mariam tonoyan

Քյավառի հավատալիքները

Մեծ տատս հետաքրքիր կին էր՝ ավանդապաշտ, կարգուկանոն սիրող, հյուրասեր, բարի, իսկական քյավառցի (իրականում՝ հացառատցի, բայց Հացառատը արդեն թաղամաս է)։ Ամեն անգամ ձեռքս քար վերցնելիս, չարաճճի ընկերներիս  քարով սպառնալիս տատս ասում էր.

-Քարի մեջն արուն կա, ձեռիցդ շպրտա։

Չէի հավատում.

-Քարը քար է՝ կարծր, կոպիտ, ի՞նչ արյուն։

Բայց երբ մեր հարևան կանանց խոսակցությունից լսեցի, թե Գևորգը «քարից հաց քամող» մարդ է, սկսեցի կասկածել.

-Մարդ կկարծի, թե քարն ամբար է՜, ինչ է՜… Մեջն ամեն ինչ կա։

Մի օր դրանում համոզվելու համար մեծ քարով փշուր-փշուր արեցի փոքր քարերը։ Արյուն չկար, ոչ էլ հացի փշուրներ թափվեցին։

Տատիս տարօրինակ, կես հանելուկ, կես առակ հայտարարությունները երբեմն ինձ խելագարության էին հասցնում ու նման ինֆորմացիաները մարսելու համար դրանք վերլուծում էի ինձնից երկու տարով մեծ ընկերուհուս հետ։

-Մա՛ր, (երկուսիս անունն էլ Մարիամ է) գիտե՞ս, անցած անգամ հաց ուտելիս սեղանի անկյունում էի նստել, տատս ասում էր, որ էդտեղ չնստեմ՝ մարդի չեն տանի։ Էդ ի՞նչ է նշանակում,- աչքերս ճպճպացնելով հարցնում էի ես՝ ակնկալելով իմ մանկական ուղեղին հասանելի պատասխան։

Մարիամը, սովորության համաձայն, մի լավ ծիծաղում էր հարցիս վրա ու ինքն էլ մտածմունքների մեջ ընկնում.

-Ա, դե շա՞տ գիտեմ։ Մենակ քո մտքով կանցնի տենց հարց տալ։

-Բա որ ենթադրենք Պողոսի մասին խոսում են, ինչի՞ համար են ասում «Հանգաճդ կանչա, Պողոս ջան»,-նյարդայնանում եմ ես,- տենց ո՞նց կլնի։

-Տենց ասում են, եթե Պողոսը ուրիշ տեղում ա, հեռու ա, չի լսում քո ասածը։ Երբ մեկի մասին խոսում ես, բայց ինքը հեռու ա, իրա ականջի մեջ ձայներ են լսվում, «հանգաճը կանչում ա»։

Հարցական հայացքով նայում եմ նրան, սկսում է ծիծաղել, նրա ծիծաղի վրա էլ իմ ծիծաղն է գալիս։

Օրեցօր ավելի էր հետաքրքրանում հետազոտական աշխատանքս։ Մի օր նույնիսկ պատահաբար հայտնաբերեցի, որ նման տարօրինակ արտահայտություններ ես էլ եմ անում, որոնց իմաստը չգիտեմ։ Մեծերից լսել եմ, ենթագիտակցորեն ընդունել ու գործածել։ Հիշում եմ՝ երբ եղունգս սպիտակում էր, սպիտակ կետիկ էր հայտնվում վրան, ասում էի՝ նվեր ունեմ, ինձ նոր շոր կառնեն։ Երբ թարթիչիս ինչ-որ բան էր նստում, ասում էին. «հաշկին բեռ ա բարձե», ես էլ ուրախանում էի, թե հաստատ մի լավ բան լինելու է, ու չէի գցում այնքան ժամանակ, մինչև ինքն իրեն կընկներ։

Հայրս մինչև հիմա ուրախանում է, եթե աջ ձեռքի ափը քոր է գալիս՝ փող կստանա։ Իսկ ձախը հակառակը՝ կծախսի։

Քանի դեռ քույրս չէր մեծացել, ինձ նախատում էին, որ օրորոցը դատարկ օրորել չի կարելի, չարքերը երեխայի քունը կխանգարեն, ինձ միշտ տանջում էր նաև այն միտքը, թե ինչու են քրոջս բարձի տակ դանակ դնում։ Երբ մորս հարցրի, նա պատասխանեց.

-Երբ տանը, սենյակում մարդ չի լինում, օրորոցի մեջ՝ երեխայի գլխի տակ դանակ կամ մի կտոր հաց են դնում, որ չարքերը չվնասեն։

Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչու են սև կատու տեսնելիս ճանապարհը փոխում, որ հանկարծ խեղճ կենդանին ճամփան չհատի, թե ինչու չէին համբուրում երեխայի ծոծրակը, որ խռովկան չմեծանա։ Մեծերը միշտ լավաշը ձեռքով էին կիսում.

-Հացի վրա դանակ չեն քաշի, հացը կպակասի։

Փոքր երեխան որտեղի՞ց հասկանա, որ այս բոլորը դարերի ընթացքում, դեռևս հեթանոսական ժամանակներից ձևավորված հավատալիքներ են, որ մարդիկ գիշերով աղբ չեն թափում, որովհետև հավատում են, որ տան բարիքը շան ու գելի փայ կդառնա, որ տնից գնացողի հետևից ջուր են շփում, որ գնացողի նպատակը շուտ կատարվի, ու նա շուտ տուն վերադառնա։

Հարևաններից ժամանակավորապես վերցրած ամանը մենք մինչև հիմա դատարկ հետ չենք տալիս, մեջը մի ուտելիք կամ նվեր ենք դնում։ Մենք երևի մտածում ենք, որ դա շնորհակալություն հայտնելու տարբերակ է, այնինչ մեծերը հավատում էին, որ եթե այդպես չանեն, անասունները կկտրվեն կաթից, հավերը՝ ձվից։

Նման հավատալիքները շատ-շատ են, որոնցից շատերը թեև հնացել են, բայց մեծ մասը պահպանվել է ավանդապահ Քյավառում։

Դրանցից առավել հետաքրքիրները կարող եք կարդալ ստորև.

1. Հացը, պատառաքաղը, դանակը եթե տան անդամի ձեռքից թռավ, ասում էին. «Հէսօր մեր տունը մարդ ա գալու»։

2. Թռչունը պատուհանի առաջ եթե կանգնում, ծլվլում էր, կամ պատուհանից ներս էր մտնում, ընտանիքի պանդուխտից լավ լուր կստացվի, պանդուխտը կվերադառնա շուտով։

3. Ճանապարհին տերտերին հանդիպելը վատ նշան էր, որպեսզի ազդեցությունը վերացնի, հանդիպողը մոտակայքում մի քար պետք է գտնի շրջի, կամ ձեռքը գրպանում պահած երեք մատով կոմբինացիա անի՝ միջնամատը ուղղված դեպի տերտերը։

4. Ճանապարհին, եթե դատարկ ամանով մարդու էին հանդիպում, նշան էր, թե նպատակն անհաջողությամբ կպսակվի։ Հարկավոր էր ճանապարհը փոխել։

5. Եթե աջ աչքն է խաղում, լավ նշան է, ձախը՝ վատ։

6. Երբեմն մարդու երեսը տաքանում է՝ վառվում, կրակվում է, հավատում էին, որ ինչ-որ մեկը բամբասում է իրեն, երեսին խաչ էին անում, ասում.«Աստված, դու խերն անես»։

7. Կատուն, եթե թաթով երեսը լվանում է, թաթը տանում է ականջի հետևը, հավատում էին, որ պանդուխտից լուր կգա կամ ինքը կգա։ Այդ է պատճառը, որ Նոր Բայազետում կատուն երեսը լվանալիս, ասում էին.«Թաթդ տար հանկջիդ հետև»։

8. Շունը, եթե առանց պատճառի ոռնում է, նշանակում է` դժբախտություն է պատահելու. շանը կամ արձակում էին, կամ սպանում։