Մեկ ժամ Թումանյան գրադարանում

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջը նշում էր գրադարանավարի օրը: Աշխարհի շատ երկրներ հայտնի են իրենց շքեղ ու հարուստ գրադարաններով: Գրադարանի դերն ու կարևորությունը մեծ է յուրաքանչյուր ազգի ինքնագնահատականի, գիտելիքի ու գիտության հանդեպ սիրո ու հոգատարության համար: Դեռ հին ժամանակներից հայ իրականության մեջ մեծ կարևորություն է տրվել գրին ու գրականությանը, անգամ հայ դիցաբանության մեջ ունեցել ենք գրի ու դպրության աստված՝ Տիրը` Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում  էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։

Ներկայումս, տեխնիկայի և գիտության զարգացմանը զուգահեռ, «կենդանի» գրքի հանդեպ ուշադրությունը կորել է կամ նկատվում է նման միտում, իսկ գրադարան գնալը դարձել է հազվագյուտ մի բան: Գրադարան գնալու փոխարեն՝ տվյալ գիրքը բեռնում են և վերջ:

Հոկտեմբերի 7-ը, ՀՀ կառավարության որոշմամբ, արդեն երկրորդ տարին է, ինչ նշվում է որպես Գրադարանավարի օր, որի նպատակն է` հետաքրքրություն սերմանել գրադարանի, գրքի և առհասարակ ընթերցանության հանդեպ:

Գրադարանավարի օրը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները, ժամանակակից մոտեցմամբ համեմված, ընդգծեցին այն փաստը, որ որքան էլ ապրում ենք տեխնիկայի ու գիտության սրընթաց աճի դարում, այնուամենայնիվ, ցանկացած նյութ գտնում ենք գրքերում, և շփումը նրանց հետ իմաստացնում է յուրաքանչյուրին: Միջոցառման խորագիրն էր՝ մեկ ժամ Թումանյան, նպատակը՝ ստեղծել գրադարանային իրավիճակ թումանյանական նոտաներով, սյուժեն՝ երեխաներին դասախոսի կողմից հանձնարարածը կատարելը՝ գրել սցենար, որի ամբողջ ընթացքը երևաց միջոցառման ողջ ընթացքում:

Միջոցառմանը տրված համարձակ լուծումները (ի զարմանս բոլորի՝ «Մի կաթիլ մեղրը» ներկայացվեց ռեփի տեսքով) ոչ միայն չխանգարեցին, այլև լրացրին և այլ կողմից ներկայանալի դարձրին Թումանյանին: Քոլեջի տնօրեն Իսկուհի Վարդանյանը արժևորեց գրքի դերը հայ հասարակության շրջանում և գրադարանների կարևորությունը մեզանում: Հորդորեց առավել մեծ նշանակություն տալ իրական գրքերին և առավել հաճախ օգտվել գրադարաններից: