shushanik papazyan

«Իմ օրագրի անունը Կիտտի չէ»

Բարև, իմ սիրելի օրագիր,

ես նորից քեզ գրում եմ, որովհետև մի կարգին անելու բան չի մնացել։ Դու արդեն գիտես՝ ինձ որևէ մեկը չի խնդրել գրել ու ոչ էլ գովաբանել է, թե գրել գիտեմ։ Ուղղակի այս առավոտ մեջս այնպիսի ուժեղ զգացողություն էր, ասես համակերպվեցի, որ գլուխս դնելու տեղ չունեմ։ Կընդունե՞ս ինձ։ Շատ ասելու բան էլ չունեմ։

Ամանորը ընտանիքիս հետ դիմավորեցի ու հասցրի մի գիրք ավարտել (Զամյատինի «Ջհանդամում»-ը)։ Չգիտեմ, էդ ոնց է ստացվում, բայց ընտրածս գրքերը ինչ-որ բանով գլխիս են տալիս, ես էլ թիթիզանում ու մտածում եմ՝ վա՜յ, իսկը ես եմ հերոսը։

Իմ սիրելի օրագիր, գիտե՞ս, այս անգամը շատ տխուր ստացվեց։ Ինձ համար հանգիստ կարդում էի, մեկ էլ Իվանիչն ասում է. «Ինքս ինձ հետ՝ դեմ դիմաց մնալու ուժ չկա»։ Թիթիզություն կանեմ, բայց իսկն իմ մասին է։

Քաղաքում այս տարի ձմեռը շատ զզվելի ու ցուրտ է, դրսում մնալու ուժ չեմ ունենում, տանն էլ ուժերս հատում են ու անկողնուց չեմ կարողնում վեր կենալ։ Իսկ անելիքներ շատ կան, ու ինձ թվում է, թե դրսում իմ կարևորությունը գնալով նվազում է։ Ի տարբերություն նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների, ես շատ քիչ եմ զբաղված, քնելու շատ ժամանակ ունեմ ու օրվա մեջ կարգին՝ երեքանգամյա սնունդ ընդունելու։ Մայրս ասում է, որ արդեն ժամանակն է ինձ հետևելու՝ նախորդ 4 ամիսների ընթացքում կարգին հոգնել եմ։ Գիտե՞ս՝ չեմ ուզում գրել նախորդ ամիսների մասին։ Չնայած չէր խանգարի մի երկու բանով կիսվելը։

Նախքան որևէ բան պատմել սկսելը, ուզում եմ քո էջերում թողնել նախորդ գիշերների բոլոր վատ երազները, որ նստել են շնչիս ու փախցնում են քունս։

Իմ սիրելի օրագիր, զգացողություն ունեի, որ եթե չպատմեմ որևէ մեկին անքուն գիշերներիս մասին, դրանք կկորչեն։ Արդեն մի քանի ամիս է, ես նորմալ չեմ քնել, ու օրերս ինձ ասացին, թե տեսքս շատ վատ է՝ աչքերս սովորականից ուռած են ու գույնն էլ կարծես կապույտին է տալիս։ Ես անընդհատ լսում եմ ինքնախնամքի մասին, բայց ուշքի գալ չի ստացվում։ Հիմա ժամանակներ են, երբ գիտակցում եմ ՝ վաղն այսօրվանից ավելի ցավոտ կարող է լինել։ Ու գիտե՞ս վատը որն է, որ հենց այդպես էլ պատահում է։ Չի կարելի ասել, թե համակերպվել եմ, որովհետև ամեն օրվա հետ կորստի ու ցավի նոր կետեր են բացվում մարմնիս վրա, ու ես զարմանում եմ։

Իմ սիրելի օրագիր, ես չեմ կարող պատասխանել, թե սա ի՞նչ կյանք է, և ի՞նչ եմ անում դրա հետ ես։ Այս առավոտվա պես առավոտներին ես սովորականի պես խմում եմ մեկ բաժակ թեյ ու անցնում գործերիս։ Իսկ գիշերները մեկը մյուսից տարբերվում են։ Դրանք գալիս են,  և ուղեղիս ծալքերում թառում են անցած-գնացած օրերի տաք հիշողությունները։ Ցուրտ գիշերներին դեմքիս տաք արցունքներն են մաղվում։

Ես կարծեմ քեզ պատմել եմ, թե ինչպես պատերազմը սկսվելու պահից դարձա ընկեր Շուշանիկ, բայց հիմա դրա մասին չեմ ուզում գրել՝ շատ եմ խոսել։

Իմ սիրելի օրագիր, կներես, որ քո էջերին վերջերս գրում եմ միայն տխուր ու հիմար բաներից։ Ուզում եմ, որ ընդունես ինձ ու գուրգուրես։ Երբ փոքր էի, տատս մատները սահեցնում էի մազերիս միջով, ու աշխարհում ամեն փոթորիկ թափվում էր ականջներիցս, ու ես խաղաղվում էի։ Ինչի մասին էլ ուզում եմ գրել, գալիս ու կանգնում եմ լուսեղեն իր առաջ։ Չեմ թաքցնի, որ միակ անհարմարությունը, որի հետ չեմ համակերպվում, իր չլինելն է։

Իմ սիրելի օրագիր, ինձ մոտ չի ստացվում չգրելը պատերազմի մասին։ Այս առավոտվա պես առավոտներին, ուզում եմ գրոտել քո էջերն։ Ընդամենը ասա քեզ կարդացողներին, որ իմ միջի բոլոր կանայք հոգնել են։ Ու որքան էլ տհաճ է խոստովանելը, այս առավոտվա պես առավոտները ամենաիսկականն են թուլանալու համար։

Իմ սիրելի օրագիր, ինձնից չե՞ս նեղանա, եթե քո էջերին արտագրեմ 12 ամյա մի աղջնակի օրագրից, ում հետ ծանոթացա պատերազմի սկզբից։ Գիտե՞ս, երբ դասասենյակում էի (որը բնավ էլ դասասենյակ չէր եղել նախկինում՝ գրում էի իրերի պահարանի վրա, որպես գրատախտակ), իսկական ուժեղ աղջիկ էի ու թույլ չէի տալիս՝ տեսնել, որ ամենաշատն այդ պահին ուզում էի թեքվել բարի մեկի ուսին ու դատարկել արցունքներս։

Քեզ այսօր ուզում եմ ծանոթացնել Միրայի հետ, ով եկել է Հադրութից, իսկ այժմ վարձով բնակարանում է ընտանիքի հետ։ Իմ սիրելի օրագիր, ես չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց դասարանիս հետ արագ մտերմացա ու դարձա իսկական խորհրդատու՝ օգնելու կյանքի դաժանություններին դիմանալու։ Մի ծիծաղիր, դու միակն ես, որ գիտես՝ ինքս չեմ դիմանում, ուր մնաց` օգնեմ ուրիշին։ Ես քեզ գրում եմ ու մենակությունս կոտրվում է։ Իրենց համար էլ օրագրեր գնեցի ու դարձրի իսկական Աննա Ֆրանկներ։ Միրան էլ մեծ սիրով ընդունեց խնդրանքս՝ գրել ամեն օրը ժամանակավոր կացարանում։

Իմ սիրելի օրագիր, միակ լավ նորությունն այն է, որ այժմ դասարանիս օրագրերը վստահելի ձեռքերում են և սպասում են հրատարակման։ Բայց այս մասին ավելի ուշ կպատմեմ քեզ։ Ինչպես ես եմ քեզ գրում, այնպես էլ երեխաներս իրենց օրագրերին, ու գիտե՞ս, ինձ համար ամենազարմանալին այն էր, որ օրվա վերջում դրանք ինձ էին հանձնում։

Իմ սիրելի օրագիր, բանից պարզվում է, որ ես միակը չեմ, ով ամեն օր կարող է զգալ ցավի ու կորստի զզվելի զգացողությունը։ Բայց հասկանո՞ւմ ես մտահոգությունս՝ նա ընդամենը 12 տարեկան աղջնակ է։ Երբեմն թվում է, թե իր օրագրությունները կարդալու ուժ չունեմ, բայց ես եմ չէ՞ խնդրել։

«Դեկտեմբերի 14: Շուտով Նոր տարի է, և ես լսել եմ, որ Ամանորին բոլորի երազանքները կատարվում են։ Դե երևի դու արդեն գիտես, որ ես երազանք կպահեմ, որ պատերազմը վերջանա, և իմ հայրենիքը ինձ վերադառնա։ Այսօր ինձ համար ցավալի օր էր։ Չնայած այսօր բոլորով գնացել էինք Գյումրին տեսնելու։ Երբ դեռ գնում էինք, մեքենան կանգնեց, բայց բարձրանալիս մայրս կանչեց ինձ ու ասաց, որ պապիկս մահացել է։ Ես շատ տխրեցի, բայց մայրս ասում է, որ պապիկը մահացել է կորոնավիրուսից, բայց ես չեմ հավատում։ Իմ կարծիքով, նա ոչ թե կորոնայից է մահացել, այլ իր տան կարոտից։ Մինչև մահանալը նա հորս ասում էր՝ ինձ իմ տուն տարեք։ Մենք նրան չէինք կարողանում բացատրել, որ այլևս Հադրութ չկա. նա մեզ չէր լսում ու իր ուզածն էր կրկնում։ Ես շատ եմ սիրում իմ պապիկին, նա միշտ մեզ համար ամեն ինչ անում էր, մենք ոչ մի անգամ դժգոհ չէինք։ Բայց նա հիմա չկա, և ես դրանից ազդվում եմ։ Նա միշտ մորս ասում էր. եթե մահացա, երեխաներին լավ կնայես։ Երբ ուշ էինք տուն գնում, նա անհանգստանում էր։ Թեկուզ հիմա նա չկա, իր սրտում մենք միշտ կմնանք։Պապիկ, թող քո հոգին ճախրի երկնքում։ Գիտե՞ս՝ մայրս էլ է համաձայն, որ պապիկս կարոտից է մահացել։ (Նկարել է սրտիկ՝ Հադրութ, իմ ծննդավայր։ Մի քանի տեղ ընդգծել է գրածը, ես էլ արտագրելիս նույնությամբ կրկնել եմ)»:

Իմ սիրելի օրագիր, հասկանո՞ւմ ես, էս աշխարհում մի բան սխալ է, ինքն ընդամենը 12 տարեկան է։

Այստեղ ուզում եմ քեզ հրաժեշտ տալ, դեռ պատմելու շատ բաներ կան։ Խոստացիր ինձ, որ կընդունես ու կգուրգուրես ինձ, ինձ թվում է՝ սիրտս էլի կոտրված է։