violeta mkrtchyan

Ինչպե՞ս է դա լինում

Բարև, սիրելի ընթերցող: Ասեմ, որ քեզ գոհացնելը շատ դժվար գործ է: Բավականին ջանք ու եռանդ է անհրաժեշտ, ժամանակ, ինչպես նաև՝ խելք: Հիմա մի փոքր կպատմեմ քո ընթերցած նյութի ստեղծման մասին: Նախ անհրաժեշտ է լավ թղթակից լինել, որ նյութիդ բովանդակությունը հետաքրքիր լինի, իսկ բառապաշարը՝ գեղեցիկ: Մինչ գրելը թղթակիցը պետք է պատկերացնի նյութի բովանդակությունը: Անհրաժեշտ է լավ, գրավիչ ու իմաստալից վերնագիր: Ամեն ինչ կախված է վերնագրից. եթե վերնագիրը ընթերցողին դուր գա, նա կկարդա նյութը: Սկսվում են արդեն տանջալից գիշերները: Սպասել և սպասել մուսային, որը այդքան էլ հաճախ չի այցելում: Նրա համար լավ պայմաններ են անհրաժեշտ, լավ միջավայր և որակով թուղթ ու գրիչ: Ափսոս են այն թղթերը, որոնց վրա մենք գրում ենք և երկրորդ վայրկյանին աղբն ենք գցում մեր անփութության պատճառով: Բայց դա էլ իր հերթին մեզ փորձ է բերում, իսկ լավ նյութի համար կարելի է նաև մի ամբողջ տետր ոչնչացնել, միայն թե գոհացնենք մեր ընթերցողներին: Նյութը գրելուց հետո, այն մշակվում է, խմբագրվում, հետո նոր հրապարակվում: Եթե ուզում եք դառնալ ապագա թղթակից, փորձեք լինել ավելի ազատ խոսքի մեջ և ազնիվ՝ ինքներդ ձեր ու ընթերցողի հետ: