Ճանապարհին

Լուսանկարը՝ Ալվարդ Փարսադանյանի

Լուսանկարը՝ Ալվարդ Փարսադանյանի

Անցյալը փոխել չեմ կարող, բայց կխոսեմ ներկայիս լեզվով… Մարդկային լեզուն դեռ չի ստեղծել այն բառերը, որոնք ընդունակ կլինեին նկարագրելու իմ զգացմունքերը: Այդ տեսակ գեղեցկությունը մխրճվեց իմ բեկյալ սրտի մեջ…

Ես շտապում էի: Այդ ծերուկը մոտեցավ ինձ, իսկ ես ժամանակ չունեի նրան լսելու: Թեթևակի սառը հայացք գցեցի դեպի նա՝ նա շատ թափթփված տեսք ուներ՝ ցնցոտիներ հագած, սպիտակ մազերը ճակատին թափթփված, հագին ուներ գորշ հնամաշ բաճկոն: Դեմքի կնճիռները նրա զառամյալ տարիքի մասին էին խոսում: Աչքերը, աչքերը գետնից չէր բարձրացնում: Ես մի քանի վայրկյան անթարթ նրան էի նայում: Ինձ հետաքրքիր էր նրա շարժ ու ձևը, հետո կարծես կորավ հետաքրքրությունս՝ ես արագացրի քայլերս, սակայն նորից դանդաղեցի, հետ նայեցի ու տեսա այդ ցնցոտիներով ծերուկը բերանը բացուխուփ էր անում:  Ինձ թվաց` ինչ-որ բան է ուզում ասել, ցավոք, մեր միջև եղած տարածությունը խլացնում էր նրա ձայնի հնչյունները, և ինձ խորթ էին մնում նրա խոսքերը։ Փորձեցի նրա բերանի շարժումներից գուշակել բառերը։ Ի՞նչ է կարկամում նա, դարձյալ անհասկանալի մնաց։  Ես շփոթմունքի մեջ էի, ախր, ուշանում էի և ժամանակ չունեի այդ մուրացկանի բառերը վերծանելու։ Կարող էի թողնել ու հեռանալ, բայց, չէ, որոշեցի հետ գնալ ու լսել նրան, քանի որ  հակառակ դեպքում ինքս ինձ այդ վերաբերմունքիս համար չէի հարգի։ Մոտենալով ինձ, նա ձեռքը հանեց բաճկոնի տակից։ Նրա ձեռքում թերթերի կույտ տեսա։ Ասում էր, որ գնեմ դրանցից ինչ-որ մեկը, ու էլի աչքերը գետնից չէր բարձրացնում։ Մի տեսակ հիասթափություն ապրեցի՝ ավելի հետաքրքիր կամ այլ ինչ-որ բան էի ուզում լսել, բայց և այնպես մտածեցի. «Իրոք, ուրիշ ի՞նչ պետք է լսեի մուրացկանից»։

Ես վճարեցի թերթի գումարը և առանց թերթը վերցնելու շտապեցի հեռանալ։

-Սպասի՛ր,-կարծես վշտացած արտասանեց նա։

Եվ ես վերջապես տեսա նրա բարի աչքերը, որ բարկության պահին էլ շարունակում էին բարի մնալ։ Վերջապես աչքերը բարձրացրեց գետնից ու նայեց աչքերիս։

-Ես մուրացկան չեմ, սա իմ աշխատանքն է, վերցրու՛ քո թերթը,-շարունակեց նա։

Ես մի քանի վայրկյան ապշահար նայում էի նրա աչքերին։ Ես այնտեղ տեսա հպարտություն, պարզություն, արդարություն և շատ այլ մարդկային հատկանիշներ։ Նրա աչքերը  կարծես ուղղորդող հայելի դարձան և ոչ նրա ցնցոտիները, ոչ էլ հագի հնամաշ շորերը պատնեշ չհանդիսացան, որպեսզի ես տեսնեմ նրա հոգու վեհությունը։ Այս դեպքերը, որոնք ես երկար-բարակ շարադրում եմ շատ արագ ընթացք են ունեցել՝ընդամենը վայրկյաններ, բայց այնքան տպավորիչ ու ազդեցիկ, որ ինձ ստիպեցին խորհեմ անցյալիս ու ներկայիս մասին։ Ուզում էի, որ ժամանակը կանգ առներ՝ վայրկյան ավել նրա աչքերի մեջ նայելու ու տեսնելու համար այն ամենը. ինչից զուրկ են շատերը։