mariam tonoyan

Ինչպես է ծնվում իմ բանաստեղծությունը

Երբ գիշեր է՝ ինքդ քեզ հաշվետու լինելու ամենահարմար պահը օրվա մեջ, երբ մտքերդ մասնակցում են քո ու քո, քո ու աշխարհի, քո ու մարդկանց, մարդկանց ու  աշխարհի անվերջանալի թվացող շղթայական ռեակցիային: Երբ գիշերվա ժամը 4-ը արդեն սարսափելի չի թվում, ակամա դառնում ես փոքր ինչ ավելի խելացի։ Երբեմն մանրուքներին կարող ես գլոբալ նշանակություն տալ, երբեմն ահռելի երևույթներին նայել որպես չնչին իրադարձությունների։ Իրար հաջորդող տարատեսակ մտքերը, որոնց եթե ազատություն տաս, ամենատարբեր ժանրերի ծավալուն ստեղծագործություններ կարող են դառնալ, սկսում են ինչ-որ խորհրդավորության պատճառով  քեզ դուր գալ: Ու եթե դու համարձակություն ես ունենում այն ինչ-որ տեղ գրի առնել (պետք է միշտ բարձի տակ թուղթ ու մատիտ ունենալ), ապա այն կարող է ինչ-որ բան իրենից ներկայացնել, որը կհետաքրքրի նաև մյուսներին։ Շուրջդ, մտքումդ կատարվող ամեն բան կարող են ազդել մտքերիդ դասավորման վրա. մեկի դեմքին սազող պեպեններին նայելով կարող ես մտորել, թե ինչու են այդ փոքրիկ ցաներին հաճախ արևհամբույրներ ասում, մեկի ադամախնձորի վերուվայրումները կարող են քեզ ստիպել մտածել՝ թե այդ դեղձի կուտ հիշեցնող մարմնի մասն ինչու է հենց այդպես կոչվում կամ միթե այն ներսում ինչ-որ բան չի խազում խոսելիս։ Ինչ-որ տարօրինակ թվացող բառ, չգիտես որտեղից հիշողությանդ մեջ մնացած խոսք, գրքի բովանդակություն, ամեն բան կարող է փոխանցվել գրչիդ՝ քո զգացողությունների, երևակայության ու ստեղծագործ մտքի ուղեկցությամբ։

Չափածո ստեղծագործության իմ մուսաներից մեկը Հերման Հեսսեն է՝ իր կյանքով, իր թողած ժառանգությամբ, իր գրական հերոսներով ու գերմանական փիլիսոփայությամբ։

Երբ օրվա ընթացքում կարդում եմ Հեսսեի գրքերը, որոնց գլխավոր բովանդակային նյութը աշխարհի հետ հարաբերության մեջ մտած Մարդն է՝ իր անձնական տառապանքով ու դեպի իրեն ու իր ներսը տանող բազմաթիվ ուղիներով, գիշերային մտորումներս նվիրում եմ Մարդուն՝ արարչագործության պսակին, որ և՛ ընդհանուր է՝ որպես մարդկություն, և՛ անջատ՝ որպես առանձին մարդ-անհատականություն։ Թղթի վրա գրում եմ խոհերիս առաջին, ոչ ամբողջական լուծումը՝

Դու իմ սիրելի պատահականությունն ես,

Որ եկար` պարզապես լինելու համար։

Յուրաքանչյուր մարդու հետ նոր ծանոթություն պատահականություն է՝ երջանիկ, կամ ոչ այնքան, երբեմն՝ ենթագիտակցորեն վաղուց պլանավորված։ Յուրաքանչյուր մարդ-պատահականություն քո կյանքում արդեն իսկ հանելուկ ու առեղծված է պարզապես իր գոյությամբ։ Իսկ թե ինչքանով կբացահայտես նրան՝ միայն քեզնից է կախված։ Մարդն այնքա՜ն  կատարյալ է որպես Աստծո կերտվածք, բայցև այնքա՜ն անկատար երբեմն։

Մտքերիս զարգացումը կանգ է առնում կիսաստված մարդու հավատալիքների մոտ։ Հեսսեն երբեմն ստիպում է խճճվել միստիկայի, ամենատարբեր հավատալիքների ու սիմվոլների մեջ։ Բայց որքան ավելի շատ են հոգեհարազատ դառնում տարատեսակ հավատալիքներն իրենց խորհրդավորությամբ, ես ավելի ու ավելի եմ կապվում Աստվածաշնչին, որ թույլ է տալիս հույսով լցվել ամենաանհավանական թվացող երևույթների հանդեպ։ Գիտությամբ ու փաստերով ուսումնասիրություններ կատարող Մարդն, այնուամենայնիվ, չի դադարում հավատալ, որ Երկրային կյանքն ընդամենը մի փոքրիկ ժամանակահատված է հավերժության մեջ, բայցև հավերժության էությունը բացատրել չի կարողանում։

Մարդը, Սերը, Հույսը, Հավերժությունը և Ժամանակը, Իմաստության Զվարթությունը կամ Արթնացումը, որ տարբեր հավատալիքների մեջ մաքրամաքուր, մեղքերից ազատված մարդկային դրությունն է, Սպասումը և Հոգին՝ որպես մարմնի կենարար հեղուկ և ինքնին Կյանք, կարևորագույն նշանակություն ունեցող կետերն են և՛ Աստվածաշնչում,  և՛ Հեսսեի վեպերի բովանդակության մեջ։ Այս մտքերի հորձանուտի մեջ ես թղթի վրա զատում եմ իմ զգացմունքները և ընկալումները՝ հավատարիմ մնալով և՛ Հեսսեին, և՛ Աստվածաշնչին, և՛ Մարդուն։

Երբ մատիտս վայր եմ դնում, սկսում եմ մտքումս կարդալ.

 

Դու իմ սիրելի պատահականությունն ես,

Որ եկար պարզապես լինելու համար։

Թեև անմտադիր, բայց զգուշորեն՝

Եղար, որ մի դաս ինձ ուսուցանես։

 

Եղար, որ հիշեմ,

Որ պետք է սիրեմ իմ մերձավորին՝

Իմ իսկ անձի պես։

Բայց հեռավո՜րս,

Օրենքն անտեսած՝ սիրեցի և քեզ։

 

Եղար, որ ցավամ, եղար, որ ցավեմ,

Որ երջանկանամ անգամ վշտի մեջ

Ու որ երբեմն գլուխս կորցրած՝

Մի հիվանդությամբ ինձ ապաքինեմ։

 

Մտքերս հասցնելով մի այլ եզերքի՝

Եղար պարզապես, որ ես ի վերջո

Ժամանակին սահմանում տամ մի՝

Որն հավերժ նույնն է, բայց միշտ՝ նորովի։

 

Եղար, որ օգնես անգիտակցաբար,

Արթնացում կոչես զվարթությունս խոր,

Թույլ չտաս երբեք իզուր ափսոսել

Սպասման վրա վատնած ոչ մի օր։

 

Եղար… որ կյանքում ես ցանող լինեմ,

Ով բերքհավաքի սպասում ունի ո՛չ երկրի վրա,

Ում դիափոշին մի օր այլևս

Քամու ձեռքն ընկած, անարժեք դարձած՝

անտեր կմնա։

 

Իսկ քննադատությունները թողնում եմ ձեզ։ Դուք էլ մտորեք Մարդու մասին, նրա տեղի ու դերի, նրա սկզբի ու հետագա ճանապարհի մասին, համաձայնեք, կամ վիճեք ինձ հետ՝ ձեր իսկ բանաստեղծությամբ։ Ես կսպասեմ։