mariam nalbandyan

Իմ ու քո ազատության մասին

Հաստատ չեմ սխալվի, չէ՞, եթե ասեմ, որ դու յուրահատուկ բարձր ես գնահատում ազատությունը։ Դե, ոչ ոք էլ հաստատ իրեն ստրկության չէր վաճառի, բայց դու մի քիչ բոլորից շատ ու յուրահատուկ ձևով ես գնահատում ազատությունը։ Ես, օրինակ, մորս պատմելով, նորածին ժամանակներս բարուրից միշտ դուրս էի գալիս, մինչև օրս կիպ շորեր, նույնիսկ՝ ջինսեր չեմ կարողանում հագնել, որովհետև սահմանափակում են ազատությունս, քնելիս էլ, նույնիսկ ամենացուրտ ձմռանը, չեմ կարողանում հաստ վերմակ գցել վրաս, որովհետև ծանր է, չեմ կարողանում շարժվել ու ինձ անազատ եմ զգում։

Հետո, երբ մի քիչ մեծացա, տեսա որ նույն իմ ազգանունը ունեցող մի մարդ ինչ-որ սիրուն տողեր է գրել ազատության մասին։ Ավելի ուրախացա, ու ինձ ավելի ազատ զգացի։ Ինձ թվաց՝ էս աշխարհում ոչ ոքի համար էլ ազատությունը այնքան կարևոր չէ, ինչքան իմ։ Հետո էլի մեծացա, ու ավելի շատ մարդկանց հանդիպեցի։ Իսկ հիմա գիտեմ, որ յուրաքանչյուրն էլ իրեն ահավոր ազատ է համարում, իր չափ ազատ չկա, որովհետև ցանկացած մեկի հետ այդ թեման բացես՝ պատրաստ կլինի աչքերդ հանել՝ բացատրելով, որ դու սխալ ես հասկանում ազատությունը, այ ազատությունը, էդ իր ազատությունն է։ Հիմա արդեն գիտեմ, որ իմ՝ ազատությունը սիրելու մեջ ոչ մի յուրահատուկ բան չկա, բոլորն են էդպիսին։ Ես դա գոնե հասկացել եմ։

Դու բոլորին գոռում էիր, որ քեզնից ավելի ազատը չկա, որ քեզ համար քո ազատությունից ավելի կարևոր բան չկա, իսկ հիմա դու քեզ արդեն լրիվ ազատ չես համարում, որովհետև ընդամենը ձեռք ես բերել ընկերուհի։ Ասում ես՝ եթե ինչ-որ մեկի նկատմամբ զգացմունքներ ունես, արդեն լրիվ ազատ չես։

Դու քեզ ազատ ես համարում, որովհետև չես ամաչում փնթիության աստիճանի կարճ հագնել, ինչ-որ անկապ, անդուր սանրվածք անել ու քննարկել անձնական՝ խիստ անձնական թեմաները հանրության առաջ։

Ասե՞մ, թե ես ինչու եմ ինձ ազատ համարում։ Ազատ եմ համարում, որովհետև ես դրա վրա թքած ունեմ։ Լիքը բաներ այս կյանքում ինձ պարզապես մեկ են։ Նախորդ թվարկածս էլ։ Ինձ համար միևնույնն է, ինչ են քննարկում մարդիկ, ով ում ինչպես է վերաբերվում, մեր ամենօրյա ամենակարևոր նորությունների մեջ հայտնված ինֆորմացիայի ուղիղ 50 տոկոսը ինձ համար միևնույնն է։

Ինձ համար մեկ է, երկրի վարչապետը ում հետ հանդիպեց, ինչ արեց, որովհետև ես, քաղաքականությունից բան չհասկացող մարդ, ինձ պարտավոր չեմ զգում այժմ հետաքրքրվելու դրանով, որովհետև մի տարի առաջ ինչ-որ ցույցերի եմ մասնակցել։ Ես ինձ ազատ եմ համարում քաղաքականությունը չներառելու իմ հետաքրքրությունների մեջ, ու անտարբեր լինելու հիմա քաղաքական ամեն ինչի նկատմամբ։ Ու դա բացարձակ կապ չունի մի տարի առաջվա դեպքերի հետ։ Ես ինձ համարում եմ ազատ, որովհետև ճանաչածս մարդկանց մեծ մասի նման էդ դեպքերից հետո չեմ սկսել հետաքրքրվել դրանով։

Ես ինձ ազատ եմ համարում, որովհետև շանս ունեմ սպորտով զբաղվելու։

Եթե ուզում եք իմանալ՝ ինչ է իսկական ազատությունը ինձ համար, ու աշխարհում էլի հազարավոր մարդկանց, սկսեք սպորտով զբաղվել։ Զգացումը, որ դու անում ես դա, քեզ էնպիսի ուժ է տալիս, որ թվում է՝ քեզ էլ չեն կանգնեցնի։ Ոչ ոք այս աշխարհում էլ չի կարող կանգնեցնել քեզ։ Ոչ ոք չի կարող ազդել քո վրա, հունից հանել քեզ։ Որովհետև ամենալավ հանգստացնող միջոցն էլ է սպորտը։ Վազում ես, ու թվում է՝ եթե ուզես, հիմա ոտքով օվկիանոսի վրայով Կանադա կհասնես։ Ես, ընդհանրապես, սպորտից շատ հեռու մարդ էի, մի քանի ամիս առաջ եմ սկսել՝ կյանքում առաջին անգամ։ Իսկ հիմա կախվածության պես մի բան է, որովհետև փոքր սրահում, որտեղ հավաքվում են մի խումբ իրար հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ, ու իրար հետ ինչ-որ հավես վարժություններ են անում, մեռնում են ամենաչար մտքերը։ Ամենաչար բնավորությունները, ամենանյարդային ու անհանգիստ մտքերը։ Լավ տանջվելուց հետո եմ ինձ ազատ զգում, ոչ թե վերջին քննությունից դուրս գալուց։ Եվ ոչ էլ ավելի ազատ կզգամ, երբ համալսարանն ավարտեմ։ Որովհետև զոռով չեմ գնում։ Ու եթե խելքիս փչի՝ չեմ մտածի ու դուրս կգամ։ Ամենավերջին տարում, եթե միայն խելքիս փչի։

Իմ ազատությունը երբեք ոչ մի ընդհանուր բան չի ունենա քո ազատության հետ, ու դա չի նշանակում, որ մենք իրար հետ ընդհանուր բան չունենք։ Իմ ազատությունը ոչ մի ընդհանուր բան չունի մյուս 7 միլիարդ ազատությունների հետ, բայց ես կհարգեմ դրանք բոլորը։ Որովհետև կարևոր է, որ իմ ազատության սահմանները չհատվեն քո ազատության սահմանների հետ։ Իսկ էդպես չի լինի, եթե բոլորս մեր ազատությունը ունենանք մեր գլխում։