astghik ghazaryan

Կաթիլ-կաթիլ մանկությունից

Ամենագեղեցիկ երաժշտությունը, որ լսել եմ կյանքում, անձրևի կաթկթոցն է տանիքի վրա և հատկապես այն ժամանակ, երբ նստած ես սարի օդայի (տնակ) լռության մեջ ու ամբողջ էությամբ սուզվում ես դրա մեջ:
Մանուկ ժամանակ հաճախ էի լինում սարում ու մինչև հիմա էլ սիրում եմ այնտեղի կյանքը: Սիրում եմ սարի հանգստությունը, անդորրը, լռությունն ու աղմուկը: Հիշում եմ` գրեթե ամեն գիշեր սարի տղաները դուրս էին գալիս օդաներից ու սկսում հարայհրոցը: Երբ առաջին անգամ ականատես և ունկնդիր եղա դրան, մի տեսակ սարսափ զգացի, բայց ինձ բացատրեցին, որ այդպես գայլերին են քշում: Դրանից հետո այդ «ծեսը» նույնիսկ զվարճալի թվաց ինձ:
Սարերում եմ տեսել ամենագեղեցիկ մայրամուտը. այդ ժամանակ եմ ես տեսել կյանքումս տեսած ամենամեծ արևը, չգիտեմ` պատճառը բարձրությունն էր, թե այն, որ ես էի շատ փոքր:
Սարում են ապրում տատիկս ու պապիկս, և թերևս սա է գլխավոր պատճառը, որ սիրում եմ սարում լինելը: Տատիկս ու պապիկս այնտեղ անասուն են պահում, պապս նաև մեղվաբուծությամբ է զբաղվում: Երբ փոքր էի, մորս հետ գնում էի նրանց մոտ ու շաբաթներով մնում, իսկ միջնեկ եղբայրս` Դավիթը, մեզնից մի շաբաթ շուտ էր գնում:
Հինգ տարեկան էի այն ժամանակ, երբ պատահեց այն դեպքը, որի մասին ուզում եմ պատմել:
Առաջին տարին էր, որ գնացել էի սար: Դավիթը ինձ ու մյուս եղբորս` Սարգսին, տարավ սարի «տեսարժան վայրերը» ցույց տալու: Զառիվերը բարձրանալով` հասանք մի տեղ, որը սարեցիները կոչում են Առյուծի քար: Վերադարձին Դավիթը մեզ խորհուրդ տվեց վազելով իջնել, որպեսզի շուտ տեղ հասնենք: Ինքը շատ հեշտությամբ վազելով մի րոպեում հասավ տեղ, մենք էլ հետևեցինք նրան: Բայց մի քանի քայլից հետո սկսեցինք գլորվել: Սարգսի բախտը բերեց. նրան բաժին էր ընկել հարթ ճանապարհ, իսկ ինձ` քարքարոտ: Երեսս ամբողջությամբ արյուն էր, և ամբողջ գիշեր չկարողացա քնել: Այդ օրը իր հետքը թողել է երեսիս վրա. հոնքիս վերևում նշմարվում է մի փոքրիկ սպի: Չնայած ցավոտ էր, բայց հիմա, երբ հիշում եմ, մտածում եմ, որ այդ ցավը փոքրիկ կաթիլներով ավելացնում է մանկությանս քաղցրությունը: