mariam nalbandyan

Ինչ-որ բանի մաս 2-րդ

Երբ ինչ-որ բանից հոգնած ձախ ոտքդ ծալելով ու կողքի ընկնելով կնստես փոքր սեղանի աջ բազկաթոռին ու անկապ ֆեյսբուքդ կթերթես, գուցե տեսնես իմ դեմքը, որ իբր նյութ է գրել։ Կարող ես բացել, մեկ էլ տեսար՝ մի բանում հասկանանք իրար։

Երբ գլուխդ էլ թեքված, վիզդ ջարդելու չափ հարմար կդնես բազկաթոռի մեջքին ու կզգաս, որ քունդ տանում է, բայց ինչ էլ անես, չես քնի, ու քույրդ ասի՝ մի մոռացի, որ դու կատու չես, մի օր վիզդ ջարդելու ես, իրեն կասես, որ քեզ հարմար է, ու դիրքդ չփոխես։ Մի քիչ կմտածես անկապ ու անկարևոր բաների մասին, որ էդ պահին գուցե քեզ համար ամենակարևորն են, մի քիչ էլ չես մտածի։ Կմտածես՝ ինչ անես, որ չմտածես։ Կբացես համակարգիչդ, ինչ-որ անկապ բան կխփես ստեղներին, կհասկանաս, որ հիմարություն է, F4-ով պատուհանները կփակես բոլոր, բայց ամեն դեպքում, «սեյվ» կանես, մեկ էլ տեսար։ Մի քանի տնային կխզբզես, կպառկես քնելու։

Երբ երկրորդ անգամ վիզդ ջարդելու չափ հարմար կպառկես բազկաթոռին, քրոջդ կասես՝ հարմար է, «նյուզֆիդ» կթերթես, համակարգիչը կբացես, մի քանի անկապ բան կխփես ու կփակես, կտաս հորքուրին՝ սերիալ նայի, մի քիչ խեղդված կլինես։

Երբ nրերորդ անգամ համակարգիչը անկապ կփակես՝ «նավսյակի սեյվ անելով», կհասկանաս, որ մի բան էն չի գնում։

Մեկ էլ` Մարիամ ջան, ախպոր պես, հասկանում եմ, որ մեջդ միաժամանակ մի քանի անձնավորություն է ապրում, բայց արի գոնե նյութերիդ մեջ ինքդ քեզ հետ երկրորդ դեմքով մի խոսիր։

Ես ինքս ինձ հետ չեմ խոսում, ընթերցողիս հետ եմ խոսում, ռադդ քաշի, մի խանգարիր։

Օքեյ։

Երբ հասկանաս, որ հետդ մի բան էն չի իսկապես, բացի իմ դեմքով նյութը, գուցե իրար հասկանանք։

Հիմա եթե նորմալ պատմեմ, կասեմ քեզ, որ իսկապես կուզեի ասել, որ եթե զգաս՝ հասկանում ենք իրար, իմ էդ անտեր դեմքը ֆեյսբուքով էլ գտնես, գրես, խոսենք մի քիչ, բայց չեմ ասի, չգրես, որովհետև չեմ պատասխանելու։ Գնալով ինձ արդեն խուլ ու համր ձևանալու միտքը այդքան էլ վատ չի թվում, ուղղակի, որ ոչ ոք չխոսի հետս ու ինձնից ոչինչ չակնկալի, ազնիվ խոսք։

Հեչ եղե՞լ է, որ սեփական շատ մոտ ընկերուհիդ, ում իսկապես շատ ես սիրում, ներվերիդ ազդի։ Ուղղակի չես ուզում, որ քեզ հետ խոսեն ու վերջ, ուղղակի հանգիստ թողեք։ Բայց եղե՞լ է, որ հենց հանգիստ է թողնում, քեզ աշխարհի ամենաանպիտան մարդն ես զգում, ուզում ես դժոխքում մի կորած ջհանդամում ծալապատիկ նստել ու էլ երբեք, երբեք ոչ մի բառ չարտաբերել։ Փոքր ժամանակ «Թոմն ու Ջերիի» միջի էն ճուտիկի համար գժվում էի, որ մի օր որոշել էր, որ ինքը սարսափելի գեշ ա, ու գլխին թղթե տոպրակ հագած էր ման գալիս։ Ուզում եմ էդ ճտի նման գլխիս թղթե տոպրակ քաշել ու լուռ նստել, որ երբ ինձ ոչ ոք չնկատի, դեպրեսվեմ, որ ոչ ոք ինձ չի նկատում։

Եղե՞լ է, որ քեզ համար էս կյանքում ամենակարևոր բանը մեկ էլ հանկարծ լրիվ անհնար դառնա։ Ինձ մոտ եղել է։ Առաջ շատ էի սիրում մտածել եղնիկների մասին, հիմա բոլոր եղնիկները, որոնց մասին կարող էի մտածել, սատկել են։

Առաջ գրում էի համարյա ամեն օր, հիմա ունեմ կիսատ մի էջանոց նյութ, որ ամեն անգամ բացում եմ, որ շարունակեմ, առաջ չի գնում։ Էդ էլ սատկեց։

Մարդիկ կան, չէ՞, ինչ-որ բան կարողանում են լավ անել։ Թեկուզ գոնե լավ սովորել ու բարձր գնահատականներ ստանալ։ Թեկուզ սուլել։ Ես ոչ մի բան չեմ կարողանում։

Եթե հիմա բարձր տրամադրություն ունենայի, կպատմեի, թե ինչքան եմ սիրել քաղցր բաներ թխելն ու ոնց եմ հիասթափվել ինձնից, որ ոչ մի բան իմ ուզածի պես չեմ ստանում։ Չնայած, եթե լավ տրամադրություն ունենայի, հենց էն գրածս կշարունակեի, կկարդայիր, գուցե մի տեղ իրար հասկանայինք։

Ու երբ անգամ Սելինջերի գրքիդ վրա փոշի կնստի, կհասկանաս, որ մի բան այն չէ։ Իսկապես, ոչ թե սովորական թեթև ինչ-որ բան։

Մի սև բան կնստի կողքիդ ու կխեղդի բոլոր-բոլոր միջիդ անձնավորություններին, մինչև կմնաք երկուսով, դու ու էլի դու՝ լրիվ անհետաքրքիր զրուցակից։

Երևի իմ միջի մի ուրիշ անձնավորություն էր ժամանակին լավ գրում, հիմա ինքն էլ սատկեց, պրծավ։ Իսկ էս մնացածները հումոր անել էլ չգիտեն։

Համենայնդեպս, էն գրածս կտամ կարդաս, մեկ է՝ չեմ շարունակելու, իսկ ես ու դու գուցե ինչ-որ տեղ իրար հասկանանք։

***

Չգիտեմ էլ՝ ոնց ամեն ինչ սկսվեց։ Երևի էն ժամանակից, որ հասկացա, որ գրելիս նյարդերս հանգստանում են։ Հենց էդ ոչ բարով պահից էլ որոշեցի ձեզ ամեն ինչ պատմել։

Եթե հավես չունես, ու առաջ տալով ես կարդալու, խնդրում եմ՝ մի կարդա, որովհետև ես հավեսով եմ գրել, իսկ դա կարևոր բան է:

1․

Եթե ուզում եք իմանալ այս ամբողջ պատմությունը, ապա երևի ճիշտ կլինի ձեզ տեղյակ պահել, որ այս նյութիս ֆայլի անունը դրել եմ “eshutyun part 2”: Չգիտեմ՝ ձեզ մոտ ոնց, բայց ինձ մոտ դրանից հետո կարդալու մի գրամ ցանկություն էլ չէր մնա։ Երևի սկսեմ այնտեղից, որ մի շատ հիմար ու վճռական քայլից հետո կյանքս մի 180 աստիճան շուռ եկավ։ Էդ հիմար ու վճռական քայլս էլ էն էր, որ մի քանի ամիս առաջ բռնեցի հեռախոսս ֆորմատ արեցի։ Այստեղ ընդհատեմ ու նշեմ, որ եթե հիմա քմծիծաղ տվեցիք, կամ ձեզ թվաց, որ կատակ եմ անում, փակեք էս անտեր էջը ու էլ իմ դեմքով ոչ մի նյութ չբացեք։ Հեռախոսիս մեջ ամբողջ կյանքս էր, ու այս նյութն էլ՝ հարց է, մինչև վերջ կգրվի, թե չէ միայն մի պատճառով՝ հեռախոսս ֆորմատ եմ արել։ Չեմ հիշում` ինչ ֆայլեր կային մեջը՝ չէին ջնջվում, կամ էլ ջնջածներս հետ էին գալիս։ Ես էլ շատ երկար չմտածեցի, բռնեցի միանգամից ֆորմատ արեցի, ինչ կար, չկար՝ ջնջեցի։ Ու հաշվի չառա, որ հեռախոսիս գրառումներում ավելի շատ բաներ են պահվում, քան, օրինակ, մատենադարանում։ Դե, իսկ դեղ խմելու ու մնացած ամեն ինչի ռեժիմներն էլ չասեմ։ Հարցը դա չէ։ Ձեր հետ չի՞ պատահում, որ կյանքը դանդաղ ընթացքով տեսնեք։ «Սլոու մոշն», էլի։ Երևի ես եմ դեբիլ, ազնիվ խոսք, բայց մեկ էլ պահի տակ կադրեր են լինում, որոնց վրա կյանքս դանդաղում է։ Դա կարող է լինել և լավ, և վատ բան։ Օրինակ՝ ասեմ։ Քայլում եմ փողոցով, մեկ էլ մի շատ դուրեկան ու փափուկ շուն գալիս է վրաս։ Դե, ես հո չե՞մ գնա տիրոջը խնդրեմ՝ սիրեմ, բայց այ, եթե շունն ինքն է գալիս քո վրա, կարող ես շոյել։ Սպասում եմ, թե երբ էդ շան ուրախ դունչը վերջապես ինձ կկպչի, ժպիտով արդեն ձեռքս մեկնում եմ, որ շոյեմ, մեկ էլ հենց ինձ դիպչելուց մի միլիմետրի վրա տերը այնպես է քաշում վզկապից, որ շունը համարյա ծառս լինելով հետ է մղվում, ես էլ իր տեղը խեղդվում եմ։ Այ, այս կադրը ինձ մոտ դանդաղ ընթացքով է երևում, ու էնպես եմ ֆիքսվում, որ տիրոջը մի լավ կքոթակեի, ազնիվ խոսք։ Կյանքում էդպիսի մարդու հետ գործ չեմ ունենա։ Ու էդ պահին գիտե՞ք՝ ինչ եմ անում։ Հանում եմ հեռախոսս ու մոտս նշում, գրում դրա մասին, որ հետո, երբ ամառային մի էսպիսի նողկալի երեկոյի նստած դարդ կանեմ այլանդակածս տորթի համար ու որոշեմ գրել, բացեմ ցուցակս ու սկսեմ։ Այդ ամենի մասին ես գրել ուզում եմ, բայց պետք է հավաքվի, հասկանո՞ւմ եք։ Ու որպեսզի չմոռանամ, ես մոտս նշում եմ անում։ Էդ նշումներն ինձ համար ավելի թանկ են, կամ արդեն ճիշտ կլինի ասել, էին, քան, օրինակ՝ չգիտեմ։ Ոչ մի համեմատություն մտքիս չեկավ, անկապ սրամտություններ էլ չեմ սիրում։ Ուղղակի հավատացեք, շատ կարևոր էին։ Դրանից հետո կամ ինքս ինձնից եմ հիասթափվել, կամ էլ էդ անտեր հեռախոսի մեջ իմ նման դեբիլների համար հնարած մի կոճակով ֆորմատ հնարողից։ Հարցրեց՝ վստա՞հ ես, ասացի՝ հա, բա ոնց։ Տո մի հատ էլ ասեիր, էլի, որ նշումներդ ջնջվելու են, մի հատ ասեիր՝ մի քիչ երկար մտածի, միանգամից չանեիր։ Ես դեբիլ եմ, բա էդ հնարո՞ղը։ Հա, հենց նոր հիշեցի, որ լավ էլ զգուշացրել է։ Նույնիսկ ծածկագիր ուզեց։ Բայց զգույշը հաստատ իմ մասին չէ։ Ու ոչ մի բանից չեմ խրատվում։ Օրինակ՝ այն բանից, որ ես տորթ թխել չգիտեմ։ Այստեղ մի հատ էլ ընդհատեմ, ու ասեմ, որ եթե դա էլ է քեզ համար դատարկ բան, խնդրում եմ, փակիր էս պատուհանը գրողի ծոցը, թե չէ կներվայնանամ։ Ընդհանրապես՝ ոչ մի բան ինձ այնպես հունից չի հանում, ինչքան այն, որ մի բան քեզ համար կարևոր է, իսկ ուրիշի համար՝ դատարկ բան։ Ընդհանրապես՝ գիտե՞ք, ինչի չէի գրում։ Որովհետև մտածում եմ՝ ոչ մեկին հետաքրքիր չի։ Ու ընդհանրապես, ում ինչ պետքն է` դու ինչ ես մտածում ու ինչ անտեր ֆայլեր ես ջնջել քո անտեր հեռախոսի միջից։ Անկապ բաներ են, ազնիվ խոսք, խորհուրդ եմ տալիս չկարդալ։ Ինձ էլ խորհուրդ եմ տալիս էլ չգրել երբեք, բայց ինչպես նշեցի՝ չեմ խրատվում։

Օրինակ՝ ես շատ եմ սիրում տորթ թխել։ Հավեսս գալիս է, ազնիվ խոսք, ուզում եմ սիրուն բաներ սարքել, բայց ոչ մի անգամ մի նորմալ բան չի ստացվել։ Վաղն էլ մորս ծնունդն է, ասացի՝ տորթ թխեմ։ Հո չեմ խրատվում, որ ոչ մի անգամ իմ ուզած բանը չեմ ստացել։ Մի խոսքով՝ պետք է լիներ սրտիկի տեսքով, բայց հիշեցնում է ինձ՝ պրոֆիլից, չաղացած ժամանակ։ Նույն ձևով մի հազար անգամ ինքս ինձ խոսք եմ տվել էլ տորթեր չթխել ու չգրել, ոնց տեսնում եք՝ ոչ մեկն եմ թարգել, ոչ էլ մյուսը։

Չգիտեմ էլ՝ ինչ եմ անում ես հիմա։ Ուղղակի տեսա գրելս չի գալիս, ասացի՝ գրեմ: Հիշեցի, որ անցած տարի էս ժամանակ գրում էի։ Թե իբր, ինչի՞։ Ոչ ոք չգիտի, չնայած ոչ ոքի հետ ես ի՞նչ գործ ունեմ։ Ես չգիտեմ։

***

Երկրորդ պոռթկումս եղավ երևի այն ժամանակ, որ իմացա ամսի 27-ից եմ դասի։ Օգոստոսի 27-ից, սեպտեմբերի 1-ի փոխարեն ու մի հատ աննորմալ դասացուցակով։ Իսկ ինձ նման համալսարանն ատողի համար, հավատացեք, դա կարևոր նորություն է։ Երեկ իմացա, բայց նոր, մոտ մի 24 ժամ հետո, նոր ջղայնացա։ Ընդհանրապես, ես ամեն ինչը ուշ եմ հասկանում։ Օրինակ՝ հենց նոր հասկացա, որ դրանից ահավոր ջղայնացած եմ, բայց երեկ` չէի։ Կամ կարող է մեկից նեղանամ, մի տասը րոպե հետը նորմալ խոսեմ, հետո հասկանամ, որ ես տասը րոպե առաջ նյարդայնացել էի, ու էլ չխոսեմ։ Ի՞նչ եմ, է, գրում, դրա մասին չէր խոսքս։ Ուղղակի երևի շոգից է, որ նստած տեղս մեկ էլ բավականին բարկանում եմ, ազնիվ խոսք։ Ու դրանից ավելի եմ շոգում։ Ոնց որ նաև էն մարդկանց մասին մտածելուց կամ տեսնելուց, որ իրենց մականուններ են հնարում։ Դե, եթե քեզ փոքր ժամանակվանից մի բան ասել են, ու դա էդպես էլ մնացել է, հավես երևույթ է, խոսքս դրա մասին չէ։ Օրինակ՝ քույրս էլ ինձ մինչև հիմա Մոնի է ասում Մարիամի փոխարեն, բայց եթե դու 17-18 տարի եղել ես Վաղինակ, ու հետո որոշել ես, որ այսուհետ լինելու ես «Արև-աղջիկ», «Երիցուկ» կամ Moon, չշփվես հետս, խնդրում եմ։ Չնայած դժվար թե ցանկություն էլ ունենայիր։ Ընդհանրապես, ես երևի շփվող չեմ, ուղղակի էնքան բան կա, որ վրաս ազդում է էս վերջերս, որ խուլ ու համր ձևանալու միտքը ինձ արդեն էդքան էլ վատ չի թվում։

Ձևական բաների մասին արդեն այնքան եմ գրել, որ երևի զզվել եք ինձնից, բայց մեկ է, դա դեռ մնում է ինձ ամենաբարկացնող բանը

***

Վերջակետ չեմ դրել, չեմ էլ դնելու, մեկ էլ տեսար՝ շարունակեցի։ Բազմակետ էլ չեմ դրել, որովհետև զզվում եմ էդ կետադրական նշանից։ Եթե կարող ես, Սելինջերից լավ մի բան գրիր, որ նորից ոգեշնչվեմ։ Խոստանում եմ իմ անդուր սև թխվածքաբլիթներից ու մի հատ էլ խանութից՝ նորմալը։