marat sirunyan

Ինքն էլ ժպտաց

Մեկը հեռվից ձայն էր տալիս. անունը մեկ ուժգին լսվեց, ու մեկ էլ խլացավ ամեն ձայն: Քար լռության մեջ հանկարծ մի բոց չգիտես` որտեղից հայտնվեց ու մի ակնթարթում իր մեջ առավ իրենց փոքրիկ տունը… Հետո նույն արագությամբ ամեն ինչ խաղաղ տեսք ստացավ. հայրը եզան խոփից բռնած արտն էր վարում ու երբեմն ժպտացող հայացքն իրեն ուղղում… Մի պահ հանկարծ աչքերը մթնեցին. մեկը մյուսին սկսեցին հաջորդել սարսափի ու եղեռնի տեսարանները… Վեր թռավ… Էրգիրն էր երազի մեջ… Արևի շողերն արդեն պատուհանի ապակին տաքացրած ու վարագույրի փոքրիկ բացվածքից ներս ընկած փայլփլում էին՝ նրա աչքերից հոսող արցունքներին հպվելով: Վեր կացավ, հագնվեց, բայց ոտքերում ուժ չգտավ կանգնելու: Անկողնու կողքի հնաոճ դարակից, որը տարիներ շարունակ փոշին ներծծել էր իր մեջ, հանեց նույնքան հին մուշտուկն ու երազի սարսափազդու տեսիլներն էլ մեջը լցնելով ու վառելով՝ մտքերի մեջ ընկավ… Մեկ էլ ե՞րբ էր հորը ժպտալիս տեսել… Հիշե՜ց… Մեկը դեռ էրգրում էր, մյուսը՝ էրգիր գնալիս… Տեսնես հիմա ինչո՞ւ էր ժպտում… Մինչև մտքերից սթափվեց, մուշտուկից երկու մուխ հասցրեց քաշել. հանգավ… Ուժերը տեղն եկան, կանգնեց, առանց մուշտուկը ձեռքից ցած դնելու՝ դուրս եկավ սենյակից, հետո՝ տնից: Մուշտուկի մեջ եղած մնացորդը դատարկեց ու դրեց գրպանը, քայլերն ուղղեց խնձորենուն: Ճյուղերը կախվել էին, կարմրաթուշ խնձորներն այս ու այն ճյուղից ժպում էին, աչքով անում… Բանատեղ դնող չկար… Այգում էր կանգնած, իսկ աչքերի առաջ նորից իրենց տունն ու արտն էր… Սթափվում էր, ձեռքը մեկնում, մեկ-երկու խնձոր քաղում, դնում գրպանն ու նորից մտքերով տարվում… Կոստյումի գրպաններում էլ տեղ չկար: Նստեց պատի տակի կոճղին ու հայացքը գյուղին ուղղեց: Քաղածը երեք-չորս խնձոր էր, բայց հասցրել էր քրտնել, իսկ քրտինքն էլ՝ սառչել ճակատին: Տաբատի գրպանից հանեց ճմռթված թաշկինակն ու սրբեց ճակատը: Տարիների դարդ ու ցավերի կեսը մուշտուկին էր տալիս, մյուս կեսը թաշկինակին տված՝ սահեցնում էր ճակտով, թողնում այնտեղ. իսկ այդ ցավերից արդեն տարիների ընթացքում խորը ձորեր էին գոյացել… Վեր կացավ ու ճամփա ընկավ… Բարև-բարի լույս, խոսք ու զրույց մուշտուկի հետ գրպանն էր դրել ու իր մտքերի հետ ընկած՝ քայլում էր, հանդիպողին գլխով անում ու զարմացած հայացքները ետևում թողած՝ անցնում: Քայլելուն զուգահեռ գրպանից հերթով հանում էր խնձորները, ցամաքած ձեռքերով մաքրում դրանք, նորից տեղավորում գրպանում: Վերջապես հասավ որդու տանը. նրան հանդիպեց բակում: Որդին զարմացավ, բայց ուրախացած ներս կանչեց.

-Էսքան ճամփեն ո՞նց ես եկել, ա՛յ մարդ, բայց ի՜նչ լավ է, որ եկար, հայրի՛կ, թե չէ ես ժամանակ չեմ ունենում. ահա, քիչ հետո էլ նորից քաղաք պիտի գնամ,- արդարանալու փորձ արեց որդին:

Որպես պատասխան՝ խոսելու փոխարեն խորը հոգոց հանեց, որի մեջ այնքան ցավ կար, որքան որդուն մեծացնելու ընթացքում ծխած մուշտուկների մեջ էր դրել երևի… Փոքր թոռը երկու-երեք ամսական էր, ինքը հազիվ երկու-երեք անգամ տեսած լիներ… Մոտեցավ օրորոցին, գրպանից հանեց խնձորներն ու դրեց երեխայի կողքին, իսկ փոքրիկը ուրախացած սկսեց խաղալ դրանց հետ: Մյուս թոռները գյուղում չէին. հորաքրոջ տուն էին գնացել՝ քաղաք: Մի քանի րոպե լուռ հետևում էր փոքրիկին, արցունքները դանդաղ հոսում էին փոս ընկած այտերով, հասնում շուրթերին, բայց անգամ դրանց աղի համը չէր զգում. բերանի համն էլ էր կորցրել, թեև կյանքի համը դեռ կարգին չէր առել…

Արցունքները սրբեց, օրհնեց թոռանն ու անմիջապես դուրս եկավ տանից, որդին էլ ետևից, ու վերջինիս՝ մի փոքր էլ մնալու խնդրանքներին ականջալուր չեղավ: Շոյեց որդու գլուխը, համբուրեց ճակատն ու գնաց… Մի քանի քայլ անելուց հետո շրջվեց դեպի որդին ու դառնաժպիտը դեմքին՝ լսելի շշնջաց.

-Լաո, մանչուդ լավ նայէ. դու լը գմենձնաս…

Որդին սառած մնաց տեղում, ինքն անհետացավ հորիզոնում… Չհասկացավ էլ ինչպես հասավ տուն…

Գրպանից մուշտուկը հանեց, մի կերպ՝ մեջքի ցավին մեջքով կանգնած կռացավ, մի բուռ հող վերցրեց ու թութունի փոխարեն հողը սկսեց լցնել մուշտուկի մեջ: Այդ միջոցին հարևանը հասավ ու զարմացած մնաց.

-Էդ ի՞նչ բանի ես, այ մարդ, հո՞ չես խելռե…

-Ա՜խ զիմ հեր հող գվարեր, ես էս հող թոկերով զգալ գուզիմ, զիմ ցավ էդ հողի մեջ թաղել գուզիմ, տո՝ խելռե՜լ գուզիմ…,- դողացող ձեռքից հողով լցված մուշտուկն ընկավ… Աչքերի առաջ հայրն էր ժպտում…

Հարևանը թևանցուկ արած ներս տարավ նրան, պառկեցրեց անկողնու վրա ու շտապեց մեկին օգնության կանչելու: Արևի շողերը դողդողում էին պատուհանին դիպած. ներս չէին համարձակվում մտնել: Աչքերի առաջ մե՛կ այրվող տունն էր, մե՛կ ճյուղակոտոր խնձորենին. ականջներում էլ՝ հեռվից իրեն կանչող ձայները… Հորը հիշեց… ժպտում էր… Ինքն էլ ժպտաց…