manana arxiv

Ինչու ենք ֆիլմեր գողանում

Վերջերս հերթական անիմաստ բանավեճից հետո, թե կարելի է արդյոք ինտերնետից «գողանալ» ֆիլմեր, գրքեր և ինֆորմացիոն արդյունաբերության այլ դրսևորումներ, վերջապես հասկացա, որ շատերի համար նման հարցերում ընտրության խնդիր չկա:

Խոսքը, հիմնականում, հենց ֆիլմերի մասին է, որովհետև այդ արդյունաբերությունն ամենածանրաքամակն է ու հետամնացը, որքան էլ որ դա տարօրինակ հնչի: Դրանց տարածման ու վաճառքի հարցն այնքան բարդացված է, որ ասես 19-րդ դարը լինի: Ու երբեմն Հայաստանում լսելով ազնիվ քարոզներ այն մասին, թե ինչպիսի անբարոյականություն է ինտերնետից ֆիլմերի անօրինական կրկնօրինակներ քաշելը (վստահ եմ` կան կազմակերպություններ, որոնք, հավանաբար, գրանտեր են ստանում Հայաստանում «ծովահենության» դեմ պայքարելու համար), որ դա օրենքի խստագույն խախտում է, և ֆիլմերը պետք է գնել օրինական ճանապարհով: Ու հիմնականում առաջանում է բավականին տրամաբանական հարց` իսկ որտեղի՞ց:

Այսօր Հայաստանում ավելի հեշտ է մի կիլոգրամ կոկային գնելը, քան ֆիլմի լիցենզավորված տարբերակ ճարելը (սա փոխաբերական համեմատություն է, պետք չէ փորձարկել այն իրական կյանքում), ու ծովահենության դեմ պայքարելիս պետք է գոնե խեղճ մարդկանց ցույց տալ օրինական այլընտրանքը: Այն թյուր կարծիքը, թե «դի-վի-դի» գնելիս մենք ձեռք ենք բերում ֆիլմերի օրինական, օրհնած ջրով օծված տարբերակը, մոլորություն է, և այդ մասին շատերը գիտեն, բայց էլ ավելի շատերը չգիտեն: Չի կարող օրինական լինել «Սուպեռ նավինկի 2011» կոչվող սկավառակը, որը ներառում է անցյալ տարվա թողարկված բոլոր ֆիլմերը` սերիալներն էլ հետը, և արժի ընդամենը հազար դրամ, հակառակ դեպքում այդ ֆիլմերի դիստրիբյուտորները խոշոր եղջերավոր կաթնասուններ կլինեին: «Վսե ֆիլմի Ռոբեռտա դե Նիռո պլյուս սուպեռնավինկի ի եշո պյած ֆիլմով վ պադառոկ» սկավառակը նույնպես չի կարող լինել օրինական, որովհետև նման հավաքածուների օրինական տարբերակների գինը հաշվվում է առնվազն մի քանի տասնյակ եվրոյով:

Այո, կան լիցենզավորված «դի-վի-դի»-ներ, դրանք իսկապես հանդիպում են Հայոց հողի վրա, բայց այնքան քիչ են, որ խանութներում քիչ է մնում առանձին դարակ պատրաստեն դրանց համար ու այդպես էլ վրան գրեն` «Լիցենզավորված ֆիլմեր»` նոր ժանր համաշխարհային կինեմատոգրաֆում:

Եվ «դի-վի-դի»-ն դեռ ծայրահեղ տարբերակն է: Էլեկտրոնային դիստրիբյուցիայի մասին ես ուղղակի ամաչում եմ ծպտուն հանել, ինչի՞ մասին է խոսքը: Էլեկտրոնային կինոտարածման երեք ամենամեծ ծառայությունները` «Այթյունզը», «Ամազոնը» և «Նեթֆլիքսը» չեն գործում Հայաստանում և կարծես թե մտադրություն էլ չունեն: Այո, դժվար է պնդելը, թե բոլորը ուրախությամբ կվճարեն տասից տասնհինգ դոլար մի ֆիլմ դիտելու համար, բայց երբ խփում ես «տոռենտից» միաժամանակ քսան ֆիլմ քաշող կինոսիրողի ձեռքին, բարի եղիր պատրաստ լինելու պատասխանել նրա հարցին, թե որն է դրա օրինական այլընտրանքը: Այն պատասխանը, թե «եթե դառնաս, օրինակ, «Յուքոմի» բաժանորդ, սպասես մի քանի օր, քաշես այս, այս, այս ալիքները, բաժանորդագրվես ահա այս ծառայությանը, հետո անցնես յոթ ծովից այն կողմ, յոթ սարից այս կողմ ու լիալուսնի ժամանակ երեք անգամ թքես սև կատվի հետևից, դու հնարավորություն կստանաս օգտվելու մեկ-երկու «VOD» համակարգից ու վարձել երրորդ թարմության մի քանի ֆիլմ», համոզիչ չի հնչում: Ավելի հեշտ է թվում  անձամբ նկարել այդ ֆիլմերը տնային պայմաններում ու հետո հանգիստ դիտել` ավելի արագ կստացվի:

Եվ «Այթյունզին» ու իր նմաններին մեղադրել չի ստացվի, որովհետև, կարծում եմ, նրանք միայն ուրախ կլինեին թեկուզև փոքր, բայց նոր շուկաներ յուրացնել, բայց գերխոշոր ստուդիաների ու դիստրիբյուտորների բարդ ու ոչ մի ճկունություն չունեցող համաձայնագրերը, որոնք կնքվել են գալիք դարերի համար, բարիկադների պես փակել են դեպի ԱՊՀ եկող բոլոր թվային ուղիները, և ստուդիաները պահանջում են, որպեսզի իրենց ֆիլմերը մեզ բերեն այնպես, ինչպես նշված է դեռևս 20-րդ դարի սկզբին կնքված պայմանագրերում` ուղտերով և շոգեքարշերով: Լավ է, որ գոնե շրջիկ կրկեսի պես չեն բերում պտտում քաղաքում:

Մյուս «պաշտոնական» պատճառներից մեկն էլ այն է, որ մեր շուկան (ոչ միայն Հայաստանը, այլև բոլոր ԱՊՀ երկրները) փոքր է և վստահելի չէ. խարդախությունները շատ են, ծովահենությունը ծաղկում է, և այլն:

Բարև ձեզ: Այն արդեն վաղուց ծաղկել ու փթթել է: «Ծաղկելը» մեղմ է ասված` այն մենիշխանություն է հաստատել. ծովահենությունն այն աստիճան է զարգացել ու ծավալվել, որ հաջորդ փուլում ծովահեններն արդեն իրենք են վճարելու օգտվողներին` ֆիլմեր քաշելու համար: Իսկ եթե շուկան «փոքր է» (քանի՞ միլիոն մարդ է ապրում ԱՊՀ երկրներում), և այստեղ ծովահենության դեմ պայքարելը «ավելի թանկ է, քան դրա իսկ հասցրած վնասը կինոբիզնեսին», ապա պարզապես պետք չէ բողոքել ու նվնվալ:

Եվ ամենացավալին այն է, որ ես խոսում եմ ոչ միայն հոլիվուդյան ֆիլմերի մասին. հեղինակային ու անկախ կինոարտադրությունը նույնպես մեր օրերում լիովին ապավինում է «Այթյունզին» և «Ամազոնին», և եթե հոլիվուդյան ֆիլմերը դեռևս կարելի է գոնե կինոթատրոնում դիտել, անկախ պրոդյուսերները մեր օրերում անգամ «դի-վի-դի»-ներ նախընտրում են չթողարկել` ծախսերը քչացնելու համար, և հույսը դնում են միայն թվային վաճառքի վրա: Այդ պատճառով էլ որևէ լավ ֆիլմ դիտելու համար կամ պետք է ձեռք բերել այն արտասահմանից, կամ էլ երկու հարյուր տարի առաջվա պես սպասել, մինչև քաղաք ժամանի շրջիկ կրկեսը` որևէ փառատոնի կամ ցուցադրությունների շարքի տեսքով:

Հրատարակչական բիզնեսը, չգիտես ինչպես, ավելի ճկուն դուրս եկավ ու շատ արագ յուրացրեց էլեկտրոնային գրքերի վաճառքը, իսկ ովքեր չհասցրին` մեծ վնասներ կրեցին (վառ օրինակ է երբեմնի հսկայական «Borders» գրախանութների ցանցը, որը վերջերս փակեց ԱՄՆ-ից դուրս գտնվող իր բոլոր մասնաճյուղերը, հիմա էլ Ամերիկայում է քիչ-քիչ հավաքում իր փասա-փուսան): Էլեկտրոնային գիրք գնելն այժմ շատ ավելի արագ է ու էժան, քան անօրինական տարբերակներ գտնելը (որոնք հետո դեռ պետք է հազար տակ մշակել` ընթերցանելի վիճակի բերելու համար). ես ամսեկան առնվազն տասը-տասնհինգ էլեկտրոնային գիրք եմ գնում` չհաշված տպագիրները, ու որպես ինտերնետի միջին վիճակագրական ծույլ, անհետաքրքրասեր, ավելորդ շարժումներ չսիրող օգտվող` չեմ հասկանում, ինչու նույնը չեմ կարող անել ֆիլմերի հետ: Ուրեմն` քաշենք, ընկերներ, այնքան ժամանակ, որքան կպահանջվի կինոարդյունաբերությանը իր ծանր հետույքը 21-րդ դարի նեղ դռնից ներս անցկացնելու համար: