armine karapetyan

Ինչպես սովորել պատմություն

-1988 թվականի փետրվարին շատ իրադարձություններ կան՝ համարյա իրար հետևից, ուշադիր կլինեք, քննությանը լինում են… 1988-ի փետրվարին սկսվել է Արցախյան շարժումը։

Այսպես սկսվեց մեր պատմության դասը, երբ ընկեր Բաղդասարյանը իրեն հատուկ առոգանությամբ բացատրում էր դասը և «ստիպում», որ առանց աչքերը փակելու՝ այդ իրադարձությունների մասնակիցը դառնանք: Իրականում պատմության ժամերին մեզնից շատերը «դասարանը լքում են», հետ տալիս ժամանակի հսկայական անիվն ու մտքով հասնում ոչ այնքան հեռու՝ 20-րդ դար, ակամա դառնում պատմության կրողն ու ականատեսը: Ու պատմության քառուղիներում իրականացրած էքսկուրսիայից հետո՝ մեր գլխում հարցերի տեղատարափ է սկսվում, միտքն ալեկոծվում է, ու հարցերն ասես ռմբակոծում են ուղեղը:

Այս դասը բացառություն չէր. չգիտեմ՝ ինչու, 90-ականներն ինձ համար բավականին հետաքրքիր շրջան են, որն իր մեջ ներառում է նաև կյանքի ու ազատության համար մղված հերոսական պատերազմը: Ու դրա համար էր, որ երկրորդ պարբերությանը չհասած՝ ընդհատում էինք ուսուցչին ու հղում մեզ հուզող հարցերը:

Ընկեր Բաղդասարյանն արցախցի է ու անցել է թե՛ արցախյան գոյամարտի, թե՛ ապրիլյան քառօրյա մարտերի թոհուբոհի միջով: Ու այն հարցից հետո, թե ինչպես էր մշակված «Կոլցո» օպերացիան, սկսվեց իրական հարց-պատասխանի հեղեղ: Պատմածներն իսկապես շշմեցնող ու հպարտացնող էին: Մեկ-մեկ զարմանում էի մեր ազգի կամքի, զորության ու հավատի վրա:

Պատմում էր, որ եղել են օրեր, երբ ադրբեջանցիները 2000-2500 գրադ կայան են նետել Ճարտար գյուղի (այժմ՝ քաղաք) վրա, իսկ այդ ժամանակ գյուղացիները զբաղված են եղել իրենց առտնին գործերով:

-Մենք հավաքվել էինք հորքուրենց տանը՝ համարելով, որ դա ամենաապահով վայրն էր պատսպարվելու համար, որովհետև բավականին հաստ պատեր ուներ: Մի քանի ընտանիքներ մի քանի տարի ապրել են միևնույն հարկի տակ: Ու այնժամ, երբ թշնամին անդադար ռմբակոծում էր բնակավայրը, մենք թութ էին թափ տալիս, դոշաբ էինք պատրաստում ու ստեպ-ստեպ դուրս գալիս՝ տեսնելու արդյոք կրակը մարել էր, թե ոչ…

-Բա ձեզ բան չէր լինո՞ւմ, չէիք վախենո՞ւմ:

-Ես 4-5-րդ դասարանի երեխա էի, բայց շատ լավ հիշում եմ, որ մեր գյուղի 4 տոննայանոց ջրհորում ոչ մի գրամ ջուր չէր մնացել. հրդեհ էին հանգցրել: Մի անգամ կրակի բոցերը հասել էին մեր տանն ու բոլորը՝ ծանոթ, անծանոթ, տարածքից հեռացնում էին փայտերն ու այն իրերը, որոնք կարող էին նպաստել հրդեհի տարածմանը: Ու այդպես նրանք փրկեցին մեր տունը:

-Ընկեր Բաղդասարյան, որ Ձեր գյուղը գրավեին, հետո ի՞նչ էր լինելու, հասնելու էին Ստեփանակերտ ու վե՞րջ:

-Դե, իրենց ռազմավարական պլանի համաձայն՝ նրանք ցանկանում էին օղակել Արցախը, հայաթափել Շահումյանի շրջանը: Բայց դա նրանց չհաջողվեց:

-Երեխեք, ինչ հետաքրքիր ա, չէ՞: Էնքան կուզեի գոնե մեկ օր ապրեի էդ ժամանակներում,- ասում էի ես՝ մեկը, ով ապրիլյան քառօրյային արցունքն աչքերին հետևում էր լուրերին, ու ամեն կորուստի հետ թևաթափ լինում, ամեն հաղթանակով՝ թևավորվում:

-Երբ մերոնք սկսեցին ազատագրական մարտերը, նրանք ատամ էին կռճացնում, որ պարտվել են, ու մի օր էլ ադրբեջանական մի ջոկատ մտնում է սահմանամերձ Նախճիվանիկ, Վարազաբուն և Փրջամալ գյուղերը՝ նպատակ ունենալով գերի վերցնել Նինա անունով բժշկուհու, ում ամուսինն ու որդին Մարտունու գլխավոր ճակատների հրամանատարներից էին: Ադրբեջանցիներին հաջողվում է Նինային և ևս 9 այլ կանանց գերեվարել, ու երբ Նինային ստիպում են, որ իր ամուսնուն ու որդուն հետ կանչի ռազմի դաշտից, վերջինս հրաժարվում է: Այդ դեպքից հետո անցնում են տարիներ, և այդ տասը կանանց մասին ոչ մի լուր չի ստացվում: Միան պատերազմի ավարտից հետո՝ շատ տարիներ անց, Ռոստովում ապաստանած մի ադրբեջանցի հարևանին պատմում է իր հայրենակիցների վայրագությունների մասին ու ամաչում դրանց համար: Ու գիտե՞ք՝ ինչ է պարզվում, որ ադրբեջանցու հարևանը հենց վերոնշյալ Նինայի համագյուղացին է եղել: Նրա պատմածի համաձայն՝ Նինային և ինը կանանց անասելի տանջանքների ենթարկելուց հետո, նետել են խոր փոսի մեջ և ողջակիզել: Համագյուղացին նյութը ներկայացնում է թերթին, որով էլ կանանց հարազատները տեղեկանում են նրանց դաժան ճակատագրի և տխուր վախճանի մասին:

Զլը՛նգ…

-Վա՛յ, երեխե՛ք, դասը չհասցրի. չէ, չսովորեք, կբացատրեմ՝ նոր, բավականին շատ իրադարձություններ կան:

Զանգը տվեց, ու ես, որ հայտնվել էի այդ իրադարձությունների կիզակետում, սթափվեցի: Մինչ ուսուցչուհին պատմում էր, աչքերումս արցունքները սառել էին, ու հազիվ էի զսպում հուզմունքս:

Աշխարհում կան մարդիկ, որոնք ծնվել են որ ավիրեն, ոչնչացնեն ու սպանեն իրենց շուրջը: Ու չգիտեմ՝ ինչից է, ամեն անգամ Հայաստանի, Արցախի մասին լսելիս՝ հպարտությունից աչքերս լցվում են:

Մենք անկախության սերունդն ենք: