sona zakaryan

Ամանորյա խոսք ու զրույց

2018-ն էլ մոտեցավ իր ավարտին։ Խառը տարի էր՝ խառը հույզերով, զգացողություններով ու հեղափոխական շնչով։ Հայ ազգի համար բավականին հիշարժան տարի էր՝ բացառիկ իրադարձություններով։

Յուրաքանչյուրիս համար տարին տարբեր էր։ Ոմանց երազանքներն ու նպատակները իրականացան, ոմանք հիասթափություններ ապրեցին, ոմանք գտան իրենց կեսերին, ոմանց սրտերն էլ կոտրվեցին և հազար ու մի այսպիսի իրադարձություններ։ Անկախ նրանից, թե տարին ինչպիսին էր յուրաքանչյուրիս համար, գալիք տարվա հետ կապված բոլորս էլ մեծ հույսեր ունենք։ Այ օրինակ մեր նոր, գլխավոր տոնածառը շատերին հույս տվեց։

Դե գիտեք, որ դեկտեմբերի ամենաթեժ քննարկումներից մեկն էլ Հայաստանի գլխավոր տոնածառն էր, որի վրա բավականին գումար էր ծախսվել։ Շատերը անչափ ուրախ էին տոնածառի տեղադրման համար, շատերն էլ անընդհատ բողոքում ու իրենց դժգոհությունն էին արտահայտում, թե բա` ինչո՞ւ եք այդքան գումար ծախսել այդ տոնածառի վրա, եթե բազում աղքատ ընտանիքներին այդ գումարն ավելի անհրաժեշտ էր։ Երբ այդպիսի մեկնաբանություններ կարդացի, մտածում էի. «Իսկ ինչո՞ւ այդ նույն մարդիկ իրենց տանը շքեղ տոնածառ դնելիս գոնե մեկ անապահով ընտանիքի մասին չեն մտածում և որ այդ շքեղ լույսերի ու զարդարանքների փոխարեն կարող են օգնել թեկուզ մեկ անապահով ընտանիքի»։

Ակամայից հիշեցի նաև, որ նախորդ տարիներին անընդհատ բողոքում էին հին տոնածառից, ուզում էին, որ փոխվեր։ Դե ինչ արած, ամեն ինչից բողոքողներ միշտ էլ կլինեն։

Այս տարի էլ տոնածառի մասին գրված կատակների վրա էլ չենք ծիծաղի։

Տոնածառը փոխեցին, բայց շատ մարդիկ չփոխվեցին։ Գուցե տարին փոխվի, նրա՞նք էլ փոխվեն։ Բա որ ասում են` կարմիր կովը կաշին չի փոխում, ճի՞շտ են ասում, թե՞ սխալ։ Կարծում եմ մարդուց է կախված։

Անկախ շատ մարդկանց փոխվել կամ չփոխվելուց մեր Ամանոր նշելու սովորույթները չեն փոխվի։ Ինչպես միշտ, կնշենք ճոխ սեղաններով, եթե պետք լինի` վարկերի տակ ճռռալով, թանկացումներից բողոքելով։ Ինտերնետում անդադար կքնարկվեն տոլման, խոզի բուդը, «ստալիչնին», հավի քրքրված մսով աղցանն ու բլինչիկը։ Նոր տարին կավարտվի, մի անգամ էլ հին Նոր տարին կնշենք։ Ու այսպես ամեն տարի։

Դե ինչ, այս տարին էլ ավարտվեց։ Անկախ ամեն ինչից, եկեք Նոր տարին նոր և ուրախ սրտով դիմավորենք։ Բարի եղեք, ժպտացեք ու դրական էներգիա տարածեք։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Սիրում եմ բոլորիդ։

Հ. Գ. Հատուկ ուզում եմ շնորհավորել սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ բոլորիդ ու խաղաղություն մեր սահմաններին։