zaven abrahamyan

Իմ 2018-ը

Ավարտին է մոտենում 2018 թվականը: Անցնում է ևս մեկ տարի, և գրեթե բոլորը անհամբեր սպասում են հաջորդ տարվան: Մի քանի օր է, ինչ ամփոփում են այս տարին, ծանրութեթև անում և փորձում հասկանալ՝ ստացված տարի՞ էր, թե՞ ոչ:

Դեռ տարվա սկզբից նպատակ էի դրել ճանապարհորդել Հայաստանով և բացահայտել հայրենիքս: Ճանապարհորդություններս սկսեցի մարտ ամսին, երբ ուղևորվեցի դեպի Տավուշի մարզ: Շատ-շատ հիացած էի այնտեղի բնությամբ՝ անտառներով, լեռներով և այլն:

Ապրիլ-մայիս ամիսներին մասնակից դարձա «Թավշյա հեղափոխությանը»: Ոմանց մեջ հարց կառաջանա, թե ինչու եմ հեղափոխությունը գրել չակերտներում, հիմա չեմ ուզում ասել (դա մի ուրիշ թեմա է, և դրան մի օր կանդրադառամ): Իսկ հունիս-հուլիս ամիսներին ես արդեն Արարատի մարզում էի: Մի կերպ շոգին դիմանալով՝ վայելում էի տեղի բանջարեղենն ու քաղցրահամ մրգերը և հիանում արևածագերով և մայրամուտներով:

Եվ ի վերջո, իմ Հայաստանով ճանապարհորդելու ամենահիշարժան մասը՝ դեպի Զանգեզուր ուղևորությունս: Առաջին իսկ օրվանից սիրեցի Սյունիքը, սիրեցի տեղի անկրկնելի և հոյակապ բնությունը, բարի և ընկերասեր մարդկանց: Այնտեղ անցկացրածս օգոստոսյան մի շաբաթը դարձավ կյանքիս ամենաանմոռանալի և ամենաերջանիկ ժամանակահատվածը: Ճիշտ է դա իմ 10-րդ հոբելյանական ուղևորությունն էր, բայց ես գալիք 2019-ից ակնկալում եմ վերադարձ Սյունիք` Զանգեզուրը բացահայտելու:

Անմոռանալի դարձավ նաև նոյեմբերյան Էկո-ճամբարը Աղվերանում: Ճամբարում անցկացրածս երեք օրերի ընթացքում ձեռք բերեցի բազում լավ ընկերներ: Ծանոթացա և ընկերացա մի մարդու հետ, ում հետ ո99 տոկոսուվ նման ենք: Նման ենք մտածելակերպով, պատկերացումներով, հետաքրքրություններով, և ինչպես նա է սիրում ասել` երկուսս էլ տարօրինակ ենք և աննորմալ: Եվ այդ մարդը գյումրեցի Էմի Մուրադյանն է:

Բայց  այնպես չէ, որ ամեն ինչ այս տարի լավ էր: Տեղի են ունեցել, և վատ, և անհաջող, և տհաճ ու անհիշարժան դեպքեր և իրադարձություններ: Սակայն ես չեմ ուզում խոսել դրանց մասին, չէ որ ամեն վատ բանից պետք է դասեր քաղել, թողնել հին տարում ու մոռանալ…

Ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք 2019 թվականը և  ավարտել հետևյալ մաղթանքով: Կյանքում լինում են շատ վատ բաներ, և Նոր տարին դրա համար է, որպեսզի մենք կարողանանք դրանք մոռանալ և ազատվել դրանց բեռից՝ նայելով միայն ու միայն դեպի առաջ, դեպի ապագա: Չէ որ միայն մենք ենք գրում մեր ճակատագիրը: