anahit baghshetsyan

Ինչ է պատահում ամպերի վերևում

Բախտի բերմամբ հաճախ եմ լինում ինքնաթիռներում, և թռիչքները հաճախ տևում են 14-16 ժամ։ Շատերը մտածում են, որ 14 ժամ ինքնաթիռում նստելը, ամպերից վերև գտնվելն ու անգործությամբ զբաղվելը հերոսություն է։ Բայց ես միշտ սիրով կոտրում եմ այդ կարծրատիպը՝ մարդկանց ասելով, որ այդ ժամերը երբեմն շատ օգտակար կարող են լինել։ Ուրախ եմ, որ բախտ եմ ունեցել վայելել այդ 14 ժամերը 7 անգամ (շուտով 8-րդն էլ կավելանա)։

Երբ նստում եմ ինքնաթիռ, նախ հարմար «կահավորում եմ» իմ նստատեղը։ Այսինքն՝ տեղավորում եմ պայուսակս, բաճկոնս ու բոլոր-բոլոր այն պարագաները, որոնք ինձ պետք են գալու։ Ապա նույն բանն անում եմ եղբորս համար, քանի որ միշտ միասին ենք հայտնվում ամպերի վերևում։ Հետո ականջակալներով իմ սիրած երգերն եմ վայելում մինչև գետնից պոկվելն ու հանդարտ շարժվելը։ Դա տևում է երևի թե 30 րոպե։

Հետո մի քանի ֆիլմ եմ դիտում, սկսում եմ կարդալ այն գիրքը, որը պայուսակումս է, ու հաճախ էլ ավարտում եմ այն։ Երբ այս շարունակական պրոցեսը կրկնում էի արդեն 7-րդ անգամ (մարտի 19-ն էր), կողքիս նստած տղամարդը, որ ֆիլմ էր դիտում, խախտեց ինքնաթիռում տիրող լռությունը իր ծիծաղով։ Երևի ֆիլմի հերոսները ինչ-որ հումոր արեցին։ Ու քանի որ գրեթե բոլորը քնած էին, միայն ես լսեցի այդ ծիծաղը և ինքս էլ սկսեցի բարձր ծիծաղել։ Նա նկատեց ծիծաղս, հանեց ականջակալներից մեկն ու ասաց.

-Եթե ամերիկացի ես, անպայման կնայե՛ս այս ֆիլմը, շա՜տ լավն է, երևի թե միայն ամերիկացիները կհասկանան։

Խոսքն ավարտեց ու կրկին սկսեց քրքջալ։

Ես ասացի, որ ամերիկացի չեմ, բայց անպայման կնայեմ ֆիլմը։

Հետո կանգնեցրեց ֆիլմն ու ասաց.

-Տեսա, որ նկարում էիր քիչ առաջ, վատ չի ստացվում, բայց կարող ես ավելի լավ։ Ձեռքիդ շարժումները ճկուն չեն, տո՛ւր, ցույց տամ։

Առաջին անգամն էր, որ կողքիս նստած ուղևորը խոսում էր ինձ հետ։ Ուրախացա, ինքս էլ չգիտեմ՝ ինչու։ Արագ հանեցի ալբոմս ու մի մատիտի հետ մեկնեցի նրա կողմը։ Նա ցույց տվեց՝ ինչպես ճիշտ մշակումներ անել, ճիշտ դիրք ընտրել մարմնի համար։ Հետո ասաց, որ իր անունը Ռոն է, ծնողները կողմ չէին, որ ինքը արվեստով զբաղվի, բայց հիմա գրաֆիկ դիզայներ է ու մեծ գումարներ է աշխատում։ Այսպես խոսեցինք, ու չնկատեցի՝ ինչպես վայրէջք կատարեցինք։ Երբ դուրս եկանք ինքնաթիռից, շտապում էր և արագ քայլերով առաջանում։ Մոտեցավ ինձ ու ասաց.

-Շատ հաճելի էր, հուսամ՝ կրկին կտեսնվենք։

-Ռո՛ն, իսկ ինչպե՞ս էր կոչվում ֆիլմը,- հարցրի ես ու նկատեցի, որ իմ նոր ընկերն արդեն չքացել է մարդկային հսկա ամբոխում: