեմբերին: Այդ ժամանակ ես չէի էլ կասկածում, որ ես ընկեր Բալոյանի հետ խոսում եմ վերջին անգամ: Երբ գնացի երաժշտական դպրոց, բոլոր ուսուցիչները ուրախ դիմավորեցին ինձ, չկար միայն պարոն Բալոյանը: Ես իմացա, որ նա շատ լուրջ հիվանդ է: Ես շատ տխրեցի ու մի չարաբաստիկ օր առավոտյան իմացա, որ պարոն Բալոյանը մահացել է: Մի պահ աչքերիս առաջ երևացին այն յոթ տարիները, որոնք ես անցկացրել եմ երաժշտական դպրոցում`պարոն Բալոյանի հետ: Այլևս չդիմացա, դուրս եկա դասարանից, չգիտեի` ուր եմ գնում, քայլում էի միջանցքում լուռ, չէի լսում ի±նչ են ինձ ասում, ի±նչ են ինձնից հարցնում ուսուցիչները: Երբ ուշքի եկա` հասել էի երաժշտական դպրոց: Դպրոցը փակ էր…

Հավաքվեցինք աշակերտներով և գնացինք երաժշտական դպրոց` վերջին հրաժեշտը տալու մեր սիրելի ուսուցչին: Դպրոցում հնչում էին պարոն Բալոյանի կատարումները, այն երգերը, որոնք նա սիրով էր կատարում: Բոլորը սգում էին մեծ երաժշտի մահը: Նրա մահը մեծ կորուստ էր ոչ միայն երաժշտական դպրոցի, Եղեգնաձորի, Վայոց ձորի համար, այլ նաև ինձ համար:

Հիմա ամեն անգամ երաժշտական դպրոց հաճախելիս զգում եմ, որ այն մի տեսակ դատարկ է, անսովոր առանց պարոն Բալոյանի, առանց մեծ երաժշտի: Հենց նա իմ մեջ արթնացրեց մեծ սերը դեպի երաժշտությունը, հենց նա ստիպեց զգալ և ապրել երաժշտությունը, հենց նա էր իմ ուսուցիչը` իմ ոգեշնչման աղբյուրը: Հիմա հասկանում եմ, որ հիվանդության հետ պայքարի մեջ անգամ պարոն Բալոյանը չէր մոռացել ինձ: Թերևս նա ուզում էր, որ ես գնամ այն ճանապարհով, որը ժամանակին ինքն էր ընտրել իր համար…