Eva Khechoyan

Իսկ աղավնիները մնացին մեր Արծվաշենում…

Իմ զրուցակիցը հայրս է՝ Գրիգոր Խեչոյանը: Հայրս ծնվել է 1975 թվականին: Մանկությունն անցկացրել է Արծվաշեն գյուղում, որը 1992թ. օգոստոսի 8-ին օկուպացվել է ադրբեջանական զորքի կողմից:

-Պապ, գիտեմ, որ մանկությունդ Արծվաշենում ես անցկացրել:

-Հա, տատիս ու պապիս հետ էի ապրում, քաղաք չէի գալիս: Սարգիս պապս գյուղի պահեստապետն էր:

-Գյուղը հիշո՞ւմ ես:

-Բա ոնց… Գյուղը բոլոր կողմերից շրջապատված էր սարերով: Ջրվեժներ ուներ, գետեր, առուներ, անտառներ, արհեստական լիճ…

-Ի՞նչ ես հիշում մանկությունիցդ: 

- Հիշում եմ՝ գնում էինք գետի մոտ, մայկաները հանում, տակից կապում ու դրանցով ձուկ բռնում: Արծվաշենը հարուստ, բերքառատ գյուղ էր: Պատկերացրու մի սար ունեինք,որը ծայրից ծայր պնդուկի ծառերով էր ծածկված: Դե մեր գյուղում պնդուկին «տկողին» էին ասում: Սարի անունն էլ «Տկողնուտ» էր:

-Ձեր տունը հիշո՞ւմ ես:

-Իհա՛րկե: Երկհարկանի սեփական տուն էր: Առաջին հարկում  նկուղներն էին ու խոհանոցը, իսկ երկրորդ հարկում՝ ննջասենյակները: Ես աղավնիներ ունեի: Մեր տան երկրորդ հարկում մեծ պատշգամբ կար, ներքևում էլ գոմն էր: Գոմի տանիքին անցք էի բացել, աղավնիներիս էդտեղ էի պահում: Կանգնում էի մեր տան պատշգամբում ու հետևում նրանց: Շատ լավն էին: Գնում էի, քաղաքից ընտիր-ընտիր աղավնիներ էի տանում գյուղ: Ամբողջ գյուղը «Գրիգորի ղշերից» էր խոսում:

-Գյուղում միայն հայե՞ր էին ապրում:

-Միայն հայեր: Ամբողջ գյուղը հայերով էր բնակեցված:

-Ի՞նչ տեսակ մարդիկ էին արծվաշենցիները:

-Աշխատասեր, բոլորն անխտիր շատ աշխատասեր մարդիկ էին: Հետո հումորասեր էին: Չկար գյուղում մի քար կամ թուփ, որ չունենար իր անունը. արծվաշենցիները ամեն ինչի համար անուն էին գտնում:

-Ե՞րբ հանձնեցիք գյուղը:

-1992 թվի օգոստոսի 8-ին մեր Արծվաշենը շրջափակման մեջ էր: Ես Ճամբարակում էի, սպասում էի, որ պապս դուրս գար գյուղից: Դե ով ոնց հասցրեց, դուրս պրծավ: Տուն-ունեցվածք, ամեն ինչ թողեցին ու լքեցին գյուղը, շատերն էլ չհասցրին, գյուղում սպանվեցին: Մեծ էր զոհերի թիվը…

- Իսկ ու՞ր տեղափոխվեցին արծվաշենցիները:

-Հիմնականում Ճամբարակ և դրան հարակից շրջանները, ու հիմա մեծ մասն անասնապահությամբ է զբաղվում: Ափսոս էր մեր գյուղը… Շատ ափսոս…

Մինչև հիմա ինձ հանդիպելիս իմ համագյուղացի արծվաշենցիները հարցնում են. «Գրիգո՞ր, էլ ղուշ չե՞ս պահում»… Բայց Արծվաշենն արդեն հանձնել ենք, իսկ իմ ղշերը մնացին մեր Արծվաշենում…