Մանեն

Ես տասնմեկ տարեկան էի, երբ իմացա, որ քույր եմ ունենալու: Շատ ուրախ էի, որ փոքրիկ արարած է հայտնվելու մեր ընտանիքում: Ուրախությունից երկու օր ուշքի չէի գալիս: Անցան ամիսներ: Նրա ծնվելուն մի քանի օր էր մնացել: Ծնողներս որոշում էին, թե ինչ դնեն նրա անունը: Ես ասացի, որ ուզում եմ Մանե դնենք, նրանք համաձայնեցին: Օրերն անցան, և ծնվեց Մանեն: Մանեի հետ մեր առաջին հանդիպումը կայացավ մեր տանը: Նա այնքան անմեղ ու թախծոտ աչքեր ուներ, իսկական հրաշք: Երբ այդ փոքրիկ հրաշքը հայտնվեց մեր կյանքում, մեր կյանքը լիովին փոխվեց դեպի լավը: Մանեի ծնվելուց անցավ մեկ տարի: Մանեի առաջին տարեդարձն էր: Ես գրկեցի և համբուրեցի նրան և ասացի` ծնունդդ շնորհավոր: Նա բռնեց մազերիցս և քաշեց: Ես բարկացա նրա վրա, իսկ նա սկսեց լաց լինել: Հետո հասկացա, որ չպետք է բարկանայի նրա վրա ու շատ զղջացի արարքիս համար: Նա շատ չարաճճի և քաղցրալեզու փոքրիկ է: Մանեն մեզ` իր մեծ քույրիկներին, չի թողնում, որպեսզի դաս սովորենք, խզբզում է գրքերի, տետրերի մեջ, պատռում տետրերը, գրիչը կոտրում, և էլի նման բաներ:

Հիմա Մանեն երեք տարեկան է: Նա հաճախում է մեր գյուղի` Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ: Սակայն մանկապարտեզում անվտանգ չէ, քանի որ ապրելով սահմանամերձ գյուղում, ամեն վայրկյան կարող են կրակել: Վերջերս մանկապարտեզի մոտ անվտանգության պատ են կառուցել, և երեխաները մի քիչ ավելի ապահով են: Մանեն առավոտներն արթնանում է, հագնվում, լվացվում, վերցնում սանրն ու մազակալները տալիս մայրիկին ու ասում. «Մամ, մազերս կապի, որ գնամ մանկապարտեզ»: Մայրիկը նրան ասում է. «Մանե ջան, դեռ շուտ է, ինչո՞ւ ես այսքան շուտ հագնվել»: Բայց նա նստում և սպասում է, թե ով է իրեն տանելու մանկապարտեզ:
Մի անգամ նրան ես տարա մանկապարտեզ: Չգիտեմ ինչու, բայց նա չթողեց, որ ես հեռանամ, և սկսեց լաց լինել: Սիրտս ճմլվեց, չկարողացա թողնել այդպես լաց լինելով ու ամբողջ օրը մնացի մանկապարտեզում:
Մանեն շատ է տարված Ձմեռ Պապիկով, երբ առաջին անգամ ձյուն եկավ, նա արթնացավ, տեսավ, որ ձյուն է եկել և միանգամից ասաց.
-Բա Ձմեռ Պապիկն ո՞ւր է:
Բոլորն սկսեցին ծիծաղել, որովհետև դեկտեմբերի 3-ին Ձմեռ Պապիկը չի գալիս: Երբ նրան հարցնում ենք, թե ինչ է ուզում, որ Ձմեռ Պապիկը բերի, ասում  է.
-Տիկնիկ և հեծանիվ:
Նա անհամբեր սպասում է Ձմեռ Պապին ու իր ամանորյա նվերներին: