Ինչն է ինձ հուզում Աբովյան քաղաքում

Ինձ հուզում է իմ բնակավայրում խաղահրապարակների բացակայությունը: Դրանց բացակայության պատճառով երեխաները ստիպված են խաղալ փողոցներում, և հաճախ այդ ամենն ավարտվում է դժբախտ պատահարով: Երբ երեխաները խաղում են բակում, լուսամուտներից հաճախ լսվում են հարևանների ձայները, նրանք երեխաներից պահանջում են խաղալ այլ վայրերում կամ էլ խաղալ առանց աղմուկի: Բայց ի՞նչ կարող են անել երեխաները: Նրանք պետք է ունենան ուրախ մանկություն, և այս ամենը խոչընդոտում է դրան:
Կա ևս մեկ հարց, որն ինձ շատ է հուզում. ամենուրեք թափառում են անտուն կենդանիներ: Նրանք հատկապես շատ են աղբանոցներում: Մարդիկ փորձում են վախեցնել և վերացնել նրանց: Լինում է, երբ գիշերները փորձում եմ քնել, լսում եմ կրակոցներ, որոնց զոհն են դառնում անմեղ կենդանիները: Այնպես կցանկանայի, որ մարդիկ ոչ թե սպանեին, այլ ստեղծեին նրանց համար հատուկ կենտրոններ, որտեղ հոգ կտանեին նրանց մասին: Եթե ունենայի հնարավորություն, ես ինքս կստեղծեի նման կենտրոններ: Սակայն միայն իմ ցանկությունը նրանց փրկելու համար շատ քիչ է: Մարդիկ պետք է մտածեն նրանց մասին, գոնե մի քիչ խղճան ու կերակրեն երբեմն: Չէ որ նրանք էլ են մեզ նման լույս աշխարհ եկել ապրելու համար: Կենդանիները նույնպես ունեն ապրելու իրավունք…

Հասմիկ Եգանյան

***

Ինձ հուզում է, թե ինչպես են մարդիկ իրենց ապրուստը վաստակում. տեսնում եմ մեկը ուրիշի տանն է աշխատում, մյուսը` մուրացկանություն է անում: Եվ այդպիսի ընտանիքների երեխաները չեն կարողանում հաճախել դպրոց, ուսում ստանալ: Նրանք խնամում են իրենց ծնողներին, որպեսզի օգնեն օրվա հացի գումար վաստակել: Ինձ այս հարցն է հուզում, քանի որ ես էլ եմ օգնում, տեսնում եմ մարդկանց, ովքեր հագնելու գումարի, սննդի պարտքեր ունեն: Որպեսզի իրենց տանը խնդիրներ չլինեն, օգնում եմ նրանց:
Գիտեմ նաև երեխաների, ովքեր գնում են դպրոց, բայց որ միջոցառումներ են լինում, նրանց չեն ընդգրկում: Նրանք հագուստ ու գրենական պիտույքներ չունեն դպրոց գնալու համար… Կարծում եմ այսպիսի երեխաների վրա ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել, ու նրանց հետ պետք է ընկերություն անել: Չէ՞որ նրանք մեղավոր չեն, որ իրենց կյանքն այդպես է դասավորվել:
Ես չունեմ ծնողներ… Հաճախ մարդիկ դա իմանալով խուսափում են ինձնից, աշխատում են քիչ շփվել, որովհետև մտածում են, որ վատն եմ… Բայց նրանք չեն հասկանում, որ պետք չէ մարդկանց թերագնահատել կամ քննարկել, չէ որ բոլորն էլ կարող են այդ ճակատագիրն ունենալ: Ես այն մարդկանցից չեմ, որ ինչ-որ մեկի հետ չխոսեմ ու հեռու մնամ` իմանալով նրա ճակատագիրը: Մարդիկ չեն ուզում շփվել ինձ հետ նաև իմ ծնողների ունեցած խնդրի մասին իմանալով: Եղել են մարդիկ, ովքեր ինձ հետ շփվել են, բայց իմանալով իմ ընտանիքի մասին, հեռացել են առանց պատճառն ասելու: Ես ցույց եմ տալիս բոլորին իմ օրինակը, ես շփվում եմ բոլորի հետ առանց իմանալու նրանց կյանքը և առանց քննարկելու նրանց ճակատագրերը: Հուսով եմ կգա ժամանակ, երբ բոլորը կհասկանան, որ պետք չէ խուսափենլ և կօգնեն այն մարդկանց, ովքեր ծանր վիճակում են…

Լաուրա Պետրոսյան

***

Ես ունեմ շատ մտահոգող հարցեր, որոնց պատասխանները չեմ կարողանում գտնել: Օրինակ, իմ բնավորությունն ու հոգեբանությունը: Ես սիրում եմ ամեն հարցով օգնել շրջապատող մարդկանց, օգնելով նրանց, ես ինձ լավ եմ զգում, հանգիստ և դրանով ուրախանում եմ: Բայց ինձ հուզում է այն, որ շատ դեպքերում իմ բարությունը շահագործվում է: Ուզում եմ հասկանալ` ինչպես լինել բարի, բայց և չշահագործվել: Այս հարցն ինձ հուզում է անընդհատ ու հանգիստ չի տալիս: Շատ դեպքեր են եղել, երբ եկել է այն սահմանը, երբ զգացել եմ ինձ շահագործված զգալու վտանգը և չեմ հասկացել ինչպես վարվել, բայց միևնույն է, չեմ կարողանում մարդկանց մերժել ու ի սրտե օգնում եմ միշտ: Փորձում եմ ինքս իմ մեջ գտնել սխալը և կարողանամ ինձ հուզող այս հարցին լուծում տալ: Քիչ թե շատ գիտեմ սխալս, բայց ինձ խանգարում են իմ բնավորությունը և մտածելակերպը:
Ինձ հուզում է նաև շրջապատին վերաբերող մի խնդիր. դա անարդարությունն է: Չկա հավասարություն հասարակության մեջ, տարբեր խավերի միջև և բոլոր բոլորի: Անարդարությունն ամեն տեղ է իշխում, և ես վախենում եմ, որ դա ինձ իմ ամբողջ կյանքում կխանգարի: Բացի այդ, տեսնում եմ, թե ինչպես է այդ անարդարությունը խանգարում նաև իմ ընկերներին ու հարազատներին: Տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ անդադար աշխատում, որ պահեն իրենց երեխաներին, ու միևնույն է, չեն կարողանում ապահովել նրանց: Իսկ նրանք, ովքեր անարդար ձևով են վաստակում, ամեն ինչի հասնում են և ամբողջ օրը զվարճանում են և տարբեր անիմաստ գործերով զբաղվում: Նույն բանը կա ուսման մեջ: Այն երիտասարդները, ովքեր շատ խելացի են և ամեն բան անում են, որ կարողանան բարձրագույն կրթություն ստանալ, գումար չունենալու պատճառով չեն ընդունվում բուհեր, իսկ նրանք, ովքեր ոչինչ չգիտեն, անբան են ու անմիտ, իրենց գումարով են ընդունվում և ավարտում:
Այսպիսի շատ օրինակներ կգտնեմ, ինձ շատ բաներ են հուզում: Ուզում եմ, շատ եմ ուզում գտնել այս բոլոր խնդիրների լուծումները և հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ կգտնեմ այն, ինչը կօգնի ինձ և շրջապատին:
Ամեն ինչ կախված է մեր մտածելակերպից և մեր դիրքորոշումներից…

Լիլիթ Մեսրոպյան

***

Ինձ շատ է հուզում, որ մեր քաղաքում շատ են գողությունները, մարդասպանությունները: Ես ունեմ շատ ծանոթներ, որոնց բնակարաններում եղել են գողություններ: Բայց ինչո՞ւ: Կուզեի, որ մեր քաղաքում լիներ համերաշխություն, բայց ցավոք չկա, կա չարություն և այլ այդպիսի բաներ: Ինչպես գողությունը, այնպես էլ մարդասպանությունը շատ են լինում: Չեմ ցանկանում, որ մեր քաղաքում տեղի ունենան այդպիսի արարքներ:
Նաև կանդրադառնամ երեխաների սոցիալական անապահովությանը: Ինձ հուզում է, որ կան շատ երեխաներ, ովքեր չեն կարողանում իրենց նախընտրած մասնագիտությամբ առաջ գնալ: Օրինակ, այն երեխաները, ովքեր ապրում են գյուղերում, չեն կարողանում գալ քաղաք, որպեսզի կարողանան իրենց ցանկացած մասնագիտությունը սովորել: Նաև գյուղերում չկան գոնե մշակութային խմբակներ, որ այն երեխաները, ովքեր սիրում են պարել, երգել, հաճախեն…

Մարիամ Մելիքյան