astghik hunanyan

Իսկական ամառը՝ յոթ սար այն կողմ

Եկավ: Եկավ էն եղանակը, երբ մարմինդ ամբողջ ուժով պիտի «հառնես» երկինք, որ կարողանաս քաղել թթենու ամենամեծ ու քաղցր հատիկը, արդյունքում ամբողջ ծառը թափ տալով, երբ ձերոնց սոխ ու ձվով ճաշեր եփելու դեպքում ունես այլընտրանքային հնարավորություն՝ հաց-պանիր-վարունգ, հաց-պանիր-լոլիկ, հաց-հաց:

Եկավ էն սեզոնը, երբ գիշերվա հազարին հեռախոսիդ լույսի «վրա եկած» մոծակ-մլակների հանդեպ եղեռնագործություն ես կատարում, հետո քաղաքավարի ներողություն խնդրում ու շարունակում արագ-արագ տկտկացնելով նամակ գրել, կարծես հենց նոր ինչ-որ մեկի նորածին մանչուկին չես սպանել, կամ ինչ-որ մեկի ողջ կյանքի սիրուն:

Եկավ էն սեզոնը, երբ պիտի ձմերուկ ընտրելուց ականջիդ մոտ պահած տկտկացնես ձմերուկին, իբր էդպես հասկանալու ես՝ լավն էր, թե չէ, սեզոն, երբ պիտի առաջիկա երեք ամսվա նպատակ դարձնես հով տեղ գտնելն ու էնտեղ մի քանի վայրկյան, դե կամ էլ ամիս «աչք կպցնելը»: Վերջապես եկավ էն սեզոնը, երբ պիտի օրդ անցկացնես մտածելով, թե ինչ անես հաջորդ օրը: Այ, դրա խնդիրը հիմա ես ընդհանրապես չունեմ: Փոխանակ ամառվա հետ օրս մի քիչ թեթևանար, ինչքան ուժ ուներ՝ ծանրացավ…

Արթնանում եմ 9:30, ավելի ճիշտ, արթնացնում է մաման.

-Դու էսօր տեղ չունե՞ս գնալու:

Ա, մամ, թե ասա՝ վերքերիս վրա աղ մի լցրու, էլի, էն էլ՝ ըստ ճաշակի, ու՝ ըստ քո ճաշակի: Ինչ արած, արթնանում եմ: Ուրեմն՝ սկզբից պիտի շատ արագ անեմ անգլերենի պարապմունքի հանձնարարությունը, որ գնամ պարապմունքի: Դե, մի քանի տեքստ թարգմանել, մի 50-60 հատ էլ վարժություն գրել, մի երկու ժամից կպրծնեմ հաստատ: Վերջացնելուց հետո պիտի նստեմ, գիրք կարդամ ու նոր գտած սերիալիս մի քանի սերիան նայեմ: Այնուհետև՝ փորձ (մարզային երիտասարդական կառնավալի), դրանից անմիջապես հետո կինոդիտում (ի դեպ՝ մեր կազմակերպած), էդ ընթացքում դրսում մի քանի անգամ կսնվեմ: Ըստ հաշվարկներիս՝ ճիշտ ժամանակին կհասնեմ անգլերենի պարապմունքիս: Դրանից էլ պրծնում եմ, և ուրախ-զվարթ գնում տուն: Մութ կլինի արդեն, բայց ոչինչ: Տուն հասնելուն պես հաց կուտեմ, մի քիչ կհանգստանամ, կանեմ անգլերենի մյուս պարապմունքը, որ էդ էլ օնլայն պարապեմ մի աղջկա հետ: Ավելի ճիշտ, ինքը ինձ հետ:

Հիմա պատմեմ, թե ինչպես եմ օրվա բոլոր պլաններս իրագործում: Դե, 9:30 արթնանում եմ, օրս հերթով-կարգով պլանավորում, ու՞, ու մնում պառկած: Էդպես մի ժամ պառկած աննպատակ նայում եմ առաստաղին կամ էլ պատերին, նոր վեր կենում: Իդեալական առավոտ: Վեր եմ կենում, համակարգիչը միացնում ու նստում դիմացը: Դե, դրանով պիտի թարգմանություններ անեմ: Ահա, միացնում եմ յութուբը, մի քսան րոպե երգ ընտրում, հետո միացնում ֆեյսբուքը, որ ավելի լավ թարգմանություն անեմ, էլի, մտնում եմ Google translate, ու սկսում պարապել: Գրեցի առաջին բառը, հետո երկրորդ, մի նախադասություն, երկու, ու մեկ էլ հոպ՝ նամակ եկավ: Ժամը մոտավորապես 1-ն ա: Դե լավ, արագ պատասխանեմ ու շարունակեմ պարապել: Մտնում եմ ֆեյսբուք, շատ արագ պատասխանում նամակին, ու դուրս գալիս էնտեղից: Դուրս գալիս ժամը 1-ին: Բայց դա հեչ, կիսատ-պռատ պարապմունք եմ անում, վազում փորձի: Փորձն էլ գլխառադ ենք անում, վազում կինոդիտման: Ամեն անգամ պլանավորում եմ էնտեղ գոնե մի քիչ նյութ գրել կամ գիրք կարդալ, էն էլ մոռանում եմ ու երկուսուկես ժամ ուղղակի վատնում էն ֆիլմերը նայելու վրա, որոնք արդեն միլիոն անգամ տեսել եմ: Էն, որ ասում էի, է՝ իմ հաշվարկով կհասցնեմ գնալ պարապմունքի, մոռացա ասել. ես հումանիտար եմ: Այնպես որ, պարապմունքից ահագին ուշանում եմ: Տուն եմ գալիս ժամը 7-ին՝ սոված-ծարավ, հյուծված ու հյուսված: Մյուս պարապմունքը պիտի 7:30 կամ 8-ին սկսի: Արագ հաց եմ ուտում, ի դեպ, օրվա մեջ առաջին անգամ, ինչքան հասցնեմ՝ պարապմունք եմ անում, ու մյուս պարապմունքն է սկսվում: Էդ էլ ավարտելուց հետո մարդավարի մտնում եմ ֆեյսբուք:

Հետո էլ ասում են՝ ինչի՞ չես չաղանում: Պառկում եմ ժամը 11-ին, մի քիչ գիրք կարդում, մի երկու ժամ էլ էլի համացանց, ու անհանգիստ քուն:

-Աստղ, արթնացի, էսօր տեղ ունե՞ս գնալու…