Gohar Petrosyan

Իսկ դու քեզ ուղարկե՞լ ես գրողի ծոցը

Մենք հաճախ ենք մոռանում մեր ով լինելու մասին: Մենք հաճախ ենք հիասթափվում, որովհետև ունենք սպասելիքներ, բայց չկան դրանք արդարացնողներ: Մենք մոռանում ենք հիշել նրանց, ովքեր հեռանալուց խնդրել էին չմոռանալ իրենց։ Գուցե դա չասեին, և չմոռանայինք հենց դրա համար: Մենք սիրում ենք սիրահարվել անպատասխան, ոչ մի բառ չասել դրա մասին և տրվել միայն երազներում: Բայց երբ անպատասխան չենք, կորցնում ենք հավեսը, ցանկությունը, մոռանում երազների մասին, համարում ևս մեկին պարտված ու դառնում հաղթող: Մենք լռում ենք, երբ պետք է խոսել, և խոսում ենք շատ, երբ դրա կարիքն այլևս չի լինում. կորցնելուց հետո գնահատելն ու փորձել hետ բերելն անմտություն է: Մենք միշտ ենք կորցնում:

Ահա՛, թե ինչու ենք մոռանում մեր ով լինելու մասին:

Երբևէ մտածե՞լ ես, թե ով ես դու։ Մարդկանց կարծիքը քեզ փաթաթելն ու ապրելը մի՞թե այդքան հաճելի է: Ու դու քննադատո՞ւմ ես ինձ իմ՝ բոլորի վրա թքած ունենալու մտքի համար: Լավ, շարունակիր ապրել այդպես, քանզի կարևորում ես դիմացինիդ ու մոռանում էությանդ, տեսակիդ մասին, ինքդ քեզ գրողի ծոցն ես ուղարկում: Իսկ երբևէ հարցրե՞լ ես դիմացինիդ, թե ով ես իր համար։ Երևի միայն նրանց, ովքեր սիրում են քեզ։ Իսկ երբևէ քեզ չի՞ հետաքրքրել, թե դու ով ես երկրորդական ու տասնորդական մարդկանց համար, որոնց կարծիքն էլ այդքան կարևորում ես։ Գուցե հիասթափվես բոլորից և նույնիսկ ինքդ քեզնից, բայց լավ է լինես ոչինչ, քան այն, ինչ կաս իրենց համար։ Շենքի հարևանների համար ոտքից գլուխ քննարկման, զննման առարկա ես, սերիալները վերջացնում, անցնում են քեզ։ Ավտոբուսի վարորդի համար հարյուր դրամանոց ես, կամ երկու հատ հիսունանոց, վատագույն դեպքում՝ չորս հատ քսանանոց ու երկու հատ տասանոց, ավելի վատի մասին չխորանամ… Համալսարանիդ համար պոտենցիալ քամվող դրամապանակ ես. կքամի ու դեմքիդ թղթի կտոր կշպրտի։ Խանութում քայլող փող ես, հերիք է, որ վաճառողի աչքով անցնես։ Կկանգնի շնչիդ, մինչև մի բան չգնես։ Ինչ-որ տականքի համար ժամանակ անցկացնելու, հաճույք բավարարելու կամ լավագույն դեպքում ինչ-որ մեկին մոռացնել տալու «ապրանք ես»: Պաշտածդ Աստծո համար իրեն հնարող ու ապրեցնող մեկն ես, որ մեղքերի թողության համար վերջի կոպեկն էլ Տեր Հորը կտա (դե, Տեր Հայրն էլ դա երկրորդ «բենթլիի» գումարի վրա կավելացնի), բայց դրսում թափառող ու գումար մուրող որբին մի կոպեկ էլ չես տա: Ծնողներիդ համար մշտապես երեխա ես՝ սեփական կամքից ու ցանկություններից զուրկ: Բարեկամներիդ համար արդեն վաղուց տունը մնացած, անհույս ու «հաստատ մի բան արած» մեկն ես: Տարեկիցներիդ համար թաշկինակի պես զուգընկեր փոխող ես, թքած, որ ինչ-որ մեկի ձեռքը բռնած չկաս: Քո նմանների համար էլ կարծիք թելադրող ես, իրենք էլ քո կարծիքով ապրող: Շարունակե՞մ, թե բավական է:
Դու ոչնչություն ես… Ու դեռ ուզում ես ինձ ողջ-ողջ այրե՞լ քո և մնացածի կարծիքի վրա թքած ունենալու համար: Գուցե ես էլ եմ հիասթափվում, որովհետև ունեմ սպասելիքներ, բայց չկան դրանք արդարացնողներ, ես էլ եմ մոռանում հիշել նրան, ով հեռանալուց խնդրել էր չմոռանալ իրեն: Գուցե ես էլ եմ սիրահարվում անպատասխան, ոչ մի բառ չեմ ասում դրա մասին և տրվում միայն երազներում: Ես էլ եմ լռում, երբ պետք է խոսեմ և խոսում եմ շատ, երբ դրա կարիքն այլևս չի լինում: Ես էլ եմ կորցնում: Բայց ես երբեք չեմ մոռանում իմ ով լինելու մասին: