diana karapetyan

Սևան մեդիա ճամբար. Ի հեճուկս եղանակի

Ժամը 4-ին արթնանալուց ու ձախողված ֆիլմի մտածմունքներից հետո մի կերպ այսուայն կողմ թեքվելով քնեցի:

Առավոտ: Ուռած աչքեր, գզգզված մազեր ու մրսած ձեռքեր:
-Ինչո՞ւ եմ այսքան մրսում:
-Վայ, Դիանա, էս զարթնե՞լ ես:
-Չէ, մամ,- քնկոտ ձայնով ասացի ես, և վերմակը քաշելով գլխիս, ձևացրեցի, թե քնած եմ:
-Աչքիս` էսօր չգնաք դասընթացի, ձյուն ա եկել,-ասաց մայրիկս:
-Ո՞նց թե` ձյուն ա եկել,- տեղիցս վեր թռնելով ասացի ես,- հեռախոսս ո՞ւր ա, հեռախոսս, հեռախոսս…
Վերցնելով հեռախոսը, զանգեցի ընկերուհուս` Զարուհուն, ու նա ասաց, որ երևի չկարողանանք գնալ, ձյունը փակել է ճանապարհները: Տխրեցի:
Ախր, ինչո՞ւ չպիտի գնամ, ձյունն էլ ժամանակ գտավ գալու: Ու ցավալին այն է, որ բոլորը գիտեին, որ եղանակը փոխվելու է, բայց ոչ մի նախապատրաստական աշխատանք չէին արել: Ճանապարհները չէին մաքրել, դրան արդեն սովորել ենք…
Հիմա, որ չգնանք, ամբողջ օր տանը ի՞նչ եմ անելու: Հակառակի նման տանն էլ շատ ցուրտ է, առատ ձյան պատճառով էլեկտրական լարերն էլ պոկվել են, լույսերն են կտրել, ու այսքանից հետո, համ էլ տրամադրություն չունեմ:

Փոքր եղբայրս էլ գնում-գալիս նյարդերիս հետ է խաղում: Ձմեռ, ես ատում եմ քեզ:
-Վերջ ,ես ձմեռային քուն եմ մտնում, Արամե, ինձ գարնանը կարթնացնես,-ասացի ես եղբորս ու տխուր տրամադրությամբ պառկեցի, վերմակը քաշեցի գլխիս ու, իբր քնում էի, բայց իրականում մտքիս մեջ էին ճամբարը, ընկերներիս և դասավանդողների ծիծաղն ու կատակները…
Նոր էի քնել, մեկ էլ Զարուհին զանգեց.
-Դիանա, մի ժամից գնում ենք, պատրաստ եղիր:
-Ջա՜ն, ջան, ջան…
Արագ-արագ վեր կացա, անգամ հաց չկերա, հագնվեցի, պատրաստվեցի ու… Ու ձմեռային այս եղանակին խեթ հայացք գցելով շուրջս, նստեցի մեքենան: