zarine kirakosyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Զարինե Կիրակոսյան

2012 թվականի ամառն էր, 14 տարեկան էի, դպրոցից զանգեցին, մի քիչ կցկտուր բացատրեցին, որ Ճամբարակում դասընթացներ են լինելու լրագրության, լուսանկարչության, ես էլ կարող եմ մասնակցել, ու եթե համաձայն եմ, կզանգեն, կասեն` երբ, որտեղ: Ուրախացա շատ։ Հաջորդ օրը զանգեցին ու ասացին, որ առաջնորդության դպրոցին, որին դիմել էի, ընտրվել եմ որպես մասնակից ու երեք օրից պիտի գնամ ճամբար:

Գնացի ճամբար, հետ եկա, հետո իմացա, որ դասընթացները ավարտվել են, ու ես չեմ հասցրել մասնակցել: Մասնակից ընկերներս  ոգևորված պատմում էին, թե  ինչեր են արել, ես էլ մի քիչ բարի նախանձով լսում էի:

Անցավ 2 տարի: 2014 թվական ձմեռն էր, ցուրտ ձնառատ, դպրոցը լավ չէր ջեռուցվում,  իմացա, որ 17-ի ընկերներս դասերից հետո մնալու  էին,  որովհետև հաջորդ օրը ֆիլմ էին նկարելու: Մտածեցի` լավ առիթ է միանալու իրենց ու ծանոթանալու տիկին Ռուզանի ու պարոն Արայի հետ: Մոտեցա, իրենք էլ համաձայնեցին միանամ իրենց վաղը: Ուրախ գնացի տուն, վերցրի տատիկիս օրագիրը, լիքը ոգեշնչող բաներ կային մեջը,  մտածում էի հետաքրքիր նյութեր կդառնան: Ուրախ քնեցի, հետո արթնացա բարձր ջերմությամբ, դպրոց չգնացի  ու երկրորդ անգամ բաց թողեցի հնարավորությունը:

Տարիներն անցնում էին: Ես տեսնում էի ընկերներիս կյանքը  ոնց է զարդարում «Մանանան», ինչ հնարավորություններ է տալիս, իսկ ես գրում էի  ինչ-որ պատմվածքներ ու կարդում  քրոջս համար:

Անցավ մի  ամբողջ 7 տարի: Քրոջիցս բացի պատմություններս արդեն մեկ-մեկ գրքերում սկսեցին տպվել, ու մի օր տեսա նոր դասընթացների հայտը: Սկզբում ուրախացա, հետո ինձ սաստեցի, թե արդեն շատ մեծ ես, որ ամեն ինչ իր ժամանակն ունի:  Իմը անցել էր 17-ի համար:  Հետո հիշեցի, որ մի օր մեկն ինձ ասում էր, թե․ «եթե փոքր տարիքում հեծանիվ չես քշել, մեծ տարիքում ուզում ես պորշե քշիր, դրանից բան չի փոխվում: Մեկ է, դու հեծանիվ չես քշել»:

Ուշ լինի` նուշ լինի, մասնակցեցի դասընթացին, ծանոթացա բոլորի հետ, «հեծանիվս քշեցի», չիրականացած ցանկություններս կատարեցի,  հիմա էլ ձեզ գրում եմ Սլովակիայից, որտեղ իբրև տասնյոթցի եմ մասնակցում, ու որոշել եմ միշտ հեծանիվ վարել:

Շնորհավորում եմ 17-ի գաղափարը բոլոր իրենց մեջ կրողներին, ուրախ եմ, որ այն դեռ շատ դեռահասների է ցույց տալու աշխարհի մեծ ու սիրուն լինելը: