astghik qeshishyan

Ապրիլը ապրիլյանից հետո. Տիգրան Մակարյան

Պապան առավոտյան վաղ արթնացնում է.

-Երևանից ապրիլյանին մասնակցած մի տղա, Տիգրան ա անունը, Չաուշի բլրի վրա խաչ ա կանգնեցնելու՝ զոհված տղերքին նվիրված: Կուզե՞ս՝ գաս, զրուցես հետը:
Անկասկած ուզում եմ: Սկսում եմ լուրջ-լուրջ հարցաշար կազմել: Հետո մոլորված քայլում տան մեջ, սպասում ժամին ու մտքումս նրա հավանական արտաքինի մոդելները գծագրում, փորձում գուշակել, թե ինչ պատասխան կտա հարցերիս…
Մի քանի ժամ անց Չավուշի արձանի մոտ զրուցում եմ Տիգրանի տատիկի հետ: Պարզվեց, որ քառօրյա պատերազմի օրերին նա ոչ թե ժամկետային զինծառայող է եղել, այլ կամավոր: Հարցաշարս մի կողմ եմ դնում:
Տատը ժպիտով պատմում է տղայի մանկությունից, ասում է՝ դեռ տասը տարեկանում շուկայից ապրանք էր բերում, որ իրենց խանութում վաճառեին: Դպրոցից հետո ընդունվել է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետ ու գնացել բանակ, հետախույզ է եղել: Վերադառնալուց հետո թողել է ուսումն ու մեկնել Ռուսաստան: Հիմա այնտեղի քաղաքացի է: Պատերազմի լուրը լսելուն պես վերադարձել է ու առանց ծնողներին մի բառ ասելու՝ գնացել Արցախ: Տատը հպարտանում է՝ հայրենասիրությունն ու համարձակությունն իրենից է ժառանգել: Ինքն էլ ժամանակին կռվողներին հաց էր բաժանում: Հայրենասիրությունը երևի նրանց գենի մեջ է. Տիգրանի հորեղբայրներն էլ Արցախյան պատերազմին են մասնակցել: Հայրն ասում է, որ ապրիլյանի սերունդն ավելի պատրաստ էր պատերազմին, քան ժամանակին իրենք: Պատերազմն իրենց համար ֆիլմ էր, գիրք, ծնողների հիշողություններ Հայրենականից ու ոչինչ ավելին, իսկ ապրիլին հերոսացած սերունդը ծնված օրվանից գիտեր՝ ինչ է պատերազմը: Հարցնում եմ՝ ինչպես ընդունեց որդու կռիվ գնալը, ասում է՝ էդպես էլ պիտի լիներ. «Անհանգստանում էի իհարկե, բայց հպարտ էի: Դուրս էի գալիս բակ, հարցնում էին՝ տղադ ծառայել, պրծել է, ինչո՞ւ թողեցիր`նորից գնա: Ասում էի՝ ես չթողնեմ, դու չթողնես, բա վերջը էս մեր թաղից մեկը պիտի գնա, չէ՞: Լռում էին»: Հիմա նա պարզ ճակատով է քայլում ու գիտի՝ եթե նորից մի դեպք լինի, արդեն մյուսներն էլ կգնան:
Մտքումս արդեն ուրվագծվել է Տիգրանի կերպարը: Տատն ասում է՝ գլխարկովն է ինքը, հենց տեսնես, վռազ կճանաչես: Բարձրանում եմ բլրի գագաթը: Խաչի կողքին հավաքված ընկերներից, բարեկամներից առանձին նստած է գլխարկովը ժայռի ծայրին: Ճանաչում եմ: Պարզվում է՝ Տիգրանի ծնունդն է: 29-ամյակը նշելու սիրուն տարբերակ է, չնայած ասում է՝ հատուկ չի ընտրել օրը, ուղղակի այսպես ստացվեց: Իր ծառայակից ընկերոջ՝ Հովհաննեսի հետ ուխտ էր արել՝ տեղադրելու խաչը: Հետագայում զոհված տղաների նկարներն են դրվելու՝ իրենց մասին պատմող գրություններով: Ուզում է, որ հաջորդ սերունդներն էլ տեսնեն, ճանաչեն հերոսներին:
Խաչը տեղադրելու վայրը պատահական չի ընտրել: Հետևի ֆոնին՝ Արարատ սար ու Խոր վիրապ: Իսկ բլուրը պատմական է դառնում, որովհետև միավորում է հայրենիքի համար կռված երեք տարբեր սերունդների. նախ ֆիդայի Գևորգ Չաուշի արձանը, ապա ազատամարտիկներին նվիրված խաչքարը, հիմա էլ խաչն ու դրոշը՝ ի հիշատակ քառօրյա պատերազմի զոհերի:Տիգրանը երկար-բարակ չի մտածել Արցախ գնալու որոշումը կայացնելիս: Ասում է. «Եթե կորցնեմ ծնողներիս, կկորցնեմ իմ աստվածներին, եթե կորցնեմ հայրենիքս, ամեն ինչ կկորցնեմ»: Ֆեյսբուքում կարդայի՝ կմտածեի՝ պաթետիզմ է, էլի, հիմա այդպես չեմ մտածում: Ասում եմ՝ ձեր ներկայությունը ոգևորում էր, չէ՞, ջահելներին, ավելի ջահելներին, պատասխանում է՝ դրա կարիքը չունեին, նրանք իրենցից էլ «դուխով» էին: «Թեժ պահերին ասում էինք՝ դուք հետ քաշվեք, չէին գնում, դեռ մի բան էլ վիրավորվում էին»: Պատերազմից սիրուն հուշեր էլ ունի՝ բժշկուհի Անահիտից նամակ է ստացել, խնդրում էր՝ ողջ-առողջ վերադառնալ: Վերադարձավ:
Տիգրանն ինձ օգնում է իջնել բլրից ու շարունակում պատմել.
-Դեռ լույսեր պիտի տեղադրենք, որ գիշերը…