Բացահայտելով մեր մեջ ապրող տաղանդներին

Կարենը խոսելուց մի փոքր լարվում է, արվեստագետին բնորոշ կերպով ավելի շատ զգում է, քան արտահայտվում:
Ասում է, որ իր համար երգը մարդկանց հետ շփվելու լավագույն միջոցն է: Զրուցակիցս իմ լավ ու տաղանդավոր
ընկեր Կարեն Կարապետյանն է (չշփոթել ՀՀ վարչապետի հետ):

-Ինչպե՞ս ստացվեց մուտքդ երաժշտության ասպարեզ:
-Պրոֆեսիոնալ երգով զբաղվում եմ 10 տարեկանից: Դրա համար շնորհակալ եմ պապիկիս, որը, իմ մեջ տեսնելով
երաժշտական տաղանդ, քաջալերեց և օգնեց ոտք դնել երաժշտական ասպարեզ:

-Դժվա՞ր է արդյոք գյուղի երեխաների համար զբաղվել արվեստով, և կա՞ն բավարար պայմաններ դրա համար:
-Մեր Քարակերտ գյուղում հնարավորությունները սուղ են, գրեթե չկան: Ես քայլերս սկսել եմ Արմավիրի արվեստի
պետական քոլեջից: Երևի պատկերացնում եք, թե որքան բարդ է համատեղել երաժշտությունը դասերի հետ,
հատկապես, երբ ստիպված ես տեղից տեղ գնալ:

-Ո՞ր իրադարձությունն է եղել բեկումնային քո կարիերայում:
-Ինձ համար նշանակալից է եղել «Դոից-դո» հաղորդումը, որի ամանորյա նկարահանումներից հետո սկսվեցին
երաժշտական առաջարկները: Իմ հաջողությունները շարունակվեցին «Խենթություն և ընկերներ» նախագծի
ընթացքում, որտեղ ձեռք բերեցի տաղանդավոր ընկերներ և հետագա նոր հնարավորություններ: Դրական արձագանք
ստացավ նաև մեր «Հայ զինվոր» խորագրով տեսահոլովակը:

-Ունե՞ս արդյոք սեփական երգ կամ տեսահոլովակ:
-Իմ առաջին երգը կոչվում է «Սերը հեքիաթ է», որի խոսքերի և երաժշտության հեղինակը իմ շատ սիրելի Օֆելյա
Մկրտչյանն է, իսկ գործիքավորման համար շնորհակալ եմ Վահան Նահապետյանին:

-Ովքե՞ր են աջակցում քեզ այս չափազանց աշխատատար գործում:
-Մշտապես իմ կողքին են ընտանիքս, ընկերներս, համադասարանցիներս և մի շարք այլ մարդիկ, ովքեր օգնում և
քաջալերում են ինձ ամեն հարցում:

-Ո՞րն է քո ոգեշնչման աղբյուրը:
-Իսկական արվեստագետին ոգեշնչման աղբյուր պետք չի: Ինձ համար ոգեշնչող է բնությունը, սերը, մարդիկ, ամեն
ինչ: Ես էությամբ փոփոխական մարդ եմ, և ամեն բան կախված է իմ տրամադրությունից:

-Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի հետ կապված:
-Առաջիկայում նախատեսվում է նոր երգ: Պլաններում կա նաև բարեգործական համերգ, որից ստացված հասույթը
ուղղվելու է զորամասերին: Շուտով կունենամ նաև նոր երգ հայտնի երգչի հետ:

-Որտե՞ղ ես տեսնում Կարենին 20 տարի հետո:
-20 տարի հետո Կարենը իր սեփական ատամնաբուժական կլինիկայում երգելով իր գործն է կատարում: