inesa zohrabyan

Ինչ-որ կարևոր դարակներում

Քաղաք, հետո գյուղ, մի քանի օր հետո ինչ-որ սիրուն բաների համար էլի քաղաք ու էլի ինչ-որ սիրուն բաների համար նորից գյուղ։ Ու դու չես հասցնում կարոտել ու կարոտակեզ ու սիրաշատ տողեր գրել էս երկու բովանդակությամբ լի «տարածքների» համար։ Երբ գալիս եմ քաղաք, շատերին եմ տեսնում ականջակալներով ու մտածում՝ տեսնես ինչո՞ւ են դնում քայլելիս, չե՞ն ուզում լսել ուրիշ խոսակցություններ, թե՞ ուզում են ինքնապաշտպանվել քաղաքի անկյուններից անտեղյակ ու հարցուփորձ անող մարդկանցից։ Օրինակ՝ ես, կյանքիս տասնյոթերորդ տարում որոշեցի, որ էլ չեմ ուզում դպրոց գնալիս գյուղի փողոցներին լսել, հոգնություն կար ու նոր սկսեցի ականջակալներ դնել, ու հիմա մտածում եմ՝ երբ (եթե) տեղափոխվեմ Երևան, արդյոք նույնը կլինի, թե՞ բազմազանությունը չի թողնի։ Չգիտեմ, ես անգիր էի արել բոլոր ձայներն ու շշուկները գյուղիս, չնայած՝ դրանք ամեն օր փոխվում են, ու որոշեցի ականջակալվել մի քիչ քայլելիս։ Արդեն կա՞ն երգեր, որոնք չես հասցնում լսել, բայց և չլսել չես կարող ու ճանապարհն ես օգտագործում քո սիրուն զգացումների վերապրման համար։ Թերևս հավանական ու փոփոխական տարբերակներ։ Ես միշտ ունեմ «երևին» ու երկու բանի մեջ տատանվելը։ Տիպիկ։
Ու շարունակելով Երևանում քայլել առանց ականջակալների, ականջիս են հասնում (չէ, ես չեմ լարում, որ լսեմ, իրոք հասնում են) շատ սիրուն կիսախառը ինչ-որ տողեր՝ «որ շատ զաձեռշկա չլինի», «եղավ լավ», «մինչև ո՞ւր ես գնում», «մի տաս րոպեից կզանգեմ»։ Ու էս ամենի հետ համընթաց ես մի պահ գնում եմ խոսակցի ականջների, հեռախոսի միջով, պատկերացնում սիտուացիան, ձևակերպում ինձ հաճելի կամ սարսափելի ձևով ու դնում եմ հիշողությանս փոքր դարակների մեջ։ Իսկ թե ինչու՝ չգիտեմ, բացահայտման փուլում է, մեկ-մեկ անում ես բաներ պարապությունից, մեկ-մեկ «մեկ էլ տեսար պետք եկավ»-ից ։ Չգիտեմ։ Դեռ։