mane tonoyan

Ինչո՞ւ ենք մենք թախծում…

Թախիծը բնորոշելը շատ դժվար է: Այդ զգացողությունը մշուշոտ մի բանի է նման: Թախծի ժամանակ մարդը կարծես մի տեսակ մեկուսանում, առանձնանում է շրջակա աշխարհից: Շուրջդ կատարվող իրադարձությունները կարծես քո կողքով են ացնում: Թվում է, թե մի վարագույր առանձնացրել է քեզ ներկայից, այնպես, որ քո ուշադրությունը ավելի շատ «քո անցյալն է փորփրում», քան նկատում է ներկան, դու կենտրոնանում ես թախծի վրա:

Թախծելիս փոխվում է մեր հոգեվիճակը, սակայն, դժվար է ասել` ավելի շատ տխրում ենք, թե ուրախություն զգում: Բոլորին հայտնի է «լուսավոր թախիծ» արտահայտությունը: Եթե որոշ գիտնականներ թախիծը համարում են հուզական մի վիճակ, հույս, որը ավելի շատ բացասական զգացողությունների է հարում, ապա կան նաև այն կարծիքի կողմնակիցները, որ գոյություն ունի «լուսավոր թախիծ» ևս: «Լուսավոր թախիծ» մարդը սովորաբար զգում է վերհուշի ժամանակ, երբ հյուր են գալիս այն անցած իրադարձությունները, որոնցում դրական երանգներ կան:

Յուրաքանչյուրս էլ ժամանակ առ ժամանակ թախծում ենք: Դժվար է ասել` որ տարիքի մարդիկ են ավելի շատ թախծում: Վաղ և միջին մանկությանը թախիծն այնքան էլ բնորոշ չէ: Սակայն պատանեկության շրջանում տեղի ունեցող հոգեկան փոփոխությունները մեզ «սովորեցնում են թախծել»: Նախևառաջ, պատանեկության տարիքում մարդը արդեն ունի կյանքի փորձի զգալի պաշար, որը արդեն իսկ հիշողութունների, վերհուշների, անցյալի նկատմամբ քննադատական մտքերի առաջացման աղբյուր է: Բացի այդ, փոփոխված մտածողությունը հանգեցնում է կյանքի նկատմամբ փիլիսոփայական աշխարհայացքի զարգացմանը, պատճառները` կյանքի փորձը, մտածողության փոփոխությունը ավելի են նպաստում թախծի առաջացմանը:

Իսկ ինչի՞ համար է թախիծը:

Թախիծը թեև տևողությամբ և հաճախականությամբ պակաս արտահայտվող հույզ է, սակայն դրան ևս պետք է պատրաստ լինել դիմավորել: Թախիծը պետք է կարողանալ ընդունել և հանդուրժել: Այն հեշտ հույզ չէ, սակայն հարուստ է փորձով, հիշողություններով: Պետք է կարողանալ պարզապես հասկանալ, թե ինչու ենք մենք այդքան հաճախ թախծում այս կամ այն իրադարձության շուրջ, ինչն է մեզ հատկապես տխրեցնում, զայրացնում, ուրախացնում այդ իրադարձություններում, այլ կերպ` փորձել հույզի ներսում հասկանալ միտքը:

Թախծի հիմքում ընկած մտքերը հաճախ վարքը վերափոխելու, ապագայում այլ կերպ վարվելու մեծ խթան են հանդիսանում: Ամենակարևորը` ասելով «բարև, թախի´ծ»` մենք պետք է փորձենք հասկանալ այն և անպայաման, անպայաման չմոռանանք ասել ` «հաջողությու˜ն, թախիծ»: