astghik ghazaryan

Ինչ դառնալ

Շատ եմ դժվարանում մասնագիտական ընտրության հարցում, որովհետև ինչ մասնագիտություն էլ որ ընտրեմ, գյուղում հեռանկարային չէ: Միայն կրթական ոլորտում կարող ես աշխատանք գտնել, այն էլ, երբ որ եղած մասնագետները թոշակի անցնեն: Օրինակ՝ մայրս քսան տարի է արդեն սպասում է իր հերթին դպրոցում աշխատելու համար: Ներկա պահին մեր ընտանիքում կայուն աշխատանք ունեցող մարդ չկա: Նույն պատկերն է ամբողջ գյուղում. բոլորը գոյատևում են արտագնա աշխատանքի շնորհիվ: Մի պահ կար, որ երազում էի բժիշկ դառնալ, բայց հասունանալով սկսեցի ռեալ մտածել: Երևանում ապրել և այդքան ուսման վարձ վճարել՝ իմ ընտանիքի ուժերից վեր է:

Հիմա ուզում եմ լեզվաբան դառնալ, բայց առանց հետին մտքերի: Ես ունեմ մի հիանալի դասղեկ, որը լեզվաբան է: Լինելով հմուտ իր մասնագիտության մեջ՝ նա նաև հիանալի անձնավորություն է, օժտված բոլոր բարոյական արժեքներով: Կարելի է ասել, որ նա իմ իդեալն է: Պաշտելով նրան, սիրելով մոր պես՝ միշտ էլ ցանկացել եմ նմանվել նրան:Ես կարծես վարակվել եմ նրա սիրով, որը տածում է հայոց լեզվի հանդեպ: