mariam tonoyan

Իսկ մենք ի՞նչ կարող ենք

Մի մարդու գլուխը սաստիկ քոր է գալիս, գանգատվում է ընկերոջը.

-Էնպե՜ս է գլուխս քոր գալիս, կարծես գլխիս կաշին պոկ գա։

Ընկերը նայում է նրա գլուխը ու ասում.

-Գլխիդ ոջիլ կա։

-Գիտեմ,-անտարբերությամբ ձեռքը թափ տալով՝ ասում է մարդը։

Նրանց հաջորդ հանդիպման ժամանակ ընկերը հարցնում է.

-Առողջությունդ ո՞նց է։

-Լավ է, համա թե` գլխիս քորը չի անցնում,  քանի գնում ավելի ուժեղ է քոր գալիս։

Ընկերը որոշում է հիշեցնել.

-Գլխիդ ոջիլ կա։

-Գիտեմ,- դարձյալ անտարբեր ձեռքը թափ է տալիս մարդը։

Երբ հաջորդ հանդիպման ժամանակ մարդը կրկին բողոքում է գլխի քորից, ընկերը ծաղրով պատասխանում է.

-Մինչև գլխիդ ոջիլը չհեռացնես, քորը չի անցնի։

-Է՜, դե գիտեմ,- անմտաբար պատասխանում է մարդը։

Առակն ի՞նչ կցուցանե։ Յուրաքանչյուրիս մեջ ապրում են միլիոնավոր ոջիլներ տարբեր անուններով՝ «խարդախություն», «կեղծիք», «չարաշահում» և այլն։ Եվ երբ մենք գիտենք այդ ոջիլների մասին և չենք մտածում վերացնել դրանք, նշանակում է` նրանք շարունակելու են զարգանալ մեր մեջ, հոշոտել մեր խիղճը՝ զգալով մեր վերահսկողության պակասը կամ բացակայությունը։

Խոսքս ավելի հասկանալի դարձնելու համար ուզում եմ օրինակս ուղղել կոնկրետ ոլորտի վրա։ Յուրաքանչյուր համայնքում կգտնվեն մարդիկ, ովքեր կդժգոհեն համայնքի վիճակից, խնդիրներից, համայնքապետարանի աշխատանքից, գործազրկությունից, նրանցից շատերը հաստատաբար կասեն, որ խնդիրը ոչ թե իրենց, այլ համայնքի բյուջեն տնօրինողների մեջ է, մի մասը կպնդի, որ պետք է վերահսկել համայնքապետարանի աշխատանքը և արձանագրել թերություններն ու օրինախախտումները, բայց նրանցից քանի՞ տոկոսը կմտածի, որ այդ խնդիրները պետք է անհապաղ ոչնչացնել այն ոջիլների նման, որոնք անհարմարություն են պատճառում մարդուն։

Իրականում խնդիրներ տեսնելը հեշտ է, բայց երբ մտածում ես թերությունն ուղղելու մասին, չգիտես ինչու, դու քեզ այդ գործի մեջ փոքր մարդ ես զգում ու հետ ես կանգնում գաղափարիցդ։

Հայաստանում տարբեր կազմակերպություններ, այդ թվում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, իր գործունեության մեջ կարևորում են երիտասարդների շրջանում հղկելու պահանջատիրության գաղափարը, կոփելու այնպիսի հասարակություն, որն ունակ կլինի տնօրինել իր իսկ միջոցներով ձևավորված համայնքային բյուջեն։ Արդեն կես տարի Հայաստանի բոլոր մարզերի քաղլրագրողները վերահսկում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, ուշադրություն դարձնում թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, ներկա գտնվում ավագանու նիստերին, հանրային լսումներին և այդ ամենի մասին գրված հոդվածների միջոցով իրազեկում հանրությանը։ Ծրագրի ավարտին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի քաղլրագրողները այցելեցին Գյումրու քաղաքապետարան, ծանոթացան Գյումրու ավագանու գործունեությանը և զեկույցներ ներկայացրեցին իրենց համայնքների ՏԻՄ գործունեության վերահսկողության արդյունքներից։ Ներկայացվեցին ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային թերությունների, այլև դրական աճերի մասին։

Հայաստանում Սահմանադրության ընդունումից հետո հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվել է նաև տեղական ինքնակառավարման համակարգը։ Տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ համայնքի ղեկավարը, ավագանին, որոնք ընտրվում են 5 տարի ժամկետով։ Մեր երկրում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը:

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ

1. Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել ավագանու նիստերին։ Ավագանու նիստերը բաց են (քվեարկության միջոցով կարող են նաև փակ նիստ գումարել), և բոլոր որոշումները հրապարակվում են։

2. Ավագանու հերթական նիստերից առաջ՝ 7 օր շարունակ համայնքապետարանը պարտավոր է իրազեկել հանրությանը համացանցում, համայնքի պաշտոնական կայքում հայտարարության, ցուցանակների, ավագանու նստավայրում փակցված ծանուցման միջոցով։

3. Ավագանու լիազորությունների մեջ մտնում է հանրային մասնակցության կարգեր հաստատելը, այսինքն՝ համայնքապետին կից խորհրդակցական մարմնի ստեղծում, հանրային լսումների անցկացման կարգի հաստատում և քաղաքացիների ստորագրությամբ ավագանու որոշումների նախագծերի ներմուծում՝ ավագանու օրակարգ (մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքներում 16-ից բարձր տարիքի անձանց 4%-ի, 1001-10000 բնակչությամբ համայնքներում 2%-ի, իսկ 10001-ից ավելի բնակչությամբ համայնքներում 1%-ի ստորագրություններով):

Սա նշանակում է, որ բնակիչն իրավունք ունի իրեն հուզող հարցերով դիմել քաղաքապետին և առաջարկել ներմուծել ավագանու նիստի օրակարգ, մերժում ստանալու դեպքում, եթե խնդիրը հուզում է ոչ միայն իրեն, այլև ուրիշ բնակիչների, կարելի է ստորագրահավաքի միջոցով հարցը մտցնել օրակարգ։

Գուցե ընթերցողը չի՞ գիտակցում վերահսկողության ու պահանջատիրության կարևորությունը։ Այդ դեպքում ես հիշեցնում եմ, որ համայնքի բյուջեն ձևավորվում է ձեր գրպանի գումարներով և ավելացնում. «Եթե թույլ ես տալիս, որ թամբ դնեն մեջքիդ, համոզված եղիր, որ շուտով հեծնելու են»։