sona mkhitaryan

Ինչո՞ւ

Երեկ, երբ  նստած մտածում էի, թե ինչի մասին նյութ գրեմ ու ուղարկեմ 17.am-ին, դրսից, արդեն ինձ ծանոթ  ձայներ լսեցի: Պատուհանից նայեցի և երկու կնոջ տեսա. աղանդավորներ էին: Նրանք հաճախ են գալիս մեր գյուղ, մեր փողոց՝ հարևանի տուն: Արդեն հասցրել են մտերմանալ, նույնիսկ նրանց տված գրքերն են կարդում: Զարմանում եմ ուղղակի: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ նման մարդիկ, իրենց սխալ մտքերը փոխանցեն մեզ: Շատ է պատահել, որ մեր հարևանին տեսել եմ նրանց տված գրքերը կարդալիս: Պատահել է, որ այդ նույն աղանդավորները եկել են մեր տուն` գրքեր, ինչ-որ բուկլետներ բաժանելու: Անքաղաքավարություն կլիներ նրանց դուրս հրավիրեինք տնից (բայց նրանք հենց դրան են արժանի), դրա համար,  այդ գրքերը, ես վերցնում ու նրանց գնալուց հետո  պատռում էի: 

Գալիս ու ասում են. «Բալիկ ջան, մեծերից ո՞վ կա տանը…»: Հայաստանում այնքան աղանդավորական խմբեր կան, որ սնկի պես աճում են: Իմ կարծիքով, դա, մեր երկրի համար շատ վտանգավոր է: Կան այնպիսիները, որոնք ասում են. «Մենք ոչ թե խաչին, այլ խաչվածին ենք հավատում` Հիսուսին»:

Կամ` Եհովայի վկաները. «Եթե հարսանիքը միայն զագսով տեղի ունենա, մենք կմասնակցենք»:

Հիմա կմտածեք, թե որտեղից նրանց մասին այսպիսի բաներ գիտեմ: Ասեմ: Հասցրել եմ շփվել, ավելի ճիշտ հարցեր տալ, որովհետև գիտեի, որ նրանց մասին իմ հավաքած տեղեկությունները, մի օր, պետք են գալու:

Մենք առաջին քրիստոնյա ազգն եք և քրիստոնեություն դավանող ազգը: Դպրոցում էլ անցնում ենք Հայ եկեղեցու պատմություն, ունենք հոգևորականներ, որոնք կարող են մեր հարցերին պատասխանել: Այդ դեպքում, ինչո՞ւ են հենց մեզ քրիստոնեություն քարոզում: Թող քարոզչությամբ զբաղվեն այնպիսի երկրներում, որոնք քրիստոնյա չենք: