hripsime vardanyan

Մեկ տարվա դադարից հետո

Իմ լավ ընկերներից մեկը մի անգամ ասաց ինձ, որ ես պետք է գրեմ: Եվ ոչ միայն ես, այլ նաև մնացած բոլորը: Գրելով մենք արտահայտում ենք մեր մտքերը, պատմում ենք մեզ հետ պատահած զարմանալի կամ հետաքրքիր դեպքերը` տեղեկացնելով մարդկանց մեր կյանքի մասին: Նա ասաց, որ հոդվածների շնորհիվ որոշ մարդիկ կստանան շատ հարցերի պատասխաններ, կհասկանան մեր արարքների նպատակը և մեզ ավելի լավ կճանաչեն:

Բավականին երկար ժամանակ էր, ինչ չէի գրել: Գրեթե մեկ տարի: Այս մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Կարող եմ ասել, որ ամեն ինչ է փոխվել:

Դպրոցն ավարտելուն պես ընդունվեցի Երևանի պետական մանկավարժական համալսարանի Ռուսաց լեզվի և գրականության բաժին: Ամբողջ ամռան ընթացքում սպասում էի, թե երբ է գալու սեպտեմբերը, երբ է սկսվելու այն նոր կյանքը, որի մասին այդքան լսել եմ:

Սեպտեմբերի 3: Իմ առաջին օրը համալսարանում որպես ուսանող: Ամբողջ օրը քայլելուց և շնորհավորանքներ լսելուց հետո վերադարձա տուն: Առաջին խոսքերը, որոնք տանեցիները լսեցին ինձանից, այն էր, որ ես այլևս համալսարան գնալու միտք չունեմ: Ասացի, որ համալսարանում անցկացրած մեկ օրը ինձ լրիվ բավական էր: Չգիտեմ՝ ինչու էր այդպես: Սակայն մի քանի օր անց, երբ ծանոթացա կուրսընկերներիս և դասախոսներիս հետ, հասկացա, որ հապճեպ որոշումներ կայացնել և կարծիք կազմել պետք չէ:

Այս մեկ տարվա ընթացքում երևի մեկ միլիոն անգամ մտածել եմ այն հարցի շուրջ` արդյո՞ք ճիշտ որոշում եմ կայացրել՝ ընտրելով հենց այս մասնագիտությունը կամ հենց այս համալսարանը: Մտքերս ինձ հանգիստ չէին տալիս, սակայն ինչ-որ ժամանակ անց հասկացա, որ ես հենց այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ և կատարել եմ ճիշտ ընտրություն:

Հիմա կարդում եմ հոդվածս և հասկանում, որ գրելու կարիք էի զգում դեռ վաղուց: