meri harutyunyan

Իմ պապիկները

Երեկ Մեծ հաղթանակի տոնն էր: Մեր երկրում կրկնակի տոն էր, քանի որ մենք նշում էինք նաև Շուշիի ազատագրումը: Ցավոք, մեր շարքերում Մեծ Հայրենականի վետերաններից շատ քիչ են մնացել: Նրանց սխրանքների ու հերոսությունների մասին մենք իմանում ենք մեր մեծերից:

Իմ ծնողների պապիկները նույնպես մասնակցել են այդ պատերազմին և փառքով վերադարձել իրենց տները, ամուսնացել, ունեցել զավակներ: Ես նրանց հետնորդն եմ, ու քանի որ այժմ նրանք չկան, որոշեցի մեծերից իմանալ նրանց մասին:

Մայրիկիս պապիկի անունը Վելիխան է եղել: Ընտանիքում 14 երեխաներից տասը մահացել են: Նրա մեծ եղբորը տանում են ռազմաճակատ: Նա 16 տարեկան հասակում, եղբորը գտնելու ակնկալիքով, 1942թ կամավոր է գրվել և գաղտնի մեկնել կռիվ: Վելիխանը եղել է հետախույզ: Նա ծառայել է Գերմանիայում: Նրա մայրն անընդհատ սպասել է լուրի: Շուտով ստանում են մեծ որդու «սև» թուղթը:

Վելիխանը պատմել է, թե ինչպես մի անգամ հետախուզության ժամանակ գիշերով պատսպարվել է մի կիսաքանդ շինութան մեջ: Ամենուրեք լսվում էին արկերի ու ականների պայթյունները: Հանկարծ վերևից մի կոշտ բան է ընկնում նրա վրա: Նա վախեցել է ու չի իմացել ինչ է դա և ինչ անի: Լուսադեմին, պատմել է նա, զարմանքից քարացել է, երբ տեսել է, թե ինչ իր է եղել իր մոտ: «Նարեկացի»…. Օտար երկրում, պատերազմի դաշտում գտնել հայերեն տառերով տպագրված Սուրբ Գիրք: Նա այդ գիրքը իր մոտ է պահել ողջ կռվի ընթացքում և իր հետ բերել իր տուն:

Վելիխան պապիկը իր ծառայության ժամանակ կատարել է բազում սխրանքներ, նույնիսկ վիրավոր վիճակում օգնել է տեղափոխվել իր վիրավոր ընկերներին, բազմիցս անգամ վիրավորվել է, արկերի պայթյունից խլացել, արժանացել բազում մեդալների ու շքանշանների… Բայց եղբորը գտնելու հույսը չի կորցրել, որի ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնացել…

Մյուս պապիկիս անունը Վաչագան է եղել: Նա մասնակցել է նաև Ֆինլանդիայի պատերազմին: Նա նույնպես վիրավորվել է, թշնամու գնդակից կորցրել է իր աչքը, գերի է ընկել, բայց կարողացել է դիմակայել և հասել բաղձալի հաղթանակին: Նրա ամբողջ մարմինը լիքն է եղել արկերի բեկորներով, որոնք նրան մինչև խոր ծերություն հիշեցնում էին պատերազմի մասին:

Այսօր նրանք մեզ հետ չեն: Հիշում ենք ու հպարտանում… Հավերժ փառք ու պատիվ ձեզ, իմ պապիկներ…