Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Հայաստանում Հայաստանից կամ ամերիկացիների արկածները ՀՀ-ում

Մի բուռ Հայաստան ենք, կես բուռ ժողովրդով ապրում ենք էս տարածքում, բայց մի Ռուսաստանի չափ նպատակներ ու ձգտումներ ունի ամեն մեկս։ Մենք բոլորով էլ ուզում ենք հիասքանչ կրթություն ստանալ արտասահմանում, ինչից հետո մեզ կառաջարկեն մշտական աշխատանքի մնալ էդտեղ։ Մի մասը ուղղակի կհրաժարվի, որ գա մեր հողը շենացնի, մի քանիսը երկու տարի հազիվ ձգեն, հետո փախչելով հետ գան։ Մնացածն էլ հենց դրան էին սպասում, որ էլ կյանքում չվերադառնան։

Բայց էս մի բուռ Հայաստանը, դու մի ասա, ուրիշների համար էդ ի՜նչ գրավիչ ա, էլ սուս։

Օրինակ՝ էս «գիժ» ամերիկացիները քնում են, զարթնում ու անհայտ մի ծրագրով գալիս են Հայաստան, որ տարիներով կամ, ով գիտի, մշտական բնակություն հաստատեն իմ ու քո պապերի հողում։ Լավ, հլը Հայաստան գային, Երևանի կենտրոնում ճոխ բնակարան վարձեին՝ կհասկանայի, բայց չէ։ Սրանք ինչ-որ ձևով հաջողացնում են ոչ ավել, ոչ պակաս Գավառ էլ գալ (կամ ոնց տեղացիները սիրելով ասում են՝ Քյավառ)։

Քյավառի համեստ անկյուններից մեկում մի կորած շենք է վեր խոյանում։ Ու լեգենդներ են պտտվում, որ էդ շենքում ամերիկացիներ են բնակվում։ Լուսաբացին իրենք դուրս են գալիս շենքի երկաթյա դռներից, հեծնում են իրենց երկաթե նժույգները (հեծանիվ են քշում, ուրիշ բան չմտածեք) ու սլանում են անհայտ ուղղությամբ։ Իսկ երեկոյան արևի վերջին շողերի հետ նրանք վերադառնում են իրենց կացարանը, մետաղե ձիերին «ախոռում» անկյուն են կանգնեցնում, որ չեն կարողացել պատվով հաղթահարել Քյավառի բազմամյա «լադոկները» (փոսերը)։ Հետո իրենք էլ գնում են մարդա իր սենյակ ու օրվա հացը վայելում։ Ամեն ինչը ամերիկյան լավագույն ֆիլմերի ավանդույթներով։

Բայց էս լեգենդն ավելի իրական է, քան, օրինակ, Բիգֆութի մասին հորինած պատմությունները։ Հա, հա, ես իմ աչքերով եմ տեսել, թե ոնց էին այր ու կին՝ մի մարմին, իջնում «երրորդ մասի» ճանապարհով (մենք էլ ունենք տենց բաներ)։ Էնքան էլ վստահ չեմ, որ հենց ամերիկացի էին, հեծանիվի գույնից ու «պեդալները» պտտելու արագությունից դժվարանում եմ ազգությունը կռահել, բայց դե, լեգենդին լրիվ համապատասխան էին։ Մի խոսքով՝ էս մարդիկ իրենց փոքրիկ աշխարհն ունեն արդեն մեր առանց էդ էլ փոքրիկ Քյավառում։ Իրենք գործի են գնում, չգիտեմ էլ՝ ինչ են աշխատում, ոնց որ թե անգլերենի հետ լավ չի տեղի ժողովուրդը։ Բայց փաստ, որ մի բանով զբաղվում են, չէ՞, մեր Քյավառում։

Այ, ինչի՞ պիտի ամերիկացին իմ հողում գործ գտնի, ոտքով-ձեռքով ավելի լավ շփվի տեղացիների հետ, իսկ ես կամ իմ պես մեկը՝ չէ։ Ենթադրում եմ, որ գոհ են իրենց կյանքից, թե չէ՝ չէին մնա, կփախչեին։ Իսկ որ իրենք գալիս են, ուրեմն մի բան կա, չէ՞, էս փոքր հողի վրա։ Ուրեմն արժի, չէ՞, որ մենք էլ մնանք, փորձենք էդ մի բանը գտնել ու ուրախանալ դրանով։

Հայաստանում մնալով՝ մտովի գնում ենք Հայաստանից։ Մենք գնում ենք, բայց ուրիշներն էլ գալիս են, ախր։ Գալիս են էդ բանի հետևից, որ մենք չենք տեսնում։ Ուզածս մի բան ա, էդ մի բանը։