Ինչու (չ)դիտել հեռուստացույց

Վերջերս նկատել եմ, որ շատ քիչ եմ հեռուստացույց դիտում: Իսկ հայկական ալիքներ ընդհանրապես չեմ միացնում:

Որպեսզի պարզեմ, թե ինչ են դիտում հայկական հեռուստատեսային ալիքներով իմ տարեկիցները, որոշեցի հարցում կատարել:

Հարցմանը պատասխանողների մեծ մասը 15-21 տարեկան են՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից:

Հարցին, թե շաբաթական քանի օր են հեռուստացույց դիտում՝ տարբեր պատասխաններ են եղել: Մի մասը պատասխանել է ամեն օրը, մի մասը՝ շաբաթը 3 անգամ, մյուսները՝ շաբաթը 1 անգամ, որոշներն էլ ընդհանրապես չեն դիտում:

Հիմա ես ամեն օր մեկ ժամ եմ դիտում հեռուստացույց: Այդ մեկ ժամում դիտում եմ ամերիկյան սերիալ ոչ հայկական ալիքով:

Պատասխանողների 50%-ը նույնպես ամեն օր մեկ ժամ է դիտում հեռուստացույց: Իսկ նրանք, ովքեր դիտում են 5 ժամից ավելի հիմնականում կամ 10-14 տարեկան են, կամ՝ 30-ից բարձր: 15%-ը չի դիտում հեռուստացույց: Իսկ որոշները դիտում են 15-30 րոպե:

Երբեմն ինձ հետաքրքրում է, թե ինչ ծրագրեր կան հայկական հեռուստատեսությունում: Օրվա ընթացքում տատիկը դիտում է հնդկական, բրազիլական ու ամերիկյան սերիալներ, պապիկը՝ լուրեր, ժողովրդական, երաժշտական ալիքներ: Հայկական սերիալներ չեմ նայում, բայց այսօր հետաքրքրության համար նայեցի: Չհավանեցի:

Հարցման մեջ ամենադիտվող հաղորդումների եռյակում էին ֆիլմերը, լուրերը և հաղորդումները: Սերիալները հինգերորդ տեղում էին: Դա նշանակում է, որ կամ հայկական ալիքներով սերիալները հետաքրքիր չեն, կամ էլ հարցմանը պատասխանողները չեն սիրում սերիալներ դիտել:

Եթե ես որոշեմ որևէ բան դիտել հայկական ալիքներով, ապա առաջին հերթին կմիացնեմ Հանրային հեռուստաընկերությունը: Այն ինձ համար նախընտրելի է, քանի որ Հանրայինով կան ֆիլմերի կրկնօրինակումներ: Ձմեռային արձակուրդներին Հանրայինով դիտում էի Հարրի Փոթերը: Երբեմն լավ ֆիլմերի թարգմանություններ են լինում, որոնք մեծ հաճույքով դիտում եմ:

Իմ հարցերին պատասխանողները հայկական հեռուստատեսային ալիքներից նշել էին Հանրայինը, Արմենիան և Շանթը:

Հինգ տարի առաջ ես ավելի շատ էի հեռուստացույց դիտում: Ամեն օր՝ երեք ժամից ավելի։ Դիտում էի մուլտֆիլմեր, ֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ: Այն ժամանակ ավելի շատ էին թարգմանությունները, և հետաքրքիր հաղորդումներ կային:

Հարցմանը պատասխանողները նշել էին, որ հինգ տարի առաջ նայում էին հաղորդումներ, ֆիլմեր, սերիալներ:

Իսկ հիմա անդրադառնամ հենց այն ծրագրերին, որոնք հիմա են հեռարձակվում: Տարբեր պատասխաններ ստացա: Հարցմանը պատասխանողների նախընտրած ծրագրերն են` «Լավ երեկոն», «Ֆուլ հաուսը», «Էլենի օրագիրը», «Քաոսը», «Արմքոմեդին»:

Ամփոփելով արդյունքները՝ հասկացա, որ հայկական հեռուստաընկերությունում շատ քիչ ծրագրեր կան, որոնք հետաքրքրում են երիտասարդներին: Իսկ այն ծրագրերը, որոնք նախատեսված են երիտասարդների համար, ինձ դուր չեն գալիս:

Վերջում հարցրի, թե ինչ կուզեին ավելի շատ տեսնել հայկական հեռուստատեսությունում: Հիմնականում պատասխանել էին, որ ուզում են նոր, ինտելեկտուալ և տեղեկատվական հաղորդումներ, մրցույթներ ու ծրագրեր, ավելի հետաքրքիր սերիալներ: