inesa zohrabyan

Ինքնամեկուսացման արտակարգ սովորական մի օր

Ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչու եմ քիչ գրում ու հասկանում եմ, որ իմ շատ երևիներից մի քանիսը դրևորվում են նաև այստեղ… արդյոք կարիք կա սրա մասին գրելու, արդյոք պետք է սա նյութի վերածեմ, արդյոք սա հենց այն է, ինչ ուզում եմ գրել։ Ու այսպես շատ արդյոքներ, բայց եթե հիմա սա կարդում ես, ուրեմն վերջապես որոշել եմ արդյոքներովս հանդերձ գրել։

Հաստատ ինչ-որ հաճախականությամբ ասած կլինեք, թե «բա պարապ չլինեի», որ սա, սա ու սա անեի։ Խնդրեմ, եկել է այդ բաղձալի պահը։ Այ քեզ բան, հենց նոր հասկացա, որ էս բառը շատ եմ սիրում, հենց նոր «բաղձալի» բառը իրեն շոյված զգաց։ Հա, ասում էի, որ այդ ազատ ժամանակը օգտագործելու վերաբերյալ շատ վեհ ստատուսներ, գուցե հոդվածներ կարդացած լինեք, որոնք խրախուսում են գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, ինքնակրթվել վիդեոհոլովակներով, առցանց դասընթացներով, դե իրականում, շատերի համար ինքնամեկուսացում պետք չէր սրա համար, բայց շատերի համար էլ փաստորեն պետք էր։ Էս մի քանի օրերի ընթացքում հասկացել եմ մի բան, հրաշալի է կարանտինը մի հմտություն զարգացնելու համար, չէ, ձեզ ծանոթ հմտություններից չեմ գրելու, հմտությունը կոչվում է ՝ ամեն ինչից անդին սիրունը գտնելու հմտություն, որը ձեզ պետք կգա բոլոր մյուս հմտությունների համար ևս։ Մի քիչ մանրամասնեմ։ Իրականում սիրունը գտնելը շատ դրական է ազդում բոլորի վրա, օրինակ՝ ես այս մի քանի օրերի ընթացքում դարձել եմ ավելի ուշադիր, թե մերոնք ինչ են խոսում, ու շատ հաճախ, երբ դրանք լուրերին են վերաբերում, ես դառնում եմ փաստերի ստուգման հարթակի անուղղակի մասնակից, դե հասկացաք էլի, մերոնց ասում եմ, որ չկա նման բան ու փաստարկներ եմ բերում, որովհետև մի 10 րոպե առաջ ես էդ նյութի արդեն իսկ հերքման մասին էի կարդացել։

Մյուս սիրուն բանը ինձ համար վերջապես տարբերել սովորելն է, սովորել տարբերել կանաչիների տեսակերը։ Հաց եմ ուտում ու չգիտեմ, թե ինչ եմ ուտում, դե անունը, էլի ու որոշում եմ սովորել տարբերել ըստ տեսքի:

-Տատի, էս որ ուտում եմ, անունը ո՞նց է։

-Սպանախ։

-Իսկ էն, որ չեմ սիրում է, կանաչու տեսակ էր, դա ո՞րն է։

-Ռեհան։

-Իսկ էն, որ շատ եմ սիրում, խառը կանաչու մեջ է։

-Էդ մեկն էլ համեմն է…

Ըհն ու էսպես սկսում եմ ավելի ուշադիր նայել, թե ինչ եմ ուտում, տեսքին եմ ուշադրություն դարձնում ու հասկանում եմ, թե ինչ լավ բան է կարանտինը։

Սիրուն մի բան ևս, որը հաճելի եմ գտնում, այն է, որ ընտանիքիս անդամները շատ էլ ուշադիր են փաստորեն: Դե, քիչ-քիչ զարգացնում եմ սիրունը տեսնելու, դուրս բերելու հմտությունս, կուզեմ՝ դուք էլ այդպես անեք, ինչպես հասկացաք՝ դեռ սկսնակ եմ, որովհետև եթե ավելի ուշադիր լինեի` ավելի շատ օրինակներ կբերեի մեր առօրյայի սիրուն կողմերը գտնելու, գնահատելու վերաբերյալ։ Սիրելի՛ ընթերցող, ու վերջում էլի ասեմ, տանը մնա ու ինքնամեկուսացման առավելություններին ավելացրու նաև քո տարբերակը: