Մերի Հարությունյանի բոլոր հրապարակումները

meri harutyunyan

Իմ պապիկները

Երեկ Մեծ հաղթանակի տոնն էր: Մեր երկրում կրկնակի տոն էր, քանի որ մենք նշում էինք նաև Շուշիի ազատագրումը: Ցավոք, մեր շարքերում Մեծ Հայրենականի վետերաններից շատ քիչ են մնացել: Նրանց սխրանքների ու հերոսությունների մասին մենք իմանում ենք մեր մեծերից:

Իմ ծնողների պապիկները նույնպես մասնակցել են այդ պատերազմին և փառքով վերադարձել իրենց տները, ամուսնացել, ունեցել զավակներ: Ես նրանց հետնորդն եմ, ու քանի որ այժմ նրանք չկան, որոշեցի մեծերից իմանալ նրանց մասին:

Մայրիկիս պապիկի անունը Վելիխան է եղել: Ընտանիքում 14 երեխաներից տասը մահացել են: Նրա մեծ եղբորը տանում են ռազմաճակատ: Նա 16 տարեկան հասակում, եղբորը գտնելու ակնկալիքով, 1942թ կամավոր է գրվել և գաղտնի մեկնել կռիվ: Վելիխանը եղել է հետախույզ: Նա ծառայել է Գերմանիայում: Նրա մայրն անընդհատ սպասել է լուրի: Շուտով ստանում են մեծ որդու «սև» թուղթը:

Վելիխանը պատմել է, թե ինչպես մի անգամ հետախուզության ժամանակ գիշերով պատսպարվել է մի կիսաքանդ շինութան մեջ: Ամենուրեք լսվում էին արկերի ու ականների պայթյունները: Հանկարծ վերևից մի կոշտ բան է ընկնում նրա վրա: Նա վախեցել է ու չի իմացել ինչ է դա և ինչ անի: Լուսադեմին, պատմել է նա, զարմանքից քարացել է, երբ տեսել է, թե ինչ իր է եղել իր մոտ: «Նարեկացի»…. Օտար երկրում, պատերազմի դաշտում գտնել հայերեն տառերով տպագրված Սուրբ Գիրք: Նա այդ գիրքը իր մոտ է պահել ողջ կռվի ընթացքում և իր հետ բերել իր տուն:

Վելիխան պապիկը իր ծառայության ժամանակ կատարել է բազում սխրանքներ, նույնիսկ վիրավոր վիճակում օգնել է տեղափոխվել իր վիրավոր ընկերներին, բազմիցս անգամ վիրավորվել է, արկերի պայթյունից խլացել, արժանացել բազում մեդալների ու շքանշանների… Բայց եղբորը գտնելու հույսը չի կորցրել, որի ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնացել…

Մյուս պապիկիս անունը Վաչագան է եղել: Նա մասնակցել է նաև Ֆինլանդիայի պատերազմին: Նա նույնպես վիրավորվել է, թշնամու գնդակից կորցրել է իր աչքը, գերի է ընկել, բայց կարողացել է դիմակայել և հասել բաղձալի հաղթանակին: Նրա ամբողջ մարմինը լիքն է եղել արկերի բեկորներով, որոնք նրան մինչև խոր ծերություն հիշեցնում էին պատերազմի մասին:

Այսօր նրանք մեզ հետ չեն: Հիշում ենք ու հպարտանում… Հավերժ փառք ու պատիվ ձեզ, իմ պապիկներ…

meri harutyunyan

Գյուղս

Երկրաշարժը, շրջափակումը և Արցախյան շարժումը մեծ վնասներ են հասցրել մեր երկրի տնտեսությանը: Բազմաթիվ գործարաններ, արտադրամասեր, հիմնարկ-ձեռնարկություններ դադարեցին աշխատել և սկսեցին քարուքանդ լինել, փակվել: Մեր գյուղում՝ Գուսանագյուղում էլ է նախկինում եղել կարի արտադրամաս: Ասում են, որ ժամանակին այստեղ աշխատել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք ոչ բոլորն էին մեր գյուղից. այստեղ էին գալիս նաև հարակից գյուղերից: Արտադրանքն այնքան պահանջարկ է ունեցել, որ աշխատել են հերթափոխով:

Մեր տանը մինչև հիմա կա իմ տատիկի կարած մանկական գոգնոցը: Նա այն կարել էր ազատ ժամերին՝ թոռների համար: Տատիկս ունի փոքրիկ տոպրակ, որի մեջ խնամքով պահում է իր գործարանը հիշեցնող գույնզգույն թելերն ու կոճակները:

Այժմ մեր գյուղում չկա կարի արտադրամաս: Եվ ոչ միայն: Ժամանակին մեր գյուղի կանանց թխած լավաշ հացը հայտնի ու պահանջված է եղել: Երբ գյուղում թոնիր է վառվում ու հաց են թխում, անուշաբույր հացի հոտը տարածվում է ամենուրեք: Բայց դա հազվադեպ է պատահում: Մեր գյուղի կանայք կարող էին նաև հացի արտադրամասում աշխատեր, եթե իհարկե լիներ:

Չկա աշխատանքի վայր, որտեղ մարդիկ կկարողանային աշխատել և արժանվույնս վարձատրվել: Նրանք կատարում են զանազան գյուղական դժվարին աշխատանքներ:

Ես կուզենայի, որ մեր գյուղում բացվեր կարի կամ թխվածքի արտադրամաս, որ իմ գյուղի կանայք էլ ունենային աշխատանք, ու նրանց ձեռքերը չկոշտանային զանազան դժվար աշխատանքներից, որոնք անելուց հետո էլ ծայրը ծայրին չեն հասցնում:
Հույսով ու լավատեսությամբ կսպասեմ այն օրվան, որ մի օր կծաղկի գյուղս:

meri harutyunyan

Կռվախնձորենին

Ուզում եմ պատմել ձեզ մի պատմություն, որը հիշողությանս մեջ մնացել է մանկությունից և մինչ օրս դուրս չի գալիս: Փոքր ժամանակ ընկերություն էի անում մեր բարեկամի երեխաների հետ: Նրանք հաճախ հյուր էին գալիս մեր տուն: Օրերս շատ լավ էին անցնում ընկերներիս հետ: Մենք անվերջ խաղում էինք, զբոսնում, մեր ծռմռված դույլերով փորձում փոքրիկ առվակից ձկնիկներ բռնել: Բայց…

Ամեն առավոտ արթնանում էի կռվի ձայներից: Պարզվեց, որ կան երկու կռվարար հարևաններ, ովքեր ապրում էին կողք կողքի: Նրանց ես անվանեցի պարոն Չար և պարոն Կռվարար: Երկուսն էլ այգեպաններ էին և երկուսն էլ ունեին եդեմական այգիներ: Երկու այգիների սահմանները որոշելու համար կամ պատահմամբ՝ այգիների սահմանագլխին կար մի մեծ խնձորենի: Ասում էին, թե խնձորենին ամեն տարի առատ բերք է տալիս, ու այն դարձել էր հարևանների կռվախնձորը: Պարոն Չարը փորձում էր արագ ու ագահաբար հավաքել խնձորները: Պարոն Կռվարարը անընդհատ վիճում էր, ամեն կերպ փորձում ապացուցել, որ խնձորները պատկանում են երկուսին՝ հավասարաչափ: Եվ ամեն վեճի ժամանակ հարևաններից ոմանք խառնվում էին խոսակցությանն՝ ասելով. «Ա՛յ մարդ, ամոթ է, դե վերջացրեք»:

Տարիներ անց ես կրկին իմ բարեկամի տանն էի: Շուրջս ամեն ինչ փոխվել էր: Մրգատու ծառներն ավելի էին փարթամացել: Առաջ քայլեցի, դիմացս ինձ ու ձեզ արդեն ծանոթ հարևանների այգին: Երևի արդեն կռահեցիք: Այո՛, «Կռվախնձոր խնձորենու» մոտ:

Ա՜յ, ափսո՜ս… Խնձորենուց մնացել էր միայն չորացած կոճղը: Երևի խնձորենին ինքն էր որոշել վերջ դնել կռվարար հարևանների անվերջանալի վեճին: