anush hovhannisyan

Իրադարձությունների էպիկենտրոնում

«Տրվում է պատմաիրավագիտական հոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Հովհաննիսյանին՝ դպրոցական կյանքը վառ ու գունավոր լուսաբանելու համար»: Ծափահարություններ, ու ես հաղորդավարի կողքին էի արդեն, ֆոտոխցիկը ձեռքիս, ժպիտը՝ դեմքիս:

Ավարտեցի 11-րդ դասարանը, ու հոպ-լյա, շնորհակալագիր դպրոցիս կողմից: Իրոք, անսպասելի էր: Գնահատված լինելը ամենահավես բաներից մեկն է: Հասկանում ես, որ այն, ինչ դու ես անում, իզուր չի, գնահատվում է, և ուզում ես անընդհատ ակտիվ լինել, նկարել, գրել, պատմել ամեն ինչ:

Երբ բոլորը արդեն դուրս էին գալիս, ուսուցիչներից մեկը մոտեցավ ու ծիծաղելով ասաց.

-Շնորհավոր, Գագիկ Շամշյան:

Բոլորը սկսել են նման կերպ դիմել ինձ: Դե, երևի կապված է վերջին դեպքերի հետ, երբ ցուցարարների ամեն քայլը նկարում ու լուսաբանում էի:

Ապագա լրագրողի համար, հավատացեք, շատ կարևոր է անգամ «Շամշյան» անվանվելը, քանի որ քեզ սկսում են ճանաչել ու համակերպվում լրագրողի մասնագիտությանդ հետ, հասկանում, որ իրենց պատկերացրած լրագրողը, որը միայն պատգամավորներին է հարցեր տալիս, կարող է մի օր հենց իրենց հետ հարցազրույց անցկացնել: Սկսում են հետաքրքրվել լրագրությամբ, իսկ ես ոգևորված պատմում եմ ամեն մանրամասն: Համ էլ, գիտե՞ք, ինչն եմ ամենաշատը սիրում, որ ինչ իրադարձություն լինում է, դու կենտրոնում ես, հետաքրքրվում, պարզում ես ամեն մի մանրուք:

Վերջերս շատերն են ինձ հարցնում «Մանանա»-ի ու «17.am»-ի մասին, իսկ ես սիրով բացատրում եմ, օգնում ամեն հարցում, իսկ վերջում նրանք նույնպես միանում են մեզ` թղթակիցներիս:

Գիտեք, կարծում եմ, որ դա էլ մի ձեռքբերում է, որն այս տարի ունեցել եմ: