meri antonyan

Ինքն ունի իր արևները…

Դո՞ւք էլ եք մեկ-մեկ առանց առիթի տխրում։ Հա՜, ես էլ… 

Ես մտածել եմ. գուցե դա նրանից է, որ ինչ-որ մեկին կարոտել ենք կամ էլ ինչ-որ մեկը իրենից անկախ մեզ մի քիչ նեղացրել է, օրինակ՝ չի զանգել կամ էլ վերջին անգամ հետներս շատ քիչ է խոսել։ Նույնն է. կարոտում ենք։

Կամ, միգուցե, մեզ մենակ ենք զգում, պակասել է մեկի ներկայությունը։ Դե, վերջին հաշվով՝ էլի կարոտում ենք։

Կարոտը մեզ իր ձեռքերի մեջ գնդում, մի բուռ է դարձնում։ Ինչքան էլ կողքից հպարտ, ինքնավստահ երևանք, կարոտի առաջ շա՜տ ենք խեղճանում։ Բա որ հանկարծ լինում է այնպես, որ գիտակցում ենք, որ կարոտներս առնելու հնարավորություն էլ չենք ունենալու, պա՜հ… Իսկ եթե նույնիսկ ունենանք էլ, գուցե կարոտներս չառնենք, հը՞ն։

Հիմա պատմեմ, տեսեք՝ դո՞ւք էլ եք զգացել։

Պատուհաններիցդ այն կողմ ամառվա շոգ օր է, իսկ ներսումդ մի քանի օրով (նույնիսկ շաբաթով) բույն է դրել աշունը։ Մտքումդ քեզ պատկերացնում ես տաք ծածկոցով փաթաթված, բազմոցի մի անկյունում կծկված, տաք թեյի բաժակը ձեռքիդ, թեյի երեսին էլ՝ լողացող կիսալուսնաձև լիմոն. ոնց որ հատուկ այդպես կտրված լինի, որ լուսնի տակ գիշերվա մենակությունը հիշեցնի։ Դե, ֆիլմի լինել-չլինելն էլ՝ ձեր ճաշակով։ Հա, հոգու պատուհաններից այն կողմի անձրևն էլ մոռացա։ Իհարկե, անձրևի «պատասխանատու» ամպերն էլ հավաքվում ու կոկորդդ են սեղմում։

Նկատել եմ նաև, որ տխուր ժամանակ շատ ենք մրսում։ Երևի մեր ներսի «ես»-ը մտածում է, որ եթե կարոտել է, ուրեմն կորցրել է իր արևին և ուրեմն պարտավոր է մրսել։

Մյուս կողմից, երբ որ ձմռան ամենացրտին էլ լինում ենք մեր «կարոտի» կողքին, ցուրտը չենք զգում կամ քիչ ենք զգում։ Ոնց հասկացա, մեր ներքին «ես»-ը հաշվի չի նստում դրսի արևի հետ, ինքն ունի իր արևները, իր մոտ մի ուրիշ կլիմա է, եղանակային օրենքներն էլ այստեղ չեն գործում։ Սրտիդ արևը խավարելիս ոնց որ սիրտդ բռնեն ու երկու ձեռքով քամեն, ճիշտ այնպես, ինչպես, եթե մանկությունիցդ դեռ հիշում ես, մայրիկներն էին լվացքը ջրից հանելուց հետո քամում։

Խավարումն ավարտվում է, ու թվում է, թե ուր որ է՝ սիրտդ կհանդարտվի, արևը դուրս կգա, ու եղանակը կտաքանա, բայց դե իր արևին նորից հանդիպելով՝ հիմա էլ, քիչ է մնում, դուրս թռչի տեղից։

Բան չեմ հասկանում էս «սիրտ-հոգի-տրամադրություն» եռյակից. շատ խառն են։